Կորոնավիրուսով արդեն իսկ վարակված, առողջացած անձինք ևս կարող են պատվաստվել

Կորոնավիրուսով վարակված և առողջացած անձինք ևս կարող են Covid-19-ի դեմ պատվաստվել, սակայն երկրները պատվաստանյութերի սղության պատճառով դեռևս առաջնահերթություն են տալիս ռիսկի խմբերի անձանց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդեն վարակված ու առողջացած անձինք կարո՞ղ են պատվաստում ստանալ:

«Վարակված, առողջացած անձը կարող է պատվաստվել: Երկրներում պատվաստանյութերի քանակի խնդիր կա, այսինքն` պատվաստանյութերը քիչ քանակով են արտադրվում, և դա է պատճառը, որ հիմնականում բոլոր երկրներն առաջնահերթ պատվաստումներն իրականացնում են ռիսկի խմբերում»,- ասաց Աբովյանը:

Սակայն, եթե պատվաստանյութը հասանելի լինի ամբողջ բնակչությանը, ապա արդեն իսկ վարակված անձը միանշանակ կարող է պատվաստվել: