Կառավարությունը հերթական գումարն է հատկացրել Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն ներկայացրել է  նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Մաթևոսյանը նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ: «Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար  նշանակվելուց հետո: Ուզում եմ պարոն Մաթևոսյանին շնորհավորել փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար. «Կփորձեմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում,  փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար է հատկացրել   Սյունիքի մարզպետարանին՝ մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքնման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ, որտեղ  առկա են առաջնահերթ լուծման կարիք ունեցող մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Մասնավորապես, ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ: Նախատեսվում է ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որի արժեքը կկազմի 223.7 մլն դրամ: Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապացությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք 6.5 մլն դրամ և բնական գազ` 1 մլն դրամ: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ նպատակների համար դեռևս ապրիլին հատկացվել է 500 մլն դրամ, սեպտեմբերին՝ 200 մլն դրամ: «Հիմա հերթական գումարն է տրամադրվում՝ 400 մլն դրամ: Ուզում եմ նաև հիշեցնել, որ դեռևս հունվարից կառավարությունը մատնանշել էր, որ այս ուղղությամբ առնվազն 1 մլրդ դրամ կհատկացնի: Պետք է փաստել, որ հատկացվող գումարի չափն արդեն 1,1 մլրդ դրամ է դառնում»,-ասել է նախարարը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: «Հիմա մենք Սյունիքում կառուցում ենք այլընտրանքային 7 ճանապարհ: Գիտեք, որ միջպետական նշանակության Տաթև -Աղվանի-Կապան ճանապարհը  լավարկելու աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ Տաթև-Լծեն հատվածում:  Կառուցում ենք նաև Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն», –նշել է վարչապետը:        

Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհների կառուցման ընթացքից: «7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է և  երթևեկելի: Այս ճանապարհի հիմնական հատվածը Մ2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է: Տաթև-Լծեն ճանապարհը նաև դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը մենք շրջանցենք և ավելի կարճ ճանապարհով դուրս գանք դեպի Սիսիան: Մնացած 6 ճանապարհների վրա ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ձեր հանձնարարությամբ՝ հիմա ևս 3 ճանապարհի կառուցում ենք դիտարկում: Դրանք հիմա քննարկման փուլում են և առաջիկայում այդտեղ նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել», -ասել է նախարարը:       

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  Որոտան, Շուռնուխ գյուղերի այլընտրանքային ճանապարհներն անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար: Ներկայումս իրականացվում են խճապատման աշխատանքներ, իսկ ասֆալտապատումը կիրականացվի  2022 թվականին: «Խոտ-Որոտան-Քաշունի-Բարձրավան, Գեղանուշ-Ճակատեն հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում: Մենք ժամանակի ընթացքում նաև այնտեղ այլ ճանապարհ կկառուցենք, որը կլինի արդեն հիմնական նշանակության», –ասել է կառավարության ղեկավարը:  

Վարչապետը հետաքրքրվել է նաև Շուռնուխի թաղամասի շինարարության ընթացքով: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ  աշխատանքները նախատեսվում են ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում:    

Հերթական ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախի Հանրապետությանը

Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. դեկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում: Գումարը կազմում է 13 մլրդ 533 մլն դրամ: 

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա այս տարվա վերջին հատկացումն է: «Մենք տարեսկզբից  կատարված միայն լրացուցիչ հատկացումների գծով ունեցել ենք տարբեր միջոցառումների մասով 120 մլրդ 400 մլն դրամի չափով գումար, տարբեր ծրագրերով  և  ամենամսյա  նման եղանակով կայացվող որոշումների հիման վրա հանրագումարով՝ 134 մլրդ դրամ: Եվ եթե հաշվի առնենք նաև, որ 2021 թ. պետբյուջեով ի սկզբանե հաստատված էր 64, 9 մլրդ դրամի հատկացում, որն ամբողջությամբ կատարված էր արդեն իսկ մինչև հունիս ամիսը ներառյալ, ապա 2021 թվականին, այս հատկացումը ներառյալ, գումարի չափը կկազմի 199 մլրդ դրամ, որոնք գործնականում ունեն այս որոշմանը բնորոշ ծախսման նույն ուղղություններն ու  նպատակները»,-ասել է նախարարը: 

