«Չպատվաստված, ստերիլ օրգանիզմ թափանցելիս «օմիկրոնը» պակաս մահաբեր չէ, միանշանակ այդ շտամը ևս մահեր է առաջացնում». Արման Բադալյան

Հայաստանում կորոնավիրուսի օրեցօր աճող դեպքերը համաճարակաբան Արման Բադալյանի համար սպասելի են: Ավելին՝ առաջիկա շաբաթների ընթացքում ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոսի կարծիքով` կորոնավիրուսով դեպքերի աճը զգալի կլինի:

«Միանգամայն սպասելի իրավիճակ է, քանի որ «օմիկրոն» շտամը ներխուժել է մեր երկիր ու իր տարերքի մեջ է, շատ արագ տարածվում է: Ամբողջ աշխարհում է այդպես: Կա միտում՝ կտրուկ բարձրանում է, հետո սկսում է իջնել: Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում դեպքերի աճը վերելք կապրի»,- «Մեդիալաբին» ասում է համաճարակաբան Արման Բադալյանը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ գրանցվել է 2556 նոր դեպք՝ 7407 թեստավորումից, 2 քաղաքացի էլ մահացել է, իսկ ահա հունվարի 25-ին դեպքերի թիվը եղել է 1931, մահացել էր 1 մարդ:

«Այս շաբաթ մենք պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում»,- Կառավարության նիստին ներկայացնելով իրավիճակը ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վարակի տարածվածությանը, ըստ համաճարակաբանի, նպաստում է հասարակական շարժը: Հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է, որ մեծ շարժ ապահովող հաստատությունները փակվեն, Բադալյանն արձագանքում է. «Օրինակ՝ սովորական գրիպի պարագայում ունենք շեմ, որից ավելիի դեպքում հայտարարվում է համաճարակ, ու որոշ հաստատություններ, մասնավորապես՝ կրթական, ժամանակավորապես փակվում են: Սակայն կորոնավիրուսի պարագայում շեմի գաղափարը չկա, և ինչ սպասել՝ հայտնի չէ: Դրա համար խորհուրդ է տրվում լավագույն տարբերակը՝ ապրել կորոնավիրուսի հետ»:

Համավարակի տարածման լավագույն ցուցիչը, ըստ համաճարակաբանի, առողջապահական ծանրաբեռնված համակարգն է: Սակայն, նախարարի խոսքով, այժմ քովիդով հիվանդացածների միայն 5–6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման: Այս հանգամանքը նախարարը պայմանավորում է պատվաստումների մեծ թվով: «Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայումս 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,- նշել է նախարարը:

«Ստեղծված իրավիճակում միակ դրականն այն է, որ «օմիկրոնի» ընթացքը բավական թեթև է ընթանում: Հոսպիտալացման ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ պատվաստումները զգալի օգնում են, այսինքն՝ նախկինում քովիդով հիվանդացած լավացածը կամ պատվաստվածը համեմատաբար ավելի թեթև է տանում «օմիկրոնը»», -նշում է Բադալյանը՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհում է հոսպիտալացումների թիվը նվազել:

Ինչ վերաբերում է Հայաստանում քովիդից գրանցված մահերին, Բադալյանն ընդգծում է, որ դրա վերաբերյալ վերլուծություն անելը դեռ վաղ է, քանզի երկրում «օմիկրոնի» տարածումից պետք է մի քանի շաբաթ անցնի: «Կարծում եմ՝ մահերի հարցում «դելտա» շտամը դեռ իր սև գործն անում է: Ես ենթադրում եմ, որ այս օրերին գրանցվող մահերի հարցում «օմիկրոնի» դերը դեռ չի երևում»,- ասում է Արման Բադալյանը:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ցույց տալիս միջազգային փորձը՝ արդյոք «օմիկրոնից» մահեր գրանցվել են: «Այո՛, այն երկրներում, որտեղ «օմիկրոնը» շաբաթներ է՝ ինչ տարածված է, 100-ից ավելի մահեր են գրանցվել: Չպատվաստված, ստերիլ օրգանիզմ թափանցելիս «օմիկրոնը» պակաս մահաբեր չէ: Այնպես չէ, որ «օմիկրոնը» մահ չի առաջացնում, միանշանակ առաջացնում է»,- ի պատասխան նշում է համաճարակաբանը:

Բոլոր՝ ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից խուսափելու համար, ըստ համաճարակաբանի, միակ ճանապարհը պատվաստվելն է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am