«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը
– Տիկի՛ն Բեժանյան, մարտի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն մուտքի նոր կանոններ են կիրառվում: Խնդրում եմ, իրազեկեք՝ ի՞նչ կանոններ են, ում են դրանք հիմնականում վերաբերում:
– Ռուսաստանում 2021-ի դեկտեմբերին 29-ին ուժի մեջ մտած միգրացիոն փոփոխությունները բավականին խիստ էին, սակայն դրանք ժամանակի ընթացքում փոփոխվեցին, դարձան որոշակի լիբերալ, և այժմ մարտի 1-ից ուժի մեջ մտած միգրացիոն նոր կանոնները համեմատաբար առավել մեղմ են ու հստակեցված:
Հիմա ասեմ՝ ի՞նչ փոփոխություններ են եղել. դեկտեմբերի 29-ի դրությամբ՝ անձը, որը աշխատելու նպատակով էր ՌԴ մեկնել կամ աշխատելու նպատակով չէր գնացել, բայց պատրաստվում էր 90 օրից ավելի մնալ ՌԴ-ում, երկիր մուտք գործելիս պարտավոր էր 30-օրյա ժամկետում հանձնել մատնահետք ու ափահետք և տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների գծով անալիզներ: Բուժզննման փաստաթղթի ժամկետը ՌԴ առողջապահության նախարարությունը սահմանել էր երեք ամիս, ինչը նշանակում էր, որ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անձը պարտավոր էր անցնել այդ ամբողջ պրոցեդուրան, վճարել առավելագույնը 5300-16500 դրամ: Ամեն երեք ամիսը մեկ անձը պետք է գնար անցներ այս գործընթացը, որ կարողանար հաշվառման ժամկետը երկարաձգել:
Մարտի 1-ից ուժի մեջ մտնող կանոններով նման պահանջ չկա. փաստաթղթի ժամկետը սահմանվեց մեկ տարի, այսինքն՝ անձը ՌԴ մուտքի պահից 30-օրյա ժամկետում երբ բուժզննում է անցնում, ստանում է այդ բուժզննման փաստաթուղթը մեկ տարի ժամկետով, երեք ամսվա փոխարեն՝ մեկ տարի: Նաև քովիդի հետ կապված բուժզննման պահանջն է հանվել:
– Այսինքն՝ թեթևացրե՞լ են ներգաղթողների կյանքը:
– Որոշակի առումով՝ այո՛: Ամենակարևորն այն է, որ փաստաթղթի ժամկետն են հստակեցրել, որովհետև այդ հարցի հետ կապված նաև մեկնող երկրների ղեկավարներն են մտահոգություն հայտնել՝ նշելով, որ երեք ամիսը մեկ միգրանտները ի վիճակի չեն լինի անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ, ի հետևանք՝ հնարավոր է կոռուպցիոն ռիսկեր առաջանան:
– Տիկի՛ն Բեժանյան, դուք զբաղվում եք Ռուսաստան մեկնող արտագնա միգրանտների հարցերով: Ի՞նչ եք կարծում՝ ռուս-ուկրաինական պատերազմը ի՞նչ հետևանքներ կունենա: Շատերը միգրանտների աշխատատեղերի կրճատում են կանխատեսում:
– Ես էլ եմ այդ մարդկանց թվին դասվում: Ե՛վ աշխատատեղերը կկրճատվեն, և՛ մարդիկ ստիպված կլինեն Ռուսաստանը լքել ու վերադառնալ Հայաստան:
Մյուս կողմից՝ հաշվի առնենք, որ ռուբլու կտրուկ անկումը հանգեցրել է նրան, որ ռուբլու գնողունակությունը երկու անգամ իջել է: Մարդիկ պայմանավորվում են, ստանում աշխատավարձ, բայց գալիս է մի պահ, երբ այդ ստացած աշխատավարձը կրկնակի քիչ է պայմանավորված աշխատավարձից. այդ 1000 ռուբլին, որը նախկինում 7000-8000 դրամ արժեր, հիմա արժի 2500-3000 դրամ: Արդեն անիմաստ է դառնում նման չնչին գումարի համար մեկնել Ռուսաստանի Դաշնություն աշխատելու:
Ինչպես նաև՝ չի բացառվում, որ ուղղակի չկարողանան վճարել մարդկանց աշխատավարձը: Արդեն կան նման բնույթի բողոքներ: Բացի այդ, արդեն կան կանխատեսումներ, որ այդ վճարումները կարվեն 15 աշխատողից մեկին:
Այս ամենի հետևանքով մարդիկ պարզապես չեն ցանկանա երկար սպասել իրենց գումարների վճարմանը ու ստիպված կլինեն վերադառնալ:
– Ի՞նչ է ցույց տալիս նախադեպը, տիկի՛ն Բեժանյան, նման իրավիճակների դեպքում: Ընդհանրապես, եղե՞լ է այս հարցի հետ կապված նախադեպ, որ զանգվածային ներգաղթ լինի դեպի Հայաստան:
– Պատժամիջոցներ, անհանգստություն, ռուբլու փոխարժեքի անկում, SWIFT-ի անջատում՝ սա աննախադեպ իրավիճակ է Ռուսաստանի համար: Դեպի Հայաստան ամենամեծ ներհոսքը կորոնավիրուսի համավարակի օրերին էր, 2020-ին մենք զանգվածային ներհոսք ունեցանք:
Անկախությունից ի վեր այդ տարի մեր ներգաղթի սալդոն գերազանցել է արտագաղթը: Այսինքն՝ դրական է եղել ՀՀ քաղաքացիների վերադարձի թիվը: Բայց դա՝ քովիդով պայմանավորված: Նման նախադեպ եղել է միայն համավարակի տարվա ընթացքում. փակվել էին աշխատատեղերը Ռուսաստանում, և մարդիկ վերադառնում էին տուն:
Եթե այս իրավիճակը ևս երկու ամիս շարունակվի, ես ավելի քան վստահ եմ, որ մենք էլի կունենանք ներհոսք:
– Դուք, վստահ եմ, կապի մեջ եք ՌԴ-ում միգրանտների հետ: Այսօր ի՞նչ մտահոգություններ ունեն, կարո՞ղ եք փոխանցել:
– Այո՛, վտանգ են զգում, շատ անհանգիստ են, պարբերաբար գրում են և խորհրդակցություն խնդրում: Նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել ՌԴ, ես, համենայնդեպս, խորհուրդ եմ տալիս չմեկնել, ձեռնպահ մնալ:
Իսկ նրանք, ովքեր արդեն այնտեղ աշխատում են, փնտրում են հնարավորություններ, տարբերակներ, որովհետև կանխիկ շրջանառություն գրեթե չկա, դեռևս քարտերում ունեն գումարներ և կարողանում են ներքին շրջանառության մասնակից լինել: Բայց մտավախություն ունեն, որ առաջիկայում դա էլ չկարողանան անել:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am