Մի խնայեք ձեր նյարդերը.Արամ Աբրահամյան

Կան պաշտոնյաներ, որոնք կառավարության նիստի օրը շենք են մտնում գլխավոր մուտքից: Օրինակ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ չնայած նա շատ լավ գիտի, որ այդ մուտքի մոտ անպայման կանգնած կլինեն որդեկորույս մայրեր, որոնք հաստատ կկանգնեցնեն նախարարին եւ դարձյալ կպատմեն իրենց վիշտը:

Բայց նա երբեք չի զլանում լսել այդ կանանց: Իսկ պաշտոնյաների մեծ մասը նման հանդիպումներից խուսափում է, կառավարություն է մտնում ետնամուտքից, չի ցանկանում բողոքավոր ժողովրդի հետ երկխոսության մեջ մտնել՝ պարզ է, որ այդ խոսակցությունների ժամանակ նրանց եւ իշխանությանն ընդհանրապես ոչ ոք չի գովաբանի: Իսկ հնարավոր անեծքները լսելու համար ամուր նյարդեր են պետք: Հիշում եմ, այդպիսի շփման ժամանակ պաշտոնյաներից մեկը դժգոհող քաղաքացուն անվանեց «համբալ»: Այսինքն՝ դու ոչ միայն պետք է համբերատար լսես մարդկանց բողոքը, ոչ միայն թեթեւ տանես նրանց ակնարկը կամ բացահայտորեն արտահայտած կարծիքը, որ «դուք բոլորդ ավազակ եք եւ թալանչի», այլեւ փորձես այդ ամենին չպատասխանել: Ինչ արած, եթե հաշվի առնենք այն բազմաթիվ «հարմարավետությունները», որոնք ուղեկցում են պաշտոնը, պետք է հաշտվել նաեւ որոշակի «նեղությունների» հետ:

21-րդ դարում, երբ բոլորի դեմքերը տարբեր ռակուրսներով ամեն վայրկյան հայտնվում են ինտերնետում, բացառված է «դերվիշի շորերով» ժողովրդի մեջ մտնելը: Ուրեմն պետք չէ խուսափել գոնե այդ հպանցիկ շփումներից, որքան էլ դրանք տհաճ լինեն: Եթե դուք տեղյակ չեք իրականությունից, հարգելի պաշտոնյաներ, ապա թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձեզ, մեղմ ասած, չի սիրում, այդ զգացմունքները նրանք ունեին մոտավորապես 92 թվականից եւ, ենթադրում եմ, կունենան եւս մի քանի տասնամյակ: Կարդալ ավելին