8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին․ Factor.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև հուլիսի 21-ը ժամկետ է սահմանել՝ Ազգային ժողով անցնող երեք ուժերի ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի դիմումների ներկայացման համար, գրում է Factor.am-ը։

Առայժմ որևէ թեկնածու այդպիսի դիմում չի ներկայացրել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ «ԿԸՀ-ն այս շաբաթվա մեջ նիստ կգումարի և կարձանագրի այն անձանց անունները, որոնք կստանան մանդատ և կլինեն ԱԺ պատգամավոր»,-շեշտեց Սմբատյանը։

Օրենքի պահանջով հաջորդիվ կնշանակվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի օրը։ Ըստ ԿԸՀ քարտուղարի՝ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ համաձայն Սահմանադրության նախատեսած ժամկետի, այլ ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես այս օրերին կարծիք են հայտնում տարբեր շրջանակներ։

«Երբ կազմավորվում է ԱԺ-ն, իսկ կկազմավորվի այն ժամանակ, երբ ցանկը կլինի, ԿԸՀ-ն արձանագրություն կկազմի՝ մանդատ տալու վերաբերյալ, այդ պահից սկսած երկրորդ երկուշաբթի տեղի կունենա առաջին նիստը, որի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը»,- մանրամասնեց Սմբատյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48,63 տոկոսը: Ստացած ձայներով խորհրդարան անցավ 3 ուժ․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 687.251 ձայնով (53.92%), Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 268.165 ձայնով (21.04%) և Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայնով (5.23%)․ այս ուժերը խորհրդարանում կունենան համապատասխանաբար 71, 29 և 7 մանդատ: