Եթե արցախյան կողմը կարողանա լուրջ ու տևական դիմադրություն ցույց տալ, իրավիճակը կփոխվի. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Մոսկվայում կայացած հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում, հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ հայտարարությունը, որից հետևյալ հատվածն եմ ցանկանում ընդգծել. «Հայկական կողմը գիտակցում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»: Սա նշանակում է, որ Ալիևի՝ «Արցախը վերաինտեգրելու Ադրբեջանի կազմում» թեզի շուրջ կա՞ կոնսենսուս:

– Սա Ռուսաստանի դիրքորոշումն է, թե ինչպե՛ս պետք է ընթանա Արցախ-Ադրբեջան բանակցային գործընթացը ու ի՛նչ հարցերի շուրջ: Այստեղ, վստահաբար, մեծ ազդեցություն ունի ադրբեջանական մոտեցումը, որ նման կարևոր կետ է առանձնացրել Ռուսաստանի արտգործնախարարի ամփոփիչ հայտարարության մեջ, բայցևայնպես, այստեղ որոշակի հստակեցումներ են բացակայում: 

Բոլորն էլ խոսում են այդ երկխոսության անհրաժեշտության մասին՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում ու, բնականաբար, նաև Մոսկվայում, բայց բանակցությունների ձևաչափի ու քննարկվող հարցերի բնույթի մեջ կան էական տարբերություններ, առանցքայինը սա է: 

Ադրբեջանն այդ բանակցությունները դիտարկում է արցախահայությանն ինտեգրելու տեսանկյունից, իսկ Արցախն այն դիտարկում է սեփական իրավունքների ու անվտանգության ապահովման տեսանկյունից, միջազգային հանրությունը դրանք դիտարկում է արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, այսինքն՝ սկզբունքային տարբերություն կա այս երեք խաղացողների օրակարգերում: 

Եթե Արցախի ու Ադրբեջանի պարագայում բնական է, որ բովանդակային հակասություններ պետք է լինեն, ապա միջազգային հանրության, այդ թվում և՛ Ռուսաստանի, և՛ Բրյուսելի, և՛ Վաշինգտոնի համար սկզբունքային է, որ կողմերի միջև այդ բանակցությունները կայանան, որպեսզի այս ճգնաժամը հանգուցալուծվի: 

Այստեղ չեն նկատվում միջազգային հանրության տրամադրվածությունն ու ջանքերը, որպեսզի այդ բանակցությունները տեղի ունենան միջազգային ձևաչափի շրջանակներում, և միջազգային հանրության երաշխավորությամբ ձեռք բերվեն պայմանավորվածություններ, իսկ այդ պարագայում ակնհայտ է, որ Ադրբեջանը իրավիճակը տանելու է փակուղային տրամաբանությամբ, ինչպես այսօր է անում, ու պարզապես պարտադրի լուծումներ հօգուտ իրեն: 

– Այսինքն՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասով բոլորի պատկերացումները համընկնո՞ւմ են, այդ թվում և՝ Հայաստանի, բացի Արցախի Հանրապետությունի՞ց:

– Դե, Հայաստանն անընդհատ նշել է, որ բանակցությունները պետք է ընթանան միջազգային մեխանիզմների պարագայում:

– Բայց բանակցություններին հետևող ամփոփիչ հայտարարություններում տեսանելի է, որ Հայաստանի այդ թեզը չի պահպանվում, նահանջ է արձանագրվում:

– Այս ամբողջ գործընթացը տանում է Արցախի սուբյեկտայնության ընդգծման, այսինքն՝ համաձայն են Հայաստանն ու Ադրբեջանը, միջնորդ կողմերը՝ ևս, բայց համաձայն չէ Արցախը: Որպեսզի այդ բանակցությունները տեղի ունենան, պետք է նաև Արցախի համաձայնությունը, քանի որ դա չկա, Ադրբեջանը շարունակում է ճնշելու քաղաքականությունը, որպեսզի Արցախը համաձայնի իր պայմաններով բանակցել: 

Միջազգային հանրությունն էլ իր փաստացի անգործությունը հիմնավորում է նրանով, որ իրենք կողմ են այդ բանակցություններին, դուք պետք է բանակցեք, բայց չեք ցանկանում, եթե չեք ցանկանում այդ կետերով բանակցել, դիմացեք ու ձեր դիրքորոշումն առաջ մղեք: 

Այստեղ է փակուղին. կա՛մ Արցախը պետք է համաձայնի, կա՛մ ստեղծի այլ օրակարգ և միջազգային հանրությանն ու Ադրբեջանին այդ օրակարգի շուրջ բերի բանակցությունների դաշտ: Հաշվի առնելով Արցախի սահմանափակ հնարավորությունները՝ այդ օրակարգի ձևավորումը կարող է տեղի ունենալ լուրջ զրկանքների, կորուստների, անգամ՝ հնարավոր ռազմական էսկալացիայի պարագայում: 

Եթե Արցախը կգնա նման քայլի, կարծում եմ՝ եղած օրակարգում փոփոխության հնարավորություն կլինի, եթե չգնաց նոր ստատուս քվոյի ձևավորման, ստիպված է լինելու ադրբեջանական օրակարգով բանակցել, որի հետ համաձայն է միջազգային հանրությունը: Կգնա՞ Արցախը դրան, թե՞ չէ, հետևանքները որո՞նք կլինեն՝ դժվարանում եմ հիմա ասել: 

– Պարո՛ն Պետրոսյան, եթե Արցախը որոշի դրան գնալ, կարո՞ղ է միայնակ ցանկալի արդյունքի հասնել, կամ Հայաստանը կօգնի՞ նրան այդ հարցում, եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած որոշ հայտարարություններ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վերաբերյալ:

– Երբ ասում ենք՝ Արցախի սուբյեկտայնությունը բարձրանում է, պետք է հաշվի առնենք, որ Արցախն իր սահմանափակ հնարավորություններով դառնում է առաջնային դերակատար: Եղած ինքնորոշումը պահելն էլ, բնականաբար, ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրողությունների պայմաններում խիստ բարդ է լինելու, բայց եթե նպատակը ինքնորոշումը պահելն է, պետք է պատրաստ լինել այնպիսի զրկանքների, ինչպիսին հիմա էլ կրում են: 

Երեկվա ասուլիսից ինձ համար սկզբունքային կլիներ այն պատասխանը, թե Հայաստանն ի՞նչ վարքագիծ կամ դիրքորոշում կդրսևորի, եթե Արցախում ռազմական էսկալացիա լինի, որին ի պատասխան Հայաստանի վարչապետն ասաց, որ նման սցենարը պետք է բացառել, այսինքն՝ ես ձեր հարցին կկարողանայի պատասխանել, եթե իմ նշած հարցին այլ պատասխան տրվեր, բայց դա տեղի չունեցավ: 

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, կարծում եմ, որ, ամեն դեպքում, ցանկացած դերակատարի վարքագիծ պայմանավորված կլինի Արցախում հնարավոր ռազմական էսկալացիայի ժամկետներով ու ընթացքով, այսինքն՝ եթե արցախյան կողմը կարողանա լուրջ ու տևական դիմադրություն ցույց տալ, բնականաբար, իրավիճակը կփոխվի: Եղած ստատուս քվոյի դեպքում դոմինանտ է ադրբեջանական օրակարգը, որին կողմ են միջազգային խաղացողները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am