Հայկ Սարգսյանը ներկայացնում է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը և առաջարկվող կարգավորումները։

«Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։

Նախագծով առաջարկում եմ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 10 միլիոն դրամ, հինգերորդ՝  զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորի խոսքով՝ 2004 թվականից մինչև 2019 թվականը գործել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին» օրենք, որը հնարավորություն էր տալիս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վճարել 200 հազար դրամ ամեն բացակայած զորակոչի համար և ազատվել պատասխանատվությունից։

«Առավելագույնը 3,6 միլիոն դրամ վճարելով սույն խմբի քաղաքացիները ազատվում էին քրեական պատասխանատվությունից։ Այս օրենքից օգտվել է 10 հազար քաղաքացի։

2021 թվականին, երբ երկու տարի որևէ կարգավորում չկար, Ազգային ժողովն ընդունեց «Համաներման մասին» օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիներ՝ չվճարելով որևէ գումար և չծառայելով որևէ օր, ազատվեցին քրեական պատասխանատվությունից։ Եթե այն ժամանակ համաներման փոխարեն ընդունվեր իմ կողմից առաջարկվող կարգավորումները, ապա կունենայինք 10 միլիարդ հավելյալ մուտքեր պետական բյուջե և հազարից ավել զինծառայողներ մեր զինված ուժերում։

Այսօր բանակում չծառայելու համար հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 10 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 5 հազարի 27 տարին լրացած է և ցանկության դեպքում նրանք անգամ չեն կարող ծառայել։

Չեմ ցանկանում, որպեսզի մենք երբևէ նորից անենք համաներում այս անձանց պատասխանատվությունից ազատելու համար, բայց և չեմ ցանկանում 5 հազար քաղաքացիների դատապարտել 5 տարվա ազատազրկման, քանի որ դրանից մեր երկիրը ոչ միայն չի շահի, այլև մենք նրանց հայտնաբերելու, դատապարտելու և կալանքի տակ պահելու համար մեծ գումարներ կծախսենք։ Այստեղից է գալիս օրենսդրական նախաձեռնության իմաստը՝ տալ այս անձանց հնարավորություն օգտակար լինել իրենց պետությանը՝ պետության համար բեռ դառնալու փոխարեն»,- նշեց Սարգսյանը։

Պատգամավորի կարծիքով՝ եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նրանք չեն վերադառնա հայրենիք մինչև 37 տարին լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, սակայն հասկանալի պատճառներով նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները և՛ չեն ծառայի, և՛ գումար չեն վճարի։

Պատգամավորը ներկայացրեց նաև, թե նախագծով ինչ արդյունքներ է ակնկալում։

«Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով կծառայեն, կտան զինվորական երդում, ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում։ Բացի այդ, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե, կխնայվեն 27 տարին լրացած զինծառայողներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, նրանց անազատության մեջ պահելու վրա ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները։ Որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառույթային ծանրաբեռնվածությունը։ Բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություններում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքներում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության, առնվազն որպես զբոսաշրջիկ հաճախակի և անխոչընդոտ կայցելեն հայրենիք, կամրապնդվեն և կխորանան սփյուռքի և Հայաստանի միջև կապերը և այլն»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորը խորհրդարանի քննարկման ներկայացրեց մեկ այլ կարգավորում։

«Գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնել զինվորական ծառայության երկու տարի ժամկետով, իսկ 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձինք նման պարտավորություն չունեն։ Առաջարկում եմ շտկել այս անհավասարությունը։

Նախագծի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաև 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կարող են կամ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ»,- եզրափակեց Սարգսյանը։