Մեր կողքին ապրող մարդիկ. Մեթը

Մեթ և Էլլա Բարթելզյանների տանը հայտնվեցինք Ամանորից առաջ. սա և՛ լավ առիթ էր անցնող տարվա մասին խոսելու, և՛ նորից հիշելու, թե ինչպես Էլլան, տեսնելով Մեթին, մտածեց՝ «վաո՜ւ, հետաքրքիր կլիներ համբուրել այս շուրթերը»: 

Մեթն ամերիկացի է, Հայաստանում ստարտափ ունի, որը արհեստական բանականությունն օգտագործելով՝ օգնում է ճիշտ պլանավորել ընկերության ֆինանսները: Ամերիկյան ընկերությունների հետ են հիմնականում աշխատում, բայց կրկին Հայաստանի համար, որովհետև բիզնեսն այստեղ է գործում, թիմի բոլոր անդամները Հայաստանում են, ընկերությունը մեր երկրին է հարկեր վճարում: 

Մեթը, որ Հայաստանի տեղն անգամ չգիտեր, երբ ծանոթացավ հայուհի կնոջ հետ, վաղուց հայկական ազգանուն ունի, որը բացառապես հայերի նկատմամբ մեծ սիրո արդյունք է: Նա Բարթելզից դարձավ Բարթելզյան, երբ հասկացավ, որ աշխարհում շատ ամերկացի կա, իսկ հայերը թվով քիչ են, հետո կնոջը՝ Էլլային ասաց. «Եթե ես Բարթելզ մնամ, մեր երեխաները հայ չեն լինի, իսկ ես ուզում եմ, որ նրանք իրենց հայ զգան»: 

Երկհարկանի շինության երկրորդ հարկում, որտեղ ապրում է Բարթելզյանների ընտանիքը, մեզ դիմավորում է Սամերը, որը բակում հայտնի է Սամո անունով: 

Սամոն բավական աշխույժ, կրակոտ շուն է, որի անմիջականությունը սկսվում է բարձր ձայնով հյուրերին դիմավորելով ու ավարտվում թաթերը տուն մտնողների ուսերին հայտնվելով՝ մեծ աչքերը չորս արած, անքթիթ ու լուրջ հայացքը պահած: 

Թե հանկարծ չհավանեց հյուրին, պոչն այնպես թափ կտա ու այնքան ուժգին կգոռա, որ շեմից այն կողմ չես համարձակվի մտնել: Լավ է, մեր դեպքում արագ լեզու գտանք հետը ու քիչ անց արդեն տեղավորվել էինք հարմար խոհանոցում ու ամերիկանո էինք վայելում: 

Դրսում Երևանն էր՝ իր կանոններով, ապրելակերպով, կարծրատիպերով, որոնց հետ երբեմն հաշտ չէ Մեթը: Այ ներսում «ԷլՄեթ»-ի կանոններն են՝ իրենց ստեղծած, հարմարեցրած ու գրեթե 25 տարի՝ կիրառելի: 

Էլլան հիշում է, որ Մեթը սկզբում Հայաստան անունը լսելիս զարմացավ, հետո տարբեր երկրների հետ շփոթեց, որն ավելի սարսափելի էր: Համաձայն է, որ դա վատագույն տպավորությունն էր, որ կարելի էր թողնել, որովհետև նա մտածեց՝ ո՞վ է այս անգրագետը, որ Հայաստանի մասին երբևէ չի էլ լսել: Բայց հետո ընկերացան, իրար սովորեցրին լիքը բաներ ու որոշեցին, որ եթե ընտանիք են կազմում, ուրեմն չկան ամերիկյան ու հայկական կանոններ, կա «ԷլՄեթ»-ի ստեղծած ընտանիքը՝ իր ուրույն և յուրահատուկ կանոններով: 

– Ես ու Էլլան հանդիպեցինք Լեհաստանում մի դասընթացի ժամանակ: Մի անգամ, երբ խաղ էինք խաղում, պիտի հնարավորինս շատ կլոր կոնֆետներ լցնեիր բերանդ ու ուտեիր: Հերթը հասավ ինձ, հաղթահարեցի խնդիրը, իսկ հետո Էլլան պատմեց, որ այդ պահին մտածել է՝ ի՜նչ հավես կլիներ համբուրել այս շուրթերը: 

Ինը ամիս միասին էին Լեհաստանում, հետո Մեթը գնաց Նյու Յորք, Էլլան՝ Հայաստան, ու սկսվեց հոգեբանական, նաև ֆինանսական դաժան փուլը: Մեթը հիշում է, որ այն ժամանակ տեսազանգի միջոցով խոսելու հնարավորություն չկար, ու այնքան գումար էր ծախսում ԱՄՆ-ից Հայաստան խոսելու համար, որ համարյա սնանկացել էր: 

