«Լայնամասշտաբի ու գունագեղի» փոխարեն պետք էր գումարներն ուղղել պատերազմի զոհերի ընտանիքների ու տուժածների օգնությանը. Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, երեկվանից շարունակվում են քննարկումներն ու քննադատությունները՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «լայնամասշտաբ ու գունագեղ» տոնակատարության վերաբերյալ կայացրած կառավարության որոշման կապակցությամբ: Ինչ եք կարծում, պե՞տք էր նշել Անկախության 30-ամյակը, ու արդարացվա՞ծ են մարդկանց դժգոհությունները:

– Գունագեղ ու լայնամասշտաբ հաստատ պետք չէ նշել, իմ պատկերացմամբ՝ դրա փոխարեն, այդ տոնի առթիվ, պետք էր լուրջ ծրագրեր անել, այդ թվում՝ բարեգործական, ընդ որում՝ բարեգործների ներգրավմամբ, ու այդ գումարներն ուղղել պատերազմի զոհերի ընտանիքների ու տուժածների օգնությանը:

Դա, իսկապես, և՛ իմաստ կունենար, և՛ կհամապատասխաներ Հայաստանի այսօրվա վիճակին: Այսինքն՝ Անկախության տոնն ընդհանրապես անտեսել, բնականաբար, պետք չէր, բայց այն ձևը, որով իշխանությունները պատրաստվում են անել՝ բացարձակապես անընդունելի է:

Մարդկանց դժգոհությունները, իհարկե, արդարացված են: Սա կուտակված դժգոհություն է, որը հիմա արտահայտվում է, որովհետև մենք տեսանք Ազգային ժողովի նախագահի, պատգամավորի կադրերը Հունաստանում, այդ անզուսպ ուրախությունը, այսինքն՝ տպավորություն է, որ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ փորձանք են բերել Հայաստանի գլխին, շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների առթիվ հասարակության դժգոհությունը ամիսներով կուտակված դժգոհության արդյունք է նաև:

– Երբ ասում եք, որ կա կուտակված դժգոհություն մարդկանց մեջ, սեպտեմբերի 21-ին հրապարակում մարդիկ չե՞ն հավաքվելու:

 -Կարծում եմ, որ իշխանությունները, վարչական ռեսուրս կիրառելով, մարզերից ավտոբուսներով բերելու են մարդկանց՝ փորձելով դա ներկայացնել որպես ապացույց, որ, այո՛, հասարակությունն իրենց նկատմամբ դեռևս մեծ վստահություն ունի: Այսինքն՝ իշխանությունները փորձելու են ներկայացնել այդ միջոցառումը որպես իրենց քաղաքական բարձր վարկանիշի ապացույց, ու դրա համար, վստահ եմ, վարչական ռեսուրսների կիրառմամբ բավականաչափ մարդ կկուտակեն այդտեղ:

– Այսինքն՝ կարծում եք, որ այդ միջոցառման նպատակներից մեկն էլ այն է, որ կրկին ապացուցեն, թե իրենք ունեն հանրային աջակցությո՞ւն, պարո՛ն Բաղդասարյան:

– Կարծում եմ՝ դա հիմնական նպատակն է:

– Կարծիքներ կան, որ արտաքին աշխարհին պետք է ցույց տալ, թե պատերազմից հետո կոտրված չենք, շարունակում ենք ապրել, ու նմանատիպ միջոցառումները պետք են: Ինչ եք կարծում, նմանատիպ հայտարարությունները, միջոցառումները արտաքին աշխարհում ինչպե՞ս են ընկալվում:

– Նրանք առնվազն տարակուսանքով կնայեն, չեն հասկանա, թե ինչ է կատարվում, ինչպե՞ս կարող է կործանիչ պարտության հասցրած իշխանությունն այդպիսի տոնախմբություն կատարել: Էլի պետք է աշխարհին ցույց տալ, որ կոտրված չենք, որ կյանքը շարունակվում է, բայց դրա համար այլ ձևեր կան, իսկ տոնախմբությունը լավագույն ձևը չէ:

– Պարո՛ն Բաղդասարյան, խոսեցիք խորհրդարանի նախագահի և իշխանական պատգամավորի մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, ըստ ձեզ՝ ինչո՞ւ են իրենց նման կերպ պահում, գիտակցվա՞ծ պահվածք է, թե՞ ոչ:

– Դա բացատրվում է պետական կառավարման նկատմամբ նրանց անպատասխանատու վերաբերմունքով, հետևաբար այնպես են անում, որ իրենք մանդատ են ստացել ու ինչ ուզեն՝ կանեն, թքած ունեն կորուստների, զոհերի վրա: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն այդ ամենի հետ համաձայն չէ, շատ պարզ քայլ պետք է անի՝ պետք է խստորեն պատժի, պաշտոնից հեռացնի, օրինակ՝ Ալեն Սիմոնյանին:

Դրանով հասարակությունն ազդակ կստանա, որ իրականում այս իշխանությունները լուրջ են ու գնահատում են իրավիճակի ծանրությունը, հակառակ դեպքում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լավ էլ կողմ է դրան, եթե ինքն էլ հնարավորություն ունենար, որևէ հունական կղզում այդպիսի վայելքների մեջ կլիներ:

– Ընդդիմադիրները հիմնականում շեշտում են, թե Նիկոլ Փաշինյանը անկախությունը չի թողել, էլ սեպտեմբերի 21-ին ի՞նչն է նշում: Համակարծի՞ք եք, որ Հայաստանը, իսկապես, կորցրել է անկախությունը:

– Ո՛չ, Հայաստանն անկախությունից չի զրկվել, անկախությունը, կարելի է ասել, միակ բանն է, որ մնացել է մեզ: Այո՛, ցավոք, ինքնիշխանության մակարդակը զգալիորեն նվազել է, բայց մենք ՄԱԿ-ի կողմից ճանաչված անկախ պետություն ենք, և մենք պետք է անպայման այդ շեշտադրումն անենք, փորձենք առավելագույնս օգտագործել դա ու մեծացնել մեր ինքնիշխանության մակարդակը, որքան հնարավոր է:

– Պատերազմում զոհվածների ծնողները կառավարությանը խոստանում են, որ եթե վերջինս չհրաժարվի այդ որոշումից, իրենք խանգարելու են այդ տոնակատարության իրականացմանը: Իշխանությունը հետ կկանգնի՞ իր որոշումից, ինչ եք կարծում:

– Նորմալ, պատասխանատու կառավարությունն անպայման ուշադրություն կդարձներ այդ կարծիքին ու կառաջնորդվեր դրանով, ցավոք սրտի, չեմ կարծում, թե այս իշխանությունները դա հաշվի կառնեն: Նրանք իրենց քաղաքական նպատակներն ավելի կգերադասեն ու կգնան այդ միջոցառմանը՝ արհամարհելով զոհերի, վիրավորների հարազատների պահանջը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am