Հայաստանը երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու. Անդրանիկ Քոչարյան

2024 թվականին բյուջեն կարող է դիտարկվել որպես անվտանգային բյուջե։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ֆինանսների նախարարը ներկայացրեց մի թիվ՝ 555 միլիարդ դրամ, որն ավելի է, քան 2023 թվականին նախատեսված ծախսերը, բայց այստեղ շատ կարևոր էր, որ փակ մասում քննարկվեց դրա կառուցվածքը կապված սպառազինության և այն բոլոր իրականացվող ծրագրերի հետ»,-ասաց Քոչարյանը։

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց հանձնաժողովի փակ նիստի քննարկումներից։

«Հանձնաժողովի փակ նիստում քննարկվել են սպառազինության ծավալները, որը միայն պաշտպանական բնույթի են։

Բայց հիմնական գաղափարը, որը դրված է սպառազինության բովանդակության մեջ, դրանք, բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նորը։ Երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն Հայաստանի Հանրապետությունը ձեռք չի բերելու։ Եվ մեր ռազմավարությունն այդ առումով անշեղորեն իրականացնելու է այդ խնդիրը։

Խոսվեց նաև ամրաշինական աշխատանքների մասին։

Դրանք շատ տպավորիչ են և շարունակական են և այդ աշխատանքների հետ կապված մեր հանձնաժողովն իր վերահսկողական ֆունկցիաները իրականացրել է ամբողջ ծավալով։ Շատ է շահարկվում՝ ասում եք, բայց չենք տեսել։ Տեսնելու պահը կգա»,-ընդգծեց Քոչարյանը։