Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում լարված է. Ռոմելլա Աբովյան

Թեև Հայաստանում կորոնավիրուսային վիճակագրությունը ցույց է տալիս, որ կա դեպքերի նվազում, սակայն իրավիճակը դեռ լարված է:

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա պարզաբանել է, որ հիմա առկա իրավիճակը չեն կարող գնահատել եղած տվյալներով, որովհետև թեստավորում գրեթե չի իրականացվում, քանի որ երբ ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս, մյուս անդամներն էլ, ունենալով գանգատներ, չեն դիմում թեստավորման:

Նա նաև հայտնել է, որ ամբողջ աշխարհում նույնպես լարված իրավիճակ է, ինչը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով, որն էլ իր հերթին ունի 3 ենթատեսակ։ Մասնագետը տեղեկացրել է, որ Հայաստանում այսօր հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը, և սեկվենավորման արդյունքում ընտրանքային նմուշներից անջատվել է նաև «BA.2» ենթատեսակը։

«Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության ցուցանիշը բարձր է, և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է»,– ասել է Աբովյանը։

Իսկ ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել է պատվաստումային գործընթացին: Նա ներկայացրել է վիճակագրություն, որը փաստում է, որ վարակվածների գերակշիռ մասը պատվաստված չեն: