ԶՈՒ-ում օգոստոստի 1-ից կլինեն ծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է ատեստավորման արդյունքում

Հայաստանում կամավոր ատեստավորման է մասնակցել արդեն Զինված ուժերի շուրջ 1000 զինծառայող, շեմը հաղթահարածների աշխատավարձը բարձրացել է, որոշների դեպքում՝ կրկնապատվել և դեռ ավելին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ատեստավորման արդյունքը կառավարության նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ատեստավորման գործընթացը հունիսի սկզբից մեկնարկել է Զինված ուժերում:

«Արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ 1000 զինծառայող: Հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ն արդեն հանձնել են համապատասխան քննությունները: Ունենք և ատեստավորվածներ, և մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին: Ակնհայտ է, որ այն զինծառառայողները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են շատ լավ արդյունքներ»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ վերջին օրերին իր՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում զրույցների արդյունքում արձանագրել է՝ կա ընկալում, որ պատրաստվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել և ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ:

Վարչապետը հարցրեց՝ կարո՞ղ են ասել, որ օգոստոսի 1-ից ԶՈՒ-ում կունենան զինծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է: Պապիկյանը դրական պատասխան տվեց:

«Ունենք ատեստավորման տարբեր սանդաղկներ՝ բավարար, լավ և գերազանց: Արդեն ունենք զինծառայողներ, որոնք հաղթահարել են գերազանցի նշաձողը: Նրանց պարագայում կրկնակիից ավելի է բարձրացել աշխատավարձը»,-ասաց նախարարը:

Ծառայողը հնարավորություն ունի նվազագույնը 3 ամիս հետո կրկին դիմել կամավոր ատեստավորման՝  կամ բարելավելու իր ցուցանիշը կամ նախկինում ցուցաբերած վատ արդյունքը դրական դարձնելու: