2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 41-ամյա տղամարդն իր կնոջ և Էջմիածին քաղաքի բնակչուհու հետ, ելակ հավաքելու նպատակով, գնացել են Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող հողատարածք:
Հասնելով նշված վայր՝ նկատել են անծանոթ անձի, վերոնշյալ տղամարդը փորձել է պարզել իր հողատարածքում նրա գտնվելու պատճառը, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Գեղակերտ գյուղի բնակչի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը։