Ադրբեջանի հայտարարությունների համաձայն՝ այժմ բանակցում են «անկլավների» շուրջ. Տաթևիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունից հետո ի՞նչ տրամադրություններ են, Իլհամ Ալիևի հաղթանակի հետ հա՞շտ է ընդդիմությունը։

– Ավանդական ընդդիմության ներկայացուցիչներից Մուսավաթն էր հայտարարություն տարածել, որը նաև չէր էլ մասնակցել ընտրություններին, որակելով, որ դրանք ոչ ժողովրդավար կերպով են անցել, բայց, օրինակ՝ այլ կուսակցության ներկայացուցիչ՝ Իլգար Մամեդովը, որը ժամանակին քաղբանտարկյալ էր, շնորհավորել էր Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։ 

Ընդհանուր առմամբ, գործ ունենք ավտորիտարիզմի խորացման հետ, ու այդ ամբողջ բեմականացումները, որ եղան՝ հրավառություն Շուշիում, քվեարկություններ Ստեփանակերտում, տոնակատարություններ տարբեր շրջաններում, դրա վառ ցուցիչներից են։ 

Ընտրությունից հետո Ալիևը որդու հետ այցելել է ռազմաօդային ուժերի տարբեր օբյեկտներ, ու այդ ժամանակ էլ ծանոթացել են Թուրքիայից ձեռք բերած նոր անօդաչու թռչող սարքերին: Սա այնքանով է հետաքրքրական, որ նա սովորաբար որդուն շատ քիչ է իր հետ որևէ տեղ տանում, ու, կարծում եմ, որ փորձում է ավելի մեծացնել որդու դերը, թեև տարբեր խոսակցություններ կան, որ որդին հիվանդություն ունի ու հարմար թեկնածու չէ նրան փոխարինելու համար։ 

– Ստեփանակերտում քվեարկելու բուն նպատակը ո՞րն էր։

– Եթե ինքը չքվեարկեր, այնտեղ ոչ ոք էլ չկար, որ քվեարկեր, իսկ իրենց նպատակն այն էր, որ ցույց տային, թե այդ տարածքներում իրենց իրավարարությունն է հաստատվել, ու ինքն էլ դա պետք է խորհրդանշեր։ Չեմ ասում այն մասին, որ, ըստ օրենքի պահանջի, դու կարող ես քվեարկել այնտեղ, որտեղ գրանցված ես, մի խումբ մարդկանց էին տարել Ստեփանակերտ քվեարկելու, որովհետև X-ի միկրոբլոգում տարբեր նյութեր կային այնտեղ քվեարկությունների մասին։ Ուղղակի իրենց իրավարարությունը հաստատելու նպատակ էր հետապնդում, որովհետև այնտեղ ուրիշ ոչ ոք չկա, ու մարդ չի ապրում, որ ինչ-որ քվեարկություններ իրականացնեն, դրա համար էլ անձամբ էր մասնակցում։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ, ընդհանուր առմամբ, իրականում ինչպե՞ս են անցել ընտրություններն Ադրբեջանում, միջազգային դիտորդական խմբեր եղե՞լ են, ի՞նչ են արձանագրել։

– Ադրբեջանում սահմանափակ թվով դիտորդներ են եղել, որոնք բոլորը նշել են, որ ընտրությունն իբրև դեմոկրատական է անցել, ԱՊՀ երկրներից են ինչ-որ ներկայացուցիչներ եղել։ Հիմնական դիտորդական առաքելությունները որպես այդպիսին մասնակցություն չեն ունեցել գործընթացին, Ադրբեջանը նաև հատուկ չի ցանկացել, որ նրանք ներկա լինեն, որպեսզի այդ ամբողջ ավտորիտարիզմի հաղթարշավն անցնի առանց խոչընդոտների։

– «Մեզ համար ցանկացած տեսակի ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը, նշելով, որ սպասում են «Զանգեզուրի միջանցքի» մասով Հայաստանի տված խոստման կատարմանը։ Իսկապե՞ս Ադրբեջանն այլևս ռազմական գործողությունների դիմելու ցանկություն չունի։

