Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է վարույթ ընդունվել

2022 թվականի հունվարի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ չորրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Այդ մասին հայտնում են Դատախազությունից։

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   

  • Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը,  շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ,
  • 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: 

Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։