Ա՛յ ընկեր, քո վախերը, քո սխալները, քո ձախողումները մի՛ դարձրու ազգի սեփականությունը, դրանք քոնն են. Խաչատրյանը՝ Փաշինյանին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, այսօր Հայաստանի Առաջին հանրապետության օրն է: Այսօր ո՞րն է օրվա խորհուրդը:

– «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ». Հրանտ Մաթևոսյանի այս հիանալի միտքն այսօր առավել քան արդիական է: Մեր հաղթանակների նկատմամբ այս իշխանության այդ արատավոր պրոպագանդայի՝ պատմությունը մոռանալու, ամեն բան զրոյացնելու, հաղթանակներն արժեզրկելու համատարած այս վակխանալիայի մեջ Հայաստանն իսկապես սիրող մարդկանց համար այս օրն իսկապես կարևորագույն օր է: 

Դարերով անկախ պետականություն չունենալով ՝ 20-րդ դարի սկզբին մենք հնարավորություն ենք ունեցել ունենալ այն գերագույն արժեքներից մեկը, ինչից զրկված են հարյուրավոր ժողովուրդներ ու ազգեր: Մենք պետք է իմաստավորենք այս օրը, որովհետև եթե չլիներ 1918 թվականին ստեղծված Հայաստանի Առաջին հանրապետությունը, ապա չէր լինի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, մենք զրկված կլինեինք պետություն ունենալու շանսից, էլ չեմ ասում, որ հայ ժողովուրդը կարող էր զրկվել իր պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից: 

1918 թվականի անկախության հռչակումն էր, որ հնարավորություն տվեց 1919-ին 11 հազար քառակուսի կիլոմետրանոց ճանաչված պետությունը դարձնել մոտավորապես 40 հազար քառակուսի կիլոմետր: Առաջին հանրապետության այդ լավագույն շրջանում մեր բանակը կարողացավ ընդարձակել այդ փոքր պետության տարածքը: 

– «Երրորդ հանրապետության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ՝ մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար հենց սա պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել և մարսել մի քանի առանցքային իրողություն». մեջբերումս Փաշինյանի այսօրվա ուղերձից է, իսկ առանցքային իրողություններ ասելով՝ նա նկատի ունի «Իրական Հայաստանի» իր գաղափարախոսության հիմք հանդիսացող, մեզ արդեն ծանոթ կետերը: Համակարծի՞ք եք Փաշինյանի մտքին:

– Կուզենայի, որ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման ընթացքում գոնե մեկ ճիշտ բան ասեր կամ աներ, բայց դեռևս մնում ենք սպասելով: Փաշինյանը կատարում է սխալներ ու ազգին է մեղադրում սխալ լինելու մեջ, նա ունի ինչ-որ վախեր, որը տարածում է մեր ազգի վրա, ա՛յ ընկեր, քո վախերը, քո սխալները, քո ձախողումները մի՛ դարձրու ազգի սեփականությունը, դրանք քոնն են: 

Ինչ վերաբերում է մեջբերմանը. դա տեղավորվում է իմ նախորդ ասածի տրամաբանության մեջ, որ այս իշխանությունը իր քաղաքական պրոպագանդայով պայքարում է բոլոր եղած արժեքների, հաղթանակների դեմ: Ես ասացի, չէ՞, թե ինչ կարևոր նշանակություն ունեցավ 1918 թվականի անկախությունը մեր հետագա պատմության համար, հիմա այս ամենի դեմ պայքարելով, ձեռքբերումներն արժեզրկելով՝ ո՞ւր է ուզում գնալ: 

Իհարկե, խորհրդային պետությունն իր կառուցվածքով, գաղափարախոսությամբ և այլնով մենք չընդունեցինք ու հենց դրա համար էլ գնացինք անկախության ճանապարհով, ընդ որում՝ Հայաստանն առաջիններից էր, որ մերժեց Խորհրդային Միության պահպանման վերաբերյալ հանրաքվեին մասնակցությունը, Գերագույն խորհրդի մակարդակով է ընդունվել այս որոշումը, գնացել ենք անկախության ճանապարհով, ու այդ անկախությունը չի եղել օդից ընկած, դա եղել է շատ դաժան ճանապարհով ձեռք բերված: 

Ճիշտ է, Խորհրդային Միությունը իր քաղաքական համակարգով չէր նպաստում մեր ազգային շահերի իրականացմանը կամ պահպանմանը, ու հենց այդ պատճառով ենք մենք գնացել անկախության, բայց դա չի նշանակում, թե պետք է ջնջենք մեր նախորդ պատմությունը: Մեր պետության այսօրվա ղեկավարը հարգանք չունի մեր ազգի պատմության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի վախերն անցյալի հաղթանակների նկատմամբ ու պայքարը դրանց դեմ միակ հնարավորությունն են, որ նա կարողանա պահպանել իր գլխին ընկած իշխանությունը:

– Դուք ասում եք՝ զրոյացնում է, բայց Փաշինյանն ասում է՝ «Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ: ….. Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի Հանրապետության ուղեկիցը չեն»:

– Այս մեջբերմամբ՝ ապացուցում եք իմ ասածը: Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենանվաստացուցիչ, ամենածանր պարտության հիմնադիրն ու հայրը Նիկոլ Փաշինյանն է: Սրանից հետո է, որ սկսվել է Հայաստանը, մինչ այդ չի եղել Հայաստան, հայ ժողովուրդը չի ունեցել պատմություն, հաղթանակներ, ու միայն նրա օրոք է, որ մենք ունեցել ենք հաղթանակներ ու ինքնիշխանություն՝ ի դեմս Հայաստան-Ադրբեջան սահմանին կանգնեցրած առաջին սյան: 

Իսկ իրականում՝ ինքնիշխանության առումով, Հայաստանը գտնվում է ամենանվաստացուցիչ պայմաններում 2020 թվականից հետո, ու անկախության, սուվերենության նվազման գլխավոր հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Տգետ, անհեռատես կառավարման հետևանքով Հայաստանը բերել է ամենացածր սուվերենության մակարդակի: Ես՝ որպես երեսուն տարվա անկախ ՀՀ քաղաքացի, ինձ այսքան ստորացված չեմ համարել, ինչքան 2020 թվականից հետո: Իսկ այս խոսքերը, որ իրենք ասում են, միակ հնարավորությունն են, որ պահպանեն իրենց իշխանությունը, որովհետև իշխանության կորստից հետո՝ հաջորդ վայրկյանին, գալու է Նիկոլ Փաշինյանի ու ազգի դեմ հանցագործություն կատարողների պատասխանատվության պահը:

– Պարո՛ն Խաչատրյան, կարծում եք, Նիկոլ Փաշինյանը վստահություն ունի՞, որ ձեր ասած այս պրոպագանդայով կարողանալու է մարդկանց կոնսոլիդացնել ու մնալ իշխանության:

– Ես հուսամ, որ նման բան չի լինելու, բայց առնվազն իր կարծիքով, միակ հնարավորությունը ազգին կտրելն է այն իրականությունից, որն իր իրական Հայաստանը չէ, դա է իր միակ հնարավորությունը, ու իր իշխանությունը պահելն է նրա գերնպատակը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am