«Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր վերսկսմանը։ Նա նշել է, որ Ռուսաստանը նախկինում հայտարարել էր՝ Պետդումայի ընտրություններից հետո պատրաստ է վերսկսել շփումները, սակայն, ըստ նրա, ընտրությունների օրերին ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել են Ռուսաստանի տարածքը։
Պուտինը նաև պնդել է, որ դրանից առաջ հարվածներ են հասցվել ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչպես նաև փորձ է արվել շրջափակել Սև ծովը։ Նա հարց է բարձրացրել, թե ինչ նպատակով են թիրախավորվել Wildberries-ի և Ozon-ի պահեստները։
ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը «չէին կարող չպատասխանել», իսկ այժմ Կիևը խոսում է հրադադարի, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում հրադադարի մասին։
«Սակայն նրանք պետք է զգան ռուսական պատասխան հարվածների հետևանքները և հասկանան, որ ոչ մի սրացում չի բերի իրենց ցանկալի արդյունքի։ Այսպես կոչված հաշտեցմանն ուղղված գործողությունները և բանակցությունները վերսկսելու առաջարկը սեղանին են։ Սակայն մենք դեռ պետք է մտածենք։ Բոլոր որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը»,- նշել է Կրեմլի ղեկավարը։
Պուտինը նաև անդրադարձել է Եվրոպայից հնչող հայտարարություններին, թե Ռուսաստանը վտանգ է ներկայացնում եվրոպական մայրցամաքի համար՝ նման գնահատականները որակելով որպես սադրանք։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ մենք չենք պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում, այդ թվում՝ Բալթյան երկրներում։ Այո, այնտեղ խախտվում են ռուսախոս մարդկանց իրավունքները, բայց մենք արձագանքում ենք մարդասիրական մակարդակով՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է նա։



