Օրենսդրական նախաձեռնություններ. հավանության է արժանացել կրթական համակարգի բարեփոխմանն ուղղված նախագիծը

Կառավարությունը հավանություն է տվել  ««Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, որը  համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել նոր գործիքակազմեր։ Ըստ հիմնավորման՝ ներկայում հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք արգելակում են համակարգային փոփոխությունների ընթացքը։ Առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են հետևյալ հիմնական ոլորտներին՝ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը, հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանը, ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը, հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը։ Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման ասպարեզում առավել արդյունավետ գործելու համար առաջարկվում է վերանայել տարակարգերի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին։ Ըստ այդմ, օրենքի առաջարկվող լրացումներով սահմանվում է ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացությունը՝ որպես ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մասնագիտական գործունեության, մասնագիտական պատասխանատվության և վարքագծի նկարագիր։    Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները։ 

Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրմանն են ուղղված ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման և ատեստավորման գործընթացում առաջարկվող փոփոխությունները, էթիկայի վարքականոնի՝ իբրև մեխանիզմի գործառնության հստակեցումները։ Մասնավորապես, տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել գործող տնօրենների հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։     

Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանն են ուղղված հետևյալ փոփոխությունները: Ըստ էության՝ առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն, քանի որ ուսուցման մեջ դժվարություններ ունենալ կարող են նաև օժտված, բռնությունների ենթարկվող, աշխատող, փախստական կամ տեղահանված, աղքատ և չքավոր, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաները, լեզվական և ազգային փոքրամասնությունները: 

Օրինագծում դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական։ Մեր երկրում այս երկու ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը։ Դպրոցն ունի տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք  կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ և բոլոր գործընթացներին  մասնակցում է տնօրենը։ Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում և հնարավորություն չեն տալիս լիարժեք ձևով կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում։ Այս դեպքում աշխատանքն իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, ում պարտականությունները շատ դեպքերում համընկնում է տնօրենի պարտականությունների հետ։ Ստացվում է, որ ունենք տնօրեն, որ տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները և ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերումը և վերահսկողությունը։ Արդյունքում տնօրենն ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, և ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է  մնացած ժամանակահատվածում։ Մյուս կողմից տնօրենը կրկնում է նշված աշխատակիցների աշխատանքը։ Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի կառավարիչ, ով ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական և ֆինանսական մասով։ Նա ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է ուսումնական գործընթացի պլանավորում միայն։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ։ Վարչատնտեսական մասի կառավարչի հետ համագործակցում է պլանավորման և դասաբաշխման հիման վրա տարիֆիկացիայի կազմման ժամանակ։ 

