Ծառուկյանից բարեգործվածների խոսելու ժամը

Մհեր Արշակյան

Վերջին օրերին ԲՀԿ-ի կարկառուն դեմքերը պահանջում են, որ բոլոր նրանք, որոնց Գագիկ Ծառուկյանը երբևէ «լավություն» է արել, խոսեն ի պաշտպանություն նրա։ Այսինքն՝ մոտավորապես ասեն, թե անհնար է, որ բարեգործը աներ այն, ինչում նրան մեղադրում են։ 

Հետաքրքիր է, ինքը՝ Ծառուկյանը ուզո՞ւմ է, որ իր օգտին խոսեն։ Բացառված չէ, որ դա նրա հրահանգն է։ Բայց ի՞նչ է ստացվում։ Ստացվում է բարեգործություն հանուն այս օրվա։ 

Ինչո՞ւմ են մեղադրում ԲՀԿ առաջնորդին։ Նրան մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ Այսինքն՝ այս մարդը փող է աշխատել որպես օլիգարխ, հետո այդ փողից մի փոքրիկ, շատ փոքրիկ մասը բաժանել է (դատելով այն բանից, թե ինչ է մնացել իրեն, ինչքան է մնացել և ինչպես է մնացել), որպեսզի, երբ օրը գա, բոլոր «բարեգործվածները» խոսեն Ծառուկյանի անսխալականության մասին։ 

Սա մաֆիայի սկզբունքն է՝ ես քեզ բարեգործում եմ ու ոչ մի պահանջ չունեմ, բայց կգա օրը, երբ ես կզգամ քո կարիքը, ու դու պիտի խոսես իմ օգտին։ 

Բայց հետաքրքիր է՝ ո՞ւմ կյանքն է լավացել Ծառուկյանի բարեգործություններից՝ առինջցիների՞, այն գյուղացիների՞, որոնք խաղող էին մթերում և մի կերպ էին պայմանավորվում գնի շուրջ, այն արվեստագետների՞, որոնք գիրք էին ուզում հրատարակել ու փող չունեին, ցուցահանդես բացել ու փող չունեին, ներկայացում բեմադրել ու փող չունեին։ Ո՞ւմ կյանքն է լավացել։ 

Գագիկ Ծառուկյանը փողեր է աշխատել անպատժելիության միջավայրում, և նրա արած բարեգործություններն էլ այդ շրջանակներում են եղել։ Նույն անպատժելիության շրջանակներից է եղել նրա բաժանած ընտրակաշառքը։ 

Բարեգործությունը ենթադրում է բաշխել։ Բաշխողը հետ չի նայում, հարկ եղած դեպքում չի էլ հիշում, թե ում ինչ է տվել։ Դուք ուզում եք, որ նրանք խոսեն, հիշեն, թե ինչ լավություններ է իրենց արել Գագիկ Ծառուկյանը, որ ի՞նչ լինի։ 

Ծառուկյանին բարոյական աջակցությո՞ւն է պետք։ Նա թքած ունի բարոյական աջակցության վրա։ Որովհետև ինքը հո գիտի՞, որ այն ամենը, ինչում նրան մեղադրում են, եղել է (կամ չի եղել, և դատարանում ինքը կամ իր փաստաբանները դա կապացուցեն)։ 

Եղել է ավելին, քան նրան մեղադրում են։ Ինքը գիտի։ Բացառված չէ, որ գիտեք նաև դուք։ Արդարադատությունն այնպիսի բան է, որ դու միշտ մենակ ես մնում քո մեղադրանքի հետ։ 

Բարոյական աջակցությունը կարող է ազդել միայն խափանման միջոցի վրա, այսինքն՝ այն կարող է միայն բացել քո բարոյական կերպարը այն իմաստով, որ դու արդարադատության վրա ազդեցություն գործող չես։ 

Ոմանք պահանջում են, որ խոսեն մարզիկները, որոնք հաղթանակներից հետո պարգևատրվել են։ Այս մասին արդեն խոսել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ 

Մինչև այսօր ներկայացվել է, թե Գագիկ Ծառուկյանը հաղթանակած մարզիկներին պարգևատրել է անձամբ, «Նիվա է նվիրել»։ Բայց այդպե՞ս է արդյոք։ Այսինքն՝ պետությունը հաղթողների մեծարման, սոցիալական պայմանների բարելավման հետ գործ չուներ, ու այդ ամբողջը թողնված էր Գագիկ Ծառուկյանի ողորմածության վրա՞։ 

Ո՛չ։ 

Պետությունն ինքն է միջոցներ նախատեսել հաղթողների պարգևատրման համար, ուղղակի Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է առաջին պլանում, հաճախ այդ պարգևները հանձնել է անձամբ։ 

Եթե ԲՀԿ առաջնորդը պարգևները տալու էր իր անձնական միջոցներից, դա միայն մեծացնում է պետության մեղքը առ այն, որ այդ հաղթողները Հայաստանի համար չեն պայքարել, պայքարել են Գագիկ Ծառուկյանի պարգևների համար։ 

Ու մենք իզուր ենք ուրախացել Սպիտակ Արջի, Նազիկ Ավդալյանի և մյուսների հաղթանակի համար։ Հիշում եմ, որ մարզիկներից մեկն էլ աշխարհի թե Օլիմպիական խաղերում հերթական հաղթանակից հետո ի տես ամբողջ աշխարհի բղավեց՝ հաղթանակը նվիրում եմ Գագիկ Ծառուկյանին։ Կամ նման մի բան։ 

Ահա այսպես։ Այդ մարզիկը ուրիշ ոչ մեկը չի ունեցել, որին իր հաղթանակը կնվիրեր ձրի՝ ո՛չ մայր, ո՛չ հայր, ո՛չ Հայրենիք։ Այլ միայն՝ Գագիկ Ծառուկյանը։ Այսինքն՝ գլխում փողն է եղել, ստիմուլը, ու Գագիկ Ծառուկյանը։ 

Այսինքն՝ եթե չհաղթեր, անիծելու էր պարոն Ծառուկյանին։ Որովհետև անփող էր մնալու։ Եվ նրան էլ հաշվետու էր լինելու։ Հիշե՛ք, ընկերնե՛ր։ 

Ծառուկյանն իր գրպանից շատ բան չի բաժանել։ Բաժանել է այնքան, որքան պետք էր իրեն աստվածացնելու համար։ Ու հիմա բոլորը տեսնում են, որ իրենց «Աստվածը» նստում է։ Ի՞նչ ասեն։ Ոչինչ։ 

Ուղղակի եկել է օրը, և մարդու լավությունը նրանց վրա ծանրացել է իբրև անեծք։ Գոնե նրանց բերանով, որոնք վստահ են, որ այս հաղթողները պետք է խոսեն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ 

Բայց նրանք կարո՞ղ են ցրել մեղադրանքը։ Կարո՞ղ են այն վերցնել իրենց վրա։ Ո՛չ, չեն կարող։ Հետևաբար հանգի՛ստ թողեք նրանց։ Եթե մեղադրանքը կեղծ է կամ կիսատ, կփլուզվի առանց որևէ մեկի բարոյական աջակցության։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am