«Հղի էի, Հայկի զոհվելուց հետո հույսով էի, որ երեխեն կծնվի, բայց չստացվեց»․ կինն ասում է՝ ամուսնու թաղմանը «երեխու սիրտը կանգ առավ»

«Մենք տղա երեխայի էինք սպասում, 7 ամսական հղի էի… ամուսնուս թաղմանը չկարողացա էմոցիաներս զսպել, որ գոռացի, երեխու սիրտը կանգ առավ։ Ահավոր էր, չգիտեմ»,- արտասվելով ասում է 26-ամյա Դիանա Աղաջանյանը, որը 44-օրյա պատերազմում ամուսնուն կորցնելուց հետո կրկնակի մեծ ցավ է ապրել՝ կորցնելով երկար տարիներ սպասված երեխային։

Դիանան և Հայկն ամուսնացել են 2012-ին։ Այդ նույն թվականից Հայկ Ղրիմյանը սկսել է ծառայել խաղաղապահ զորքերում։ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, Հայկը, թեև արձակուրդում է եղել, կամավոր մեկնել է Արցախ։ Պատերազմից հետո որոշել է մնալ Արցախում և ընտանիքով Հրազդան քաղաքից տեղափոխվել է Ստեփանակերտ։

«Ասեց՝ ինձ էստեղ դուր ա եկել, տեղափոխվեցինք, ամուսինս էլ ծառայությունը շարունակեց Մարտակերտի հատուկ ջոկատայինների դիվերսիոն խմբում»,- պատմում է կինը։

Դիանան ասում է, որ երբևէ չէր պատկերացնի, որ կյանքն այնքան դաժան կգտնվի, որ սիրելի ամուսնուն կկորցնի պատերազմի ժամանակ։ Ասում է՝ վստահ էր ամուսնու հմտություններին ու գիտելիքներին, բայց, ցավոք, չարաբաստիկ պատերազմը այլ տարբերակ չթողեց։

Հիշում է ամուսնու հետ վերջին զրույցը, երբ հոկտեմբերի 13-ին զանգել էր, որից հետո՝ վայրկյաններ անց, Դիանան հետ է զանգել, բայց ամուսնու հեռախոսն արդեն անհասանելի է եղել։

«Ամսի 13-ին ժամը 1-ին եմ խոսել։ Ինքը մի տեսակ էր, երևի զգում էր, որ վտանգավոր տեղ էին գնում։ Վերջին խոսակցության ժամանակ ասեց՝ հեռախոսդ դիր թշիդ, ուզում եմ մի հատ պաչեմ։ Ասեց՝ տեղ եմ գնում, գնամ-գամ՝ կզանգեմ… Որ անջատեց, ես բան էի մոռացել, վայրկյաններ անց հետ զանգեցի, ինքն արդեն անհասանելի էր»,- հուզվում է կինը։ 

Դիանան ասում է՝ սովոր էին, որ ամուսինը ուշ-ուշ զանգեր, քանի որ նա դիվերսիոն խմբում էր, հաճախ հարմար չէր ընտանիքի հետ խոսեր։ Դիանան ասում է՝ բայց երբ հետ է զանգել ամուսնուն, ու ամուսնու հեռախոսն անհասանելի է եղել, հաջորդ օրն էլ զանգ չի եղել, սիրտն արդեն կանխազգացել էր, որ ամուսնու հետ դեպք է պատահել:

«Որ չէր պատասխանում, ես, չգիտեմ ինչի, սաղին գրեցի, որ վատ բան եմ կանխազգում, Հայկի հետ վատ բան ա եղել։ Զանգեցի իրա հայրիկին, ասեցի՝ Հայկը չի զանգել, ասեց՝ ոչինչ, կզանգի, ասեցի՝ չէ՛, Հայկն էլ չի զանգի»,- հուզվում է Դիանան և շարունակում, որ ամուսնու հետ շատ կապված էին, ու իր կանխազգացումը ճիշտ դուրս եկավ։

«15-ի առավոտը որ քնից արթնացա, նստել էի, ու սպասում էի զանգի, որ էդ վատ լուրն ինձ ասեին։ Ինձ մի կին զանգեց, Հայկի քուրիկի տանն էի մնում: Էդ կինը Հայկի ծնողների տնից էր զանգում, ասեց՝ շուտ արի Հայկենց տուն, Հայկի հետ դեպք ա պատահել… Ես Հայկի քուրիկին ասեցի՝ ես 2 օր ա՝ զգում էի, որ էդ պիտի լիներ… Որ գնացի էնտեղ, Հայկի պապային տեսա, արդեն հասկացա, որ ճիշտ էր»։

Դիանան ասում է, որ ամուսնու զոհվելու մասին լուրն ստանալուց 32 օր հետո է նրա մարմինը հայտնաբերվել։ Դիանան 32 օր հույսով սպասել է, որ գուցե տեղեկությունը սխալ լինի, ուզում էր չհավատալ դաժան իրականությանը։ 

«Զանգեցին Կարմիր խաչից ու ասեցին, որ Հայկին հանել են… Երևի էդ լուրն իմ համար ավելի ահավոր էր, քան որ զանգել ասել էին՝ Հայկի հետ վատ դեպք ա եղել, որովհետև ես դեռ հույսով սպասում էի»,- ասում է 26-ամյա կինը։

Հայկը կատակասեր էր, արագաշարժ, շտապում էր կյանքում վայելել ամեն վայրկյանն ու պահը։ Կինն ասում է՝ կես խոսքից հասկանում էին իրար ու շատ երջանիկ էին․ «Մենք 10 տարի ամուսնացած էինք, մեր հարաբերությունները շատ լավ էին։ Ինքը շատ կատակներ էր անում, ականջներիս մինչև հիմա անընդհատ իրա ծիծաղն ա, ես ամեն վայրկյան իրա հետ եմ, քնում-զարթնում եմ՝ մտքիս միայն ինքն ա»։

Դիանան ասում է՝ ամուսնու զոհվելուց հետո կյանքը գլխիվայր է շրջվել․ «Հիմա ամեն ինչ փոխված ա, տխուր, Եռաբլուրն ա արդեն դարձել հիմնական վայրը, մենակ երեխայի համար էնքան որ ապրում ենք»,- կրկին հուզվում է Դիանան։

Դիանան ամուսնուն կորցնելուց հետո հույս ուներ, որ երկրորդ երեխան կծնվի, ասում է՝ ամուսինը շատ էր ուզում երեխա ունենալ, անգամ անուն էին որոշել: Կինն ամուսնուն առաջարկել էր անունը Հայկ դնել. «Ասեցի՝ սիրտս զգում ա, որ տղա ա, ուզում եմ՝ անունը Հայկ դնենք, ասեց, բա ո՞նց ես տարբերելու, ասեցի՝ քեզ Հայկ կասեմ, փոքրիկին էլ՝ Հայկո: Շատ էր ուրախացել, որ ասեցի Հայկ դնենք։ Հայկի զոհվելուց հետո հույսով էի, որ երեխեն կծնվի, նորից Հայկը կծնվի մեր տանը, բայց չստացվեց․․․»,- կսկիծով ասում է երիտասարդ կինը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am