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  հանրակրթության ոլորտում շարունակվում են կարևոր ու սկզբունքային բարեփոխումները: «Եվ այս օրենքի ընդունումով, կարծում եմ, որ մենք շատ մեծ և տեսանելի փոփոխություններ կունենանք հանրակրթության ոլորտում: Առաջինը՝ մենք ուզում ենք, որպեսզի դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության որակի վրա և հնարավորինս քիչ զբավի դռան, լուսամուտի, տանիքի, խողովակի, սալիկի և այլ հարցերով: Դրա համար նախ դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից: Այսինքն՝ տնօրենը զբաղվելու է այն բոլոր հարցերով, որոնք կապված են բացառապես կրթության բովանդակության և որակի հետ: Խմբավորված դպրոցների շենքերի կառավարումով զբաղվելու է ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող: Տնտեսական շենքերի պահպանման հետ կապված դպրոցների բյուջեները կկենտրոնացվեն: Վարչատնտեսական տնօրենը կիմանա, որ իր պարտականության մեջ մտնում է բացառապես շենքի պահպանման հետ կապված տեխնիկական, գույքային հարցերի լուծումը: Այսինքն՝ դպրոցի տնօրենը կզբաղվի բացառապես կրթությամբ: Ընդ որում, այստեղ մի շատ կարևոր խնդիր կա, մենք ուզում ենք դպրոցի տնօրենի աշխատանքն այս առումով դարձնել չափելի: Արդյունքային ցուցանիշներ պետք է սահմանվեն, որ, օրինակ, դպրոցում 5-րդ դասարանի աշակերտը նվազագույն ցուցանիշ պետք է ունենա, ըստ դրա՝ կարող ենք չափել դպրոցի տնօրենի աշխատանքը»,- ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է նաև, որ վարչատնտեսական մասի ղեկավարը և տնօրենը պետք է նշանակվեն լիազոր մարմնի կողմից որոշակի ընթացակարգով, որը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Նախ պետք է սահմանվեն, թե ինչ արդյունքներ են ակնկալվում դպրոցի տնօրենից, այնուհետև տնօրենի հաստիքին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեն, թե ինչ գործողություններով են պատկերացնում այդ արդյունքների իրականացումը: «Նշանակված տնօրենները մեկ տարով կլինեն անձեռնմխելի: Մեկ տարի հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել: Երեք տարին մեկ նրանց գործունեությունը և արդյունքները  պետք է ստուգվեն: Եթե տեսնենք, որ պետության կողմից սահմանված չափորոշիչները հստակ պահպանվում են, դպրոցը որակյալ կրթություն է տալիս, ավտոմատ կերպով գործունեության ժամկետը կերկարաձգվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ կարևոր նորամուծությունը, ըստ կառավարության ղեկավարի,  օրենքով ուսուցիչների կամավոր ատեստավորման ինստիտուտի ամրագրումն է. «Այսինքն՝ այստեղ կապ ենք ստեղծում, ինստիտուցիոնալ ենք դարձնում, որ կառավարության որոշումներից կախված չլինի: Ուսուցիչները պետք է իմանան, որ իրենց աշխատավարձերը բարձրացնելու հայտ կարող են ներկայացնել իրենց որակավորումը վերահաստատելու միջոցով»: 

Անդրադառնալով ներառական կրթության բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել ֆինանսավորման նոր և լրացուցիչ մեխանիզմներ. ներառական կրթության հատվածը նույնպես կդառնա դպրոցների ֆինանսավորման համար լրացուցիչ ռեսուրսներ ապահովող բանաձև: 

Հավանության է արժանացել ««Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրները լուծել հնարավորինս օպերատիվ եղանակով: Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ նշված դեպքերում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ, որով պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը, կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի: Նախատեսվում է նաև ՀՀ կառավարությանը վերապահել նման դեպքերում գնումների գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու իրավասություն, նկատի ունենալով, որ կարգը կնախատեսի կարգավորումներ գնման գործընթացը մրցկացային, թափանցիկ, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ:

Հավանություն է տրվել նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի հիմնական նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունն` ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ: Պետական տուրքի հաշվարկման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվում է ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը փոխարինել պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգմամբ, որի շրջանակներում հարկային մարմինը իրավունք կունենա «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան  հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման ճշտության նկատմամբ պատշաճ հսկողություն` վերջիններիս մոտ ստուգման ենթարկելով բացառապես պետական տուրքի հարցը, միաժամանակ պետական տուրք գանձող մարմիններում նեղացնելով հսկողության շրջանակը, նախատեսելով միայն պետական տուրքի մասով: 

Պատվաստումների արդյունքում հանրապետությունում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերի անկում է նվատվում 

