Պուտինն ու Բայդենը Ժնևում կքննարկեն նաեւ ԼՂ հակամարտության հարցը․ Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում, ռազմավարական կայունության, COVID-19-ի հակազդման, կիբերհանցագործությունների դեմ պայքարը, գրում է РИА Новости-ն։

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ հիմնարար նախապատրաստական աշխատանքներ են տարվել, սպասվող հանդիպման օրակարգում արտացոլվել են գրեթե բոլոր թեմաները, որոնք այժմ անհանգստացնում են ռուսական ու ամերիկյան կողմերին։

«Այն է՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության հիմնական խնդիրները, տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհանցագործության դեմ պայքարի խնդիրները: Առանձին կքննարկվեն երկկողմ հարաբերությունների չլուծված խնդիրները, ինչից հետո կքննարկվեն տնտեսական համագործակցության թեմաները , կլիման, Արկտիկան և, իհարկե, կորոնավիրուսին հակազդելը », – ասել է Ուշակովը: