«Հայաստանում, որտեղ ժայռ կա, այնտեղ մենք կանք». ժայռամագլցման մրցարշավի վերածնունդը Հայաստանում

50 տարվա դադարից հետո Հայաստանում կրկին անցկացվեց ժայռամագլցման դահլիճային մրցաշար, որը դարձավ վերածնունդը ժայռամագլցման նախկին ավանդույթների:
Մայիսի 25-ին «GRAND Sport» մարզահամալիրի դահլիճում հավաքվել էին ժայռամագլցման մի խումբ սիրահարներ դիտելու վերջին 50-ամյակում առաջին անգամ կազմակերպվող մրցաշարը, որին մասնակցում էին 11 տղա եւ 7 աղջիկ:

Մրցաշարը, որը կազմակերպել էր Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիան, անցկացվեց երկու փուլով՝ 9 մետր բարձրությամբ պատի վրա ըստ արագության եւ տեխնիկական բարդության հիմքով:

22-ամյա Լեւոն Մովսիսյանը, ով դարձավ առաջին տեղի հաղթող եւ արագության, եւ տեխնիկական բարդության մրցաձեւում, արդեն 6 տարի է, ինչ զբաղվում է լեռնագնացությամբ եւ ժայռամագլցմամբ:

«Այս մրցույթը կարեւոր նշանակություն ունի այն առումով, որ մասնակցելով ավելի շատ փորձ ես ձեռք բերում, իսկ միջազգային մրցումներին ավելի հանգիստ ու վստահ կարող ես մասնակցել»,- ասում է Մովսիսյանը:

Նա ավարտել է Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի փրկարարության բաժինը, դասավանդում է ալպինիզմի ու լեռնային տուրիզմի ֆեդերացիայում եւ լեռնագնացությունն ու ժայռամագլցումը համարում է եւ մասնագիտություն, եւ սիրելի սպորտաձեւ:

«Հայաստանում, որտեղ ժայռ կա, այնտեղ մենք կանք: Ժայռամագլցման մեջ շատ կարեւոր է բարձր ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածություն, չլարվելը, հոգեպես պատրաստվածությունը նույնպես մեծ նշանակություն ունի»,- ասում է Լեւոնը ու հավելում, որ ավելի լավ է երիտասարդները զբաղվեն սպորտով, քան ծխեն կամ խմեն:

Համարելով ամենալուրջ եւ վտագավոր սպորտաձեվերից մեկը՝ նա հայաստանցի ժայռամագլցողների հետ մասնակցել է մի շարք միջազգային վերելքների՝ Իրանում Դամավենդի լեռնագագաթը (5671 մետր բարձրություն), Վրաստանում Կազբեկի (5033 մետր) գագաթը:

«Այս տարի պատրաստվում ենք բարձրանալ նաեւ Էլբրուս՝ Եվրոպայի ամենաբարձր գագաթը (5642 մետր): Իսկ ժայռամագլցմամբ Հայաստանում շատ ենք գնում մարզումների Նորավանք, Արզնի, Դավիթաշեն, որտեղ շատ վտանգավոր ժայռեր կան»:

30-ամյա Հասմիկ Մանանդյանը, ով ժայռամագլցման մրցարշավում առաջին տեղի հաղթող ճանաչվեց աղջիկների մեջ եւ արագության, եւ տեխնիկական բարդության մրցաձեվում, նույնպես Հայաստանի ալպինիզմի եւ լեռնայի տուրիզմի ֆեդերացիայի անդամ է եւ արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում է ժայռամագլցմամբ:

«Շատ ողջունում եմ, որ աղջիկները զբաղվում են ժայռամագլցմամբ. նախ առաջինը դա կարծրատիպերի կոտրում է, ո՞վ է ասել, որ աղջիկները թույլ են կամ չպիտի մագլցեն ժայռեր ու բարձրանան սարեր: Շատ ողջունելի է, որ նույն բարձրությունը հաղթահարում է եւ աղջիկը, եւ տղան»,- պատասխանում է Մանանդյանը:

Նա կարծում է, որ ամեն տարի մրցումների պարբերաբար անցակացումը մոտիվացիա կհանդիսանա ոչ միայն ժայռամագլցմամբ զբաղվողների, այեւ նրաց համար, ովքեր հետաքրքրվում են, սիրում են, բայց չգիտեն ում կարող են դիմել:

«Ժայռամագլցումը համեմատած լեռնագնացության հետ շատ ավելի լուրջ վտանգներ ունի ու պահանջում է լուրջ տեխնիկական գիտելիքներ, անվտանգության կանոնների իմացություն: Ժայռամագլցմամբ զբաղվելով ես վերջնականպես համոզվել եմ, որ անհնարին ոչինչ չկա եւ ցանկացած բան հասանելի է»,- հավելում է Մանանդյանը:

Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը նշում է, այս մրցարշավը հիմք կհանդիսանա, որպեսզի աշնանը Նորավանքում արդեն բնական ժայռերի վրա կազմակերպվի բաց առաջնություն:

«Իսկ ամռանը 4-5 հոգուց կազմված հայ ժայռամագլցողների թիմը կմասնակցի միջազգային վարկանիշ ունեցող մրցարշավների»:

86-ամյա սպորտի չեմպիոն Աղվան Չատինյանը նշում է, որ այս սպորտաձեը ունենալով նաեւ կիրառական նշանակություն, 1940- 60-ականներին մեծ զարգացում է ապրել Հայստանում, որից հետո դադարեց ու մրցարշավներ էլ սկսեցին չկազմակերպվել:

Ըստ նրա՝ այժմ նորից մեծ հետաքրքություն ու ցանկություն կա երիտասարդների մոտ զբաղվելու այս սպորտաձեւով.

«Մենք լեռնային պետություն ենք եւ մեր տարածքի մեծ մասը ժայռոտ տեղեր են: Բանակի մարտական գործողությունների ժամանակ մարտեր են գնում, իսկ սա նախապատրաստական աշխատանք է երիտասարդ զինակոչիկների համար, որոնք կարող են որոշակի պատրաստվածություն ձեռք բերել: Այն զարգացնում է ֆիզիկական ուժ, արագություն, համարձակություն եւ դիմացկունություն»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

© Medialab.am