Իշխանությունները գնալով ավելի ցավագին են ընդունում իրենց հասցեին քննադատությունը. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, վերջին ժամանակներում իշխանության ու իշխանամերձ շրջանակների կողմից թիրախավորվել է «Ազատություն» ռադիոկայանը: Ինչպե՞ս եք գնահատում սա, ինչո՞ւ է իշխանությունն ընտրել այս ճանապարհը:

– Առհասարակ, այն աղմուկը, որը բարձրացել է «Ազատություն» ռադիոկայանի շուրջ, կարծես փոթորիկ լինի մի փոքր բաժակ ջրում, լուրջ առիթներ էլ չկան դրա համար, բայց այդ աղմուկն արհեստականորեն ուժեղանում է, ալիքը բարձրանում է: Իհարկե, նկատելի է, որ իշխանությունները, ընդ որում՝ շատ տարբեր մակարդակներով, դժգոհում են լրատվամիջոցի գործունեությունից, ու ես համարում եմ, որ դրա համար լուրջ պատճառներ չկան: 

Եթե խոսենք կոնկրետ վեճի մասին, որը սկիզբ առավ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառումից հետո, ապա պետք է ասել, որ այստեղ լուրջ պատճառ չկա: Հարությունյանն ասում է, թե ինքն այդ գրառումները կատարել է ավելի վաղ, քան քաղաքում եղել են այդ տեղումներն ու տրանսպորտային կոլապսը, բայց լրատվամիջոցն իր ժամանակագրությամբ ցույց է տվել, որ Արայիկ Հարությունյանն իր գրառումն արել է ավելի ուշ, երբ լրատվամիջոցի լրագրողը տիրող իրավիճակի մասին հաղորդել է խմբագրություն: 

Այս առումով, բնականաբար, լրատվամիջոցը կարող էր ենթադրել, որ եթե իրենք տեսնում են ու գիտեն, թե ինչ ահավոր վիճակ է երևանյան փողոցներում, ապա իշխանությունները պետք է որ քայլեր ձեռնարկեին խնդիրը լուծելու, այլ ոչ թե լիրիկական նկարագրություններ անեին Ֆեյսբուքում: Այս ամենից հետո ամենևին իմաստ չուներ երկրորդ գրառումն անել ու մեղադրել լրատվամիջոցին ոչ օբյեկտիվ, կողմնակալ, աչառու լուսաբանումների, իշխանություններին թիրախավորելու համար:

Էլ ավելի մտահոգիչ է այն, որ այդ գրառումից հետո նույն ՔՊ-ական ֆեյսբուքյան սեգմենտը, խտրականություն չդնելով միջոցների ու բառապաշարի միջև, սկսեց քարկոծել «Ազատությանը»: Չգիտես ինչու, նրանց միացան որոշ փորձագիտական շրջանակներ, որոնք համարվում են իշխանամերձ, հին ու նոր ինչ դժգոհություններ, մեղադրանքներ հնչեցրեցին, ընդհուպ տեղափոխվեցին ԱՄՆ նախագահի կողմը և ասացին, որ ահա թե ուր են գնում ամերիկյան փողերը, ու գումարների նպատակային ծախսման առումով Թրամփը ճիշտ է: 

Ամենազավեշտալին այն է, որ դրա մասին գրում են փորձագետներ, որոնք նույն Կոնգրեսի կամ ամերիկյան այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվել ու ֆինանսավորվում են: Մի խոսքով, սա զավեշտալի պատկեր է, ու կարծում եմ, որ այստեղ նաև լրագրողական համայնքը պետք է իր գործընկերներին սատարի ու թույլ չտա, որ «Ազատություն» ռադիոկայանը հանիրավի քարկոծվի:

– Իշխանական մակարդակով իրատվամիջոցներին թիրախավորելու այս գործելաոճը ձեզ մտահոգությունների տեղիք տալի՞ս է:

– Այո՛, բայց պետք է հիշեցնեմ այսօրվա իշխանություններին, որ իրենք ամենևին օրիգինալ չեն, որովհետև «Ազատություն» ռադիոկայանից դժգոհել են բոլոր իշխանությունները՝ հետխորհրդային, ուղղակի այս իշխանությունների օրոք տրամադրությունների փոփոխությունը միգուցե կայանում է նրանում, որ հեղափոխության օրերին ու հետհեղափոխական առաջին տարիներին «Ազատություն» ռադիոկայանը իսկապես ակտիվորեն լուսաբանում էր այդ ամենը, համարվում էր նոր իշխանության ջատագովներից մեկը: 

Այդ ժամանակահատվածն արդեն ավարտվել է, մեղրամիսը վերջացավ, ու «Ազատություն» ռադիոկայանը սկսեց ավելի քննադատորեն մոտենալ իշխանության գործունեությանը, ինչը շատ նորմալ է ու լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է: Քննադատական մոտեցումները ամենևին էլ չպետք է առիթ դառնան, որ այս իշխանությունը նախորդների նման պայքարի մեջ մտնի լրատվամիջոցի հետ: 

Ես կոչ եմ անում ավելի հանդուրժող լինել լրատվամիջոցի նկատմամբ, որովհետև այս հարցազրույցից առաջ ես հատուկ ևս մեկ անգամ մտա կայք ու փորձեցի տեսնել, թե ում են նրանք առհասարակ հրավիրում հարցազրույցների, մեկնաբանությունների համար, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ընտրությունը շատ բազմազան է, ամենատարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչներ են հրավիրվում ու շատ ազատ իրենց կարծիքն են արտահայտում: 

Տար Աստված, որ հայաստանյան լրատվամիջոցները ցուցաբերեին այդպիսի պրոֆեսոնալիզմ, իհարկե ունենք որակյալ լրատվամիջոցներ, բայց «Ազատությունը» հին ավանդույթներ ունի, ու պետք չէ նրան խանգարել, հանիրավի թիրախավորել ու քարկոծել: 

– Պարո՛ն Մելիքյան, ստացվում է, որ գործող իշխանությունն անհանդուրժո՞ղ է քննադատության նկատմամբ ու նախընտրում է լսել միայն իր հասցեին գովաբանակա՞ն խոսքեր:

– Եթե այդ հարցը տաք իշխանություններին՝ նրանք կասեն՝ ո՛չ, չկա նման բան, ինչպես կարող ենք մենք նման ակնկալիքներ ունենալ: Բայց իրականում իշխանությունները գնալով ավելի ցավագին են ընդունում իրենց հասցեին քննադատությունը, նույնիսկ այն պարագայում, երբ բացթողումներն ակնհայտ են: 

Կոնկրետ դեպքն ամենացայտուն օրինակն է, որ իշխանությունները շատ ցավագին են վերաբերվում օբյեկտիվ քննադատությանը, հանդուրժողականությունն էապես նվազել է, ինչը կարող է շատ բարդ հետևանքներ ունենալ ժողովրդավարության, խոսքի ազատության տեսանկյունից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am