Արման Մուսինյան.«Ժառանգությունը զերծ պահեց Կոնգրեսին զանազան ծիսակատարություններից»

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսնիյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը, թե ժամանակը ցույց տվեց, որ Կոնգրեսին չմիանալը արդարացի էր, նշեց, թե Սաֆարյանը իրոք շատ ճիշտ է ասում:

«Շատ ճիշտ է ասում Ստեփան Սաֆարյանը: Ավելին, այդ իրենց քայլի համար երեւի մենք պիտի շնորհակալություն ասենք իրենց, որովհետեւ իրենց այդ դիրքորոշման արդյունքում հնարավոր եղավ Կոնգրեսը զերծ պահել զանազան ծիսակատարություններից»,- նշեց Մուսինյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստեփան Սաֆարյանը նաեւ հայտարարել էր, թե «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը բացարձակ տարբեր մոտեցումներ ունեն թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Մինչդեռ, ըստ Սաֆարյանի, այդ հարցերում հայեցակարգային նմանություններ ունեն Կոնգրեսն ու իշխանությունը։

«Ես չգիտեմ`Կոնգրեսի եւ «ժառանգության» դիրքորոշումները տարբերվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետեւ տիտանական ջանքեր են պահանջվում հասկանալու համար ձեր նշած ուժի դիրքորոշումներն առհասարակ»,- ի պատասխան հայտարարեց Մուսինյանը:

© Medialab.am