Արա Աբրահամյանը նամակ է հղել Առաջին ալիքի գլխավոր տնօրենին՝ եթերում հնչած անընդունելի հայտարարությունների առնչությամբ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակ է հղել ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին՝ կապված ալիքի հաղորդավարների եւ փորձագետների «անիրազեկվածության եւ ոչ կոմպետենտության» հետ։

Նամակում Աբրահամյանը «ծայրահեղ մտահոգություն է հայտնել տարբեր հաղորդումներում գնալով ավելի ու ավելի տեսանելի հակահայկական միտման հետ կապված»։

«Միանգամայն անընդունելի են նման հայտարարությունները։ Դրանք վկայում են հաղորդավարների կատարյալ անիրազեկվածության եւ ոչ կոմպետենտության մասին։ Արդյո՞ք հաղորդավար Անատոլի Կուզիչևը և այսպես կոչված ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը պետք է ծաղրեին և քննադատեին Նենսի Փելոսիին՝ «աշխարհագրության չիմացության» համար։ Նրանք Առաջին ալիքով հայտարարում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի հարավում տեղի ունեցած իրադարձությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, և, հետևաբար, հնարավոր չէ որոշել՝ թե ով ում վրա է հարձակվել և ում տարածքի վրա։

Հարգելի՛ Կոնստանտին Լվովիչ, այս կոչի նպատակը, իհարկե, ձեր ղեկավարած հեռուստաալիքով եթեր թույլատրված մարդկանց անգրագիտությունը վերացնելը չէ, բայց, մեր կարծիքով, Առաջին ալիքն արժանի է հաղորդավարների և փորձագետների, որոնք առավել գրագետ և պրոֆեսիոնալ են։ Ուզում եմ նաև ընդգծել, որ այս տարվա սեպտեմբերին հարյուրավոր կյանքեր խլած դաժան ու մահաբեր հարձակումը Ադրբեջանի կողմից իրականացվել է հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, խախտվել են նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Գնդակոծվել են Գորիսը, Սիսիանը, Կապանը, Վարդենիսը, խորհրդային ժամանակներից հայտնի Ջերմուկ հանգստավայրը և այլն։ Վերոնշյալի օրինակն է այն փաստը, որ հենց Հայաստանում է աշխատում ՀԱՊԿ առաջավոր խումբը, որը երկիր է ժամանել իրավիճակն ուսումնասիրելու այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը դիմեց այս կազմակերպությանը»,-ասվում է Աբրահամյանի նամակում։

Աբրահամյանն ընդգծում է, որ նման ազդեցիկ հեռուստաալիքի համար անընդունելի է բացահայտ ապատեղեկատվություն տարածելը եւ  հակահայկական քարոզչություն անելը։

Նշենք, որ վերոնշյալ հաղորդման ընթացքում հաղորդավար Անատոլի Կուզիչևը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, որոշել էր նրան «դատապարտել» աշխարհագրություն չիմանալու մեջ՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի վերջին ագրեսիան իրականացվել է «վիճելի տարածքում», այսինքն՝ Արցախում։

Նույնն ասել է նաև փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը՝ վստահեցնելով, որ «հայ-ադրբեջանական ուժերի վերջին բախումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում»։

Ավելի ուշ հյուրերից մեկը՝ Դմիտրի Աբզալովը, ուղղել է հաղորդավարի ու հյուրերի սխալը՝ նշելով, որ բախումները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Արցախում։