– Երկու տարի հետո մենք ամուսանացանք: Ես եկա Հայաստան ու երկար պարապելուց հետո Էլլայի հորն ասացի իմ սովորած միակ ռոմանտիկ հայերեն արտահայտությունը, որն այն ժամանակ հաստատ մի լավ ծիծաղեցրել է բոլորին՝ թույլ տվեք ձեր միակ ծաղկի հետ ամուսնանալ՝ նման մի բան: 

Մեթը հետո հեշտությամբ ընկերացավ Էլլայի ընտանիքի ու նրա մեծ գերդաստանի հետ, որը վաղուց իրենն է համարում, սիրում է միասին անցկացրած ժամանակը, Էլլայի մոր պատրաստած ուտելիքների համար խենթանում է ու նոր առիթներ փնտրում բարեկամների հետ հավաքվելու, մի լավ ուրախանալու համար: 

Տարբեր մշակութային միջավայրերում մեծացած մարդկանց համար, սակայն, հեշտ չէ մի օր վեր կենալ ու ընտանիք կազմել. դա այնքան ակնթարթային ու հեքիաթային չէ, որքան ֆիլմերում, իսկ կենցաղը ջրի երես է հանում անգամ մանրուքները, որ կարող էիր չնկատել: 

Հիմա, երբ տարիների վաստակած խոհեմությամբ նայում են իրենց համատեղ կյանքի առաջին տարիներին, լիքը դրվագներ զավեշտալի են թվում, բայց այն ժամանակ դրանք աշխարհի վերջն էին, ընդհուպ ամուսնալուծության մասին խոսակցություններ: Էլլան հիշում է, որ երբ Սիդնեյում էին ապրում ու հայ ընկերներին առաջին անգամ որպես զույգ հրավիրել էին իրենց տուն ընթրիքի, աղանդերի համտեսի ժամանակ մեկ կտոր սեխ էր մնացել ափսեի մեջ: 

– Ես շատ ազնիվ և ուղիղ բոլորին առանձին-առանձին հարցրի՝ արդյոք ուզո՞ւմ են ուտել, բոլորը հրաժարվեցին, դե ես էլ կերա: Հյուրերի գնալուն պես կռիվ կինոն սկսվեց, ինչ կռիվ կինո՝ ատոմային ռումբ պայթեց: Էլլան բարկացավ՝ բա չես ամաչում, ինչքան էլ որ դու պնդեցիր, իսկ իրենք հրաժարվեցին, դու չպետք է ուտեիր, համառեիր, մի քանի մասին բաժանեիր ու հերթով հյուրասիրեիր: Մեզ մոտ՝ ԱՄՆ-ում, եթե հարցնում ես ու մարդիկ չեն ուզում, կարող ես ուտել՝ առանց ձևականությունների: Սա իմ առաջին փոքրիկ դասերից էր, որ սերտեցի: 

– Հիմա փոխվել եմ, Մեթ,- միջամտում է Էլլան ու քնքշորեն նայում ամուսնուն այնպես, որ դժվար է հավատալ, թե նրանց 25 տարվա ամուսնությունն ու հոգսերը սերը բերել են մի նոր մակարդակի՝ հարգանքի: 

Այս զույգին նայելիս հստակ գիտակցում ես, որ այդ իմաստությունն էլ պիտի կասկածի տակ դնել, որովհետև իմ առջև նստած մարդկանց աչքերում լիքը կայծ կա, իրար նկատմամբ տածած սերը դրսևորվում է ոչ միայն շարժուձևի մեջ, այլ նաև միմյանց միջև փոխանակվող հայացքների: Ինչ խոսք, սա հաճելի տեսարան է, որն ամբողջանում է Սամերի զրնգուն հաչոցներով ու երեխաների՝ իրար հերթ չտվող հարցերով, որոնց ծնողները համբերատար պատասխանում են: 

Մեթը հավանաբար իմ երազկոտ հայացքը բռնելով՝ ասում է. 

– Չէ՛, չմտածես, որ սա մի վայրկյանում է եղել: Տարիներով ենք չարչարվել այս ամենին հասնելու համար, իրար չենք հասկացել, անգամ մտածել ենք ամուսնալուծվելու մասին: 

Էլլան ասում է, որ իսկապես այն, ինչ նույն մշակույթի կրողներին ավելի հեշտ հաղթահարելի կարող է լինել, տարբեր մշակութային միջավայրերում մեծացած մարդկանց համար իսկական մարտահրավեր է: Օրինակ՝ երբ Մեթն առաջին անգամ տեսավ, թե ինչպես է կինը բարուրում իրենց առաջնեկին, սարսափահար նայում էր նրան, ու հորդորները՝ խեղճ երեխային ազատել սպիտակ սավանի ճանկերից, միայն հանդիմանանքի էին արժանանում: 