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնովիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ այդ առումով կայունացում է նկատվում: «Գիտեք, որ, բարեբախտաբար, մենք թվերի էական և լուրջ անկում ունենք: Հիմա Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին: Եվ ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց, որ թվերը սկսեցին նվազել: Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց: Բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ լիարժեք պատվաստումների 350 000-ի շեմը մոտավոր հաշվարկներով հատելն արդեն ամենօրյա թվերի վրա ազդեցություն կունենա: Լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 000-ի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը պիտի չթուլացնի, որովհետև  վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում»,-ասել է վարչապետը: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում համավարակի ցուցանիշի թվի նվազման միտումը պահպանելու ուղղությամբ, որին առաջին հերթին նպաստում են պատվաստումները: «Երեկվա դրությամբ գրանցվել է 592 դրական դեպք: Ընդհանուր առմամբ՝ թեստավորվել է 7666 քաղաքացի: Ցավոք, մահացել է 40 քաղաքացի: Մենք գիտենք, որ մահվան թվերը նվազում են ալիքի նվազումից երկու-երեք շաբաթ հետո, որովհետև դեռ կան ծանր ընթացքով պացիենտներ: Իրականացվել է, ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ պատվաստում՝ 1168501 պատվաստում, և ինչպես նշեցիք, հիշատակման արժանի բարդության որևէ դեպք չի գրանցվել: Մենք հստակ մոնիթորինգ ենք իրականացնում: Արձանագրում ենք անգամ, երբ քաղաքացիները դիմում են ջերմության և այլ դեպքերով, որը նորմալ է, դա նշանակում է, որ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են և դա օրգանիզմի շատ նորմալ ռեակցիա է: Առաջին դեղաչափ արդեն ստացել է 761820 քաղաքացի, ինչը կազմում է մեր մեծահասակ բնակչության 31.8 տոկոսը: Եվ երկրորդ դեղաչափն արդեն հատել ենք 406681-ը, այդքան  քաղաքացի ստացել է ամբողջական երկու դեղաչափով պատվաստում: Արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց առաջին պատվաստման երկու դեղաչափը ստանալու վեց ամիսն արդեն լրացել է: Մշակվել է և  մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը: Մենք միանշանակ հետևում ենք ինչպես ԱՀԿ-ի կողմից մշակված ռեկոմենդացիաներին՝ առաջնորդվելով նաև մեր երկրում առկա պատվաստանյութերի և՛ տեսականիով, և՛ քանակներով: Պետք է նշեմ, որ այս առումով մենք լրիվ ապահովված ենք, և մեր քաղաքացիները կարող են իրնեց ընտրությամբ, իրենց ցանկությամբ ստանալ այն պատվաստանյութը, որը կուզեն: 

Երկրորդ ամբողջական դեղաչափ ստացած բնակչության 20 տոկոս ունենք: Նշեմ նաև, որ 17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաաղքացիների թիվն ընդամենը 1269-ն է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է վարակվածների շրջանակում, որ պատվաստված է, բայց վարակվել է, ինչը նաև ցույց է տալիս, որ և՛ վարակելիության առումով են պատվաստանյութերը մեզ ապահովում պաշտպանվածությամբ, և՛ արդյունավետ են:  Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից ընդամենը 114-ն է, որ պատվաստված է: Սա ևս շատ լավ ցուցանիշ է: Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, ովքեր չունեն որևէ խրոնիկ հիվանդություն, երիտասարդ են, ցավոք, շատ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը: 

Ե՛վ Հայաստանի վիճակագրական տվյալները, և՛ համաշխարհային վիճակագրական տվյալներն արդեն իսկ ապացուցված կերպով մեզ ներկայացնում են դրական դինամիկա պատվաստումների արդյունքում հիվանդացության և մահվան դեպքերի նվազման առումով»,-ասել է նախարարը:

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք փարատվել են վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերի ազդեցության հետ կապված մտահոգությունները: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դրանք ապատեղեկատվական, մանիպուլյատիվ բամբասանքներ են. «Օրինակ, Մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: Հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, սա ևս գիտական փաստված հոդվածներում հրապարակված տեղեկատվություն է, որ COVID-19 հիվանդությունը, վարակը և դրա ընթացքը կարող է ուղիղ կապ ունենալ մարդու, ընդհանուր առմամբ, առողջական վիճակի վրա, այդ թվում՝ նաև վերարտադրողական առողջության վրա: Այսինքն՝ ճիշտ հակառակ փաստված իրականությունը մենք ունենք»:  

Վարչապետն անդրադարձել է նաև Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության COVID-ի մահվան դեպքերի վերաբերյալ  հրապարակած տվյալների տարբերությանը և նշել, որ նշանակվել է քննություն այն  պարզելու համար:

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցությունը կտրամադրվի ևս 5 ամիս

 Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը ևս 5 ամիս տրամադրելու նպատակով։ Առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը: Աջակցության տրամադրման ծրագիրն ավարտվել է և դեռևս չի լուծվել նրանց բնակարանային խնդիրները։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անշարժ գույքը կորցրած այդ քաղաքացիներին, որոնք ընդգրկված են եղել դրամական աջակցության ծրագրում  և ստացել են աջակցության միանվագ 300000 դրամ և 68000 դրամ 6 ամիսների (2021 թվականի փետրվար-հուլիս ամիսների) համար, շարունակել տրամադրել ամսական 68000 դրամ աջակցություն՝ ևս 5 ամսվա (2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների) համար: Նախատեսվում է նաև հստակեցնել միջոցառման շահառուների կազմը և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվար-հուլիս ամիսներին աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցության 2-րդ մասնաբաժինը 2021 թ. օգոստոս-դեկտեմբեր ամսիների համար չի վճարվի։ Դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակ ներառված) շահառու է։ 2021 թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների դրամական աջակցությունը վճարվելու է 2021 թվականի նոյեմբերին։ ՀՀ Սյունիքի մարզպետարանից հոկտեմբերի 13-ին ստացված ցուցակների աջակցություն շահառուների ցուցակում ընդգրկված 43 անձի համար անհրաժեշտ կլինի 14,620.0 հազ դրամ գումար:

Կպարզեցվի զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց բնակության վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը դյուրինացնելու և բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ կարգի կիրառման ընթացքը ցույց է տվել, ինչպես նաև 2020 թ.  տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված ակնհայտ է դարձել, որ բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու գործող առաջնահերթությունն արդարացի չէ, քանի որ փաստացի նախկին տարիներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված առաջին կամ երկրորդ խմբի (իսկ 2017 թվականից առաջ՝ նաև երրորդ խմբի) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովությունն ուղղակի կախման մեջ է գտնվում անկախ ժամանակահատվածից զոհված զինծառայողների քանակից՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված նրանց ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթության հիման վրա: Այսինքն, եթե օրինակ՝ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը հաշվառվել է 2010 թ.-ին, ապա նրան բարելավում տրամադրելու հերթը կարող է հասնել օրինակ 2021 թ. դրությամբ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված՝ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովություն տրամադրելուց հետո, ինչն արդարացի չէ, քանի որ ստացվում է, որ 2021 թ.ին զոհված  զինծառայողի՝ նույն թվականին կարիքավոր հաշվառված ընտանիքը փաստացի ապահովվում է անմիջապես, իսկ նախկինում հաշվառված զինհաշմանդամների ընտանիքներին բավարարման տրամադրումը դառնում է ոչ հասանելի: Որոշմամբ նախատեսվում է պարզեցնել բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կհանվեն մինչև մեկ միլիոն դրամ վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթները

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունն բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Միայն 2021 թ. ինն ամսվա արդյունքներով ծրագրի շրջանակում տրամադրվել է 22756 միավոր վարկ՝ շուրջ 45.0 մլրդ դրամ գումարի չափով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 6.2 մլրդ դրամ: Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված ծրագրի արդյունավետության բարձրացման հետ: Մասնավորապես, տրամադրվող մինչև 1 միլիոն դրամ վարկերի նպատակային օգտագործման վերահսկման ուղղությամբ առաջանում էին խնդիրներ, հաշվի առնելով, որ նշված վարկերն օգտագործվում էին հիմնականում շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրից հանել մինչև մեկ միլիոն դրամ վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթները:

Կառավարությունը մասնակի կփոխհատուցի սիրիահայ 9-ը ուսանողի ուսման վարձը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով մասնակի կփոխհատուցվեն սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերը: Հիմնավորման համաձայն՝  սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հասարակությանը լիարժեք ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցերը կառավարության համար մշտապես դիտարկվել են որպես առաջնահերթություն:  2021 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 52 սիրիահայ ուսանողներ: Նրանցից 43-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 30%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (5,197.980 ՀՀ դրամ), «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը (5,197.980 ՀՀ դրամ): Սիրիահայ 9-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 30 %-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,534.4 հազար դրամ:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:  Արդյունքում՝ կհստակեցվի ու կկանոնակարգվի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:

Արտոնություն է տրամադրվել  հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը բավարարել է «ԷԳԷԱ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում՝ ներդնելով էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։ Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում և զբոսաշրջային վայրերում։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 37 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների և պահեստամասերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 230,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 37 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 2.7 մլն դրամ։