– Քանի որ վերջին շրջանում խոսակցությունները շատ էին, որ Ադրբեջանը կարող է գործողությունների դիմել, հիմա փորձում են այդ դիմակը հագնել, որ ոչ մի գործողության դիմելու միտում չունեն, բայց իրողությունները հակառակի մասին են: Տեսեք, թե որքան տակտիկական հատուկ վարժանքներ են անցկացնում, վերջերս իրենց ՊՆ-ն սաստիկ ցրտի պայմաններում կազմակերպել էր Կոմանդո ջոկատների վարժանքների անցկացում, զենքի նոր գնումների քանակի մասին են խոսում, վերջերս Սերբիայի հետ էին նոր պայմանագիր կնքել զենքի ձեռքբերման մասով, Թուրքիայից են նոր անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, ընդհանուր առմամբ, շարունակվում է նաև Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների քարոզչությունը։ 

Իրականությունը հասկանալու համար պետք է հետևել այդ պետության քարոզչությանը, մամուլին, զենքի գնումներին և նաև նախագահի հայտարարություններին։ Իլհամ Ալիևի հունվարի 10-ի ամբողջ հայտարարությունը փաստում էր, որ իրենք բոլորովին այլ նպատակներ ունեն, ուղղակի հիմա փորձում են իրենց հանդեպ առկա այդ ճնշումը փոքրացնել ու այդպես դիրքավորվել։

– Այս ընտրությունից հետո Ադրբեջանի համար հնարավորություններն էլ ավելի լա՞յն են ռազմական հարձակումներ իրականացնելու համար, թե՞ չէ։

– Նրանք առնվազն թիրախի տակ ունեն «անկլավները» ու փորձելու են այդ ուղղությամբ զարգացումները տանել, հիմա խոսում են, որ դրա շուրջ էլ հենց բանակցում են, ըստ այդմ նաև առաջիկա քարոզչության արդյունքում, բայց ոչ միայն դա, նաև ընդհանուր, օրինակ՝ Մերձավոր Արևելք-Ուկրաինա զարգացումների կոնտեքստում կարող ենք ավելի կոնկրետ ասել, թե որ պահին է հնարավոր գնան գործողությունների, բայց որ դա իրենց օրակարգում է, ես կասկած չունեմ։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ Ադրբեջանի օրակարգում կա՞ գնալ միջնորդների մասնակցությամբ բանակցությունների։

– Դե, վերջերս դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով սահմանին չհանդիպեցի՞ն, որի մասին հայկական կողմը այդպես էլ որևէ հայտարարություն չտարածեց, ադրբեջանական կողմի տարածած հայտարարության համաձայն էլ՝ իրենք քննարկում են «անկլավների» հարցը։ Նրանց տարբեր խոսնակների հայտարարություններից դատելով՝ նրանք մաքսիմալ փորձում են հասնել երկկողմ ձևաչափի, բայց նույն Ռուսաստանն ու Իրանը գնալով ավելի են ակտիվանալու ու փորձեն այդ «3+3» կամ «3+2» ձևաչափի շրջանակներում կողմերին պահել բանակցային սեղանի շուրջ։ Կարող է Բրյուսելում ինչ-որ ֆիկտիվ հանդիպում տեղի ունենալ, բայց բովանդակային առումով, չեմ կարծում, որ որևէ համաձայնություն ձեռք կբերվի։ 

Կրկին դատելով քարոզչությունից ու հայտարարություններից՝ հիմա Ադրբեջանում ակտիվորեն դեմոնիզացվում են Արևմուտքն ու արևմտյան դերակատարությունը, ու դա նպատակ ունի նրանց գործընթացից վերջնականապես դուրս մղելու, հատկապես որ շուտով Եվրոպայի խորհրդարանում են ընտրություններ, հետո ԱՄՆ-ում են ընտրություններ, ու դրանք կօգնեն Ադրբեջանին՝ կողմերին հեռու պահել գործընթացներից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am