Մեթն ասում է, որ իր համար ամենակարևորը իր աշխատանքը չէ, երեխաները չեն, իր առաջնահերթությունը Էլլան է. փող ունեն-չունեն՝ կապ չունի, դա երկրորդական է, կարևորը իր համար Էլլան է, ու վստահ է՝ կնոջ համար էլ ինքը: 

– Դե, տպավորություն չլինի, որ երեխաները կարևոր չեն: Նրանք գիտեն, որ արժեք են մեզ համար՝ անքննելի արժեք, ու ամեն բան անում ենք, որ և՛ իրենց համար լավ լինի, և՛ նաև հասկանան, որ պետք է փոքրուց պատասխանատու լինել: 

Որոշումները միասին են կայացնում, խորհրդակցում են: Նրանց մոտ գործընկերություն է, փոխըմբռնում, միմյանց ամեն կերպ հասկանալու հստակ որոշում: Հարցեր կան, որ միայն Մեթն է որոշում, կան բաներ, որ Էլլայի որոշման տիրույթում են, բայց հիմնականում երկուստեք համաձայնեցված քայլեր են: 

Չորս երեխաների հայրն ասում է, որ 18 տարի լինելով այստեղ, բաներ կա, որ կուզենար փոխել: Մեթն ունի շատ հայ ընկերներ, որոնց երբեմն այնքան էլ լավ չի հասկանում՝ հատկապես կանանց ու տղամարդկանց դերերի, առաջնահերթությունների հարցում: 

Իրենց երեխաները մեծանում են մի ընտանիքում, որտեղ հավասարություն է, բայց նրանք գնում ենք դպրոց, ու «ախպեր ջան»-ով շփումը, տղամարդկանց կողմից դոմինանտ լինելը ընդգծելու մղումը հակադրություններ են առաջացնում: 

Ի դեպ, տղամարդկանց դոմինանտությունը նկարագրելիս Մեթը հատուկ ժեստեր է օգտագործում, որ շատ բնորոշ է «հարցեր պարզաբանող» արական սեռի ներկայացուցիչների շարժուձևին: Մի լավ ծիծաղում ենք, ասում եմ. 

– Ի՜նչ էլ ճիշտ ես ցույց տալիս շարժումները: 

– Դե հո նոր չե՞մ ապրում Հայաստանում: Մի օր լսում եմ, թե ոնց է մեծ տղաս փոքրին ասում՝ լսիր, եթե դու այլ տղաների հետ խնդիր ունենաս, պապային չասես, ես եմ քո մեծ ախպերը, ես կգամ, հարցերդ կլուծեմ: Ասացի՝ մի րոպե, այդպես չեղավ, ի՞նչ է նշանակում՝ պապային չասես, ես եմ ձեր ծնողը, դու իր ծնողը չես: Ու իր պատասխանը՝ Dad, you don’t know anything՝ պա՛պ, դու բան չգիտես, այս մշակույթում այդպես ընդունված չէ, եթե ախպեր կա, ինքը պիտի հարցերը կարգավորի: 

Մեթն աշխատում է բակային կռիվների մեջ չմտնել, անհրաժեշտության դեպքում, սակայն, բոլորն արդեն գիտեն, որ կարող է հայերենով պաշտպանել ընտանիքն ու երեխաներին: 

18 տարի Մեթն արդեն ապրում է Հայաստանում, բայց մինչև այդ Էլլայի հետ ապրել են տարբեր տեղերում` Սինգապուր, Շանհայ, Հոնկոնգ: Ամերիկացին խոստովանում է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրելով հանդերձ, իր տունը համարում է Հայաստանը՝ աշխարհի ամենածայրահեղ զգացմունքների երկիրը: Խնդիրների մասին արդեն խոսում է որպես յուրային, մարդ, որն ուզում է այս երկիրը ավելի լավը տեսնել, այլապես ինչո՞ւ պիտի մնար այստեղ: 18 տարվա ընթացքում լիքը բաներ են եղել, բայց թվարկածները լավագույնի չնչին վատագույն տոկոսն են կազմում: 

Մեթի ու Էլլայի հյուրընկալ տանը, որտեղ ամերիկյան սուրճի բույրը խառնվում է նրա անուշ հայերենին ու ջերմություն ստեղծում, որտեղ երեխաների՝ մոր հետ հայերեն, հոր հետ անգլերեն շփումները ժպիտ են առաջացնում, այնպիսի տաքությամբ է սիրտդ լցնում, որ չես էլ ուզում հեռանալ այս սիրուն ընտանիքից: 

Բայց Սամոն արդեն քաղաքավարի ակնարկում է, որ գնալու ժամանակն է, ու մեզ ուղեկցում է բակ: Մեր երկար զրույցից հետո ես մի բան եմ հասկանում՝ Մեթի սերը այս երկրի հանդեպ ընդամենը մեկ բառով կարելի է բնորոշել՝ շիտակ, իսկ Հայաստանին պետք են իրեն շիտակ սիրող մարդիկ՝ անկախ ազգությունից: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am