Գործադիրի որոշմամբ «Փյուր Լենդ» ՍՊԸ-ն կներառվի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվող իրավաիրացնող կարգավորումների ընդունման արդյունքում կվերացվի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակության փոփոխելու սահմանափակումները հաստատված գլխավոր հատակագծեր չունեցող համայնքներում մինչև 150 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և 300 քառ. մետր գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար հողհատկացում կատարելու դեպքում: Որոշման ընդունումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը համայնքներում՝ գյուղատնտեսական մթերքների վերամշակող ձեռնարկությունների ստեղծմանը, ինչպես նաև համայնքներում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելուն, ինչը կհանգեցնի նաև համայնքների բնակիչների սոցիալական հարցերի լուծմանը և վերջիններիս կենսամակարդակի բարձրացմանը:

Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել  «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագիծն ուղղված է ապրանքների փոխադրումների ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը և օրինական շրջանառության ապահովմանը: Համաձայնագրի հիմնական նպատակն է Միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերի և այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմների սահմանումը: Նավիգացիոն կապարակնիքների գործածմամբ հետագծումը կիրառվելու է մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում փոխադրվող սանկցիոն ապրանքների, ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի վրա: Հետագայում, անհրաժեշտության դեպքում, անդամ պետությունների նախաձեռնությամբ նախատեսված է նաև հետգծման կիրառման հնարավորություն այլ ապրանքների նկատմամբ, որոնք կսահմանվեն հանձնաժողովի կողմից: Միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումը կիրականացնեն ազգային օպերատորները: 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Կրթության տեսչական  մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը բարելավելու նպատակով: Նախատեսվում է շտկել մեթոդաբանությունում առկա թերությունները, որի արդյունքում ստուգումների տարեկան պլանը կկազմվի ավելի արդյունավետ և առավելագույնս կուղղվի դեպի ավելի ռիսկային ուսումնական հաստատություններ: Այդ նպատակով ներկայացված նախագծում պահպանելով հաստատությունների ռիսկային միավորների ընդհանուր հանրագումարը՝ 300 միավոր, փոփոխվել է ոլորտային և անհատական ռիսկային միավորների համամասնությունը: Գործող «ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշը» և «ոլորտի ուսումնական հաստատությունների անհատական ռիսկերի միջին ցուցանիշի փոփոխման չափանիշը» չափորոշիչների փոխարեն նախատեսվում են «ոլորտի մանկավարժական աշխատողների միջին թիվը» և «տեսչական մարմնի կողմից վերջին 3 ուսումնական տարիների ընթացքում ոլորտի ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների միջին թիվը» չափորոշիչները: 

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը վնաս հասցնելու հավանականության հաշվարկման համապատասխանեցումը ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի պահանջներին և ռիսկի գնահատման ամբողջական, անխոչընդոտ իրականացումը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, մասնավորապես,  փոփոխվել  «ցածր», «միջին» և «բարձր» ռիսկայնության խմբերի դասակարգման շեմը, համաձայն որի ռիսկի վրա հիմնված իրականացվելիք ստուգումների միջոցով կարող է նվազեցվել տնտեսավարող սուբյեկտների ռիսկի աստիճանը մինչև առավել ցածր հնարավոր ռիսկի մակարդակը՝ մեծացնելով բարձր ռիսկայնության խմբում դասակարգվող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը։   Նախատեսվում է նաև փոփոխել ինչպես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ռիսկի գնահատման բաղադրիչների չափանիշները և միավորները, այնպես էլ գործունեության տարբեր տեսակների (օրինակ՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում, և այլն) ոլորտային ռիսկի միավորները: 

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» oրենքի կիրարկումը ապահովելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է անաշխատունակության նպաստը հաշվարկել 1-ին աշխատանքային օրվանից հաշված: Նախատեսվում է կարգավորել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարելու հետ կապված իրավահարաբերությունները։ Մասնավորապես, նախատեսվում է, որ ծառայությունը վարձու աշխատողին վճարում է որևէ գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնված, սակայն մայրության նպաստ չվճարված օրերի համար։ Նախատեսվում է սահմանել նաև գործատուի փոփոխության դեպքում մայրության նպաստ վաճարելու համար ծառայություն ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: