Այո՞, թե՞ ոչ «Ժառանգության» ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագիծը` բանավեճերի առիթ

Այո՞, թե՞ ոչ «Ժառանգության» ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագիծը` բանավեճերի առիթ
Այո՞, թե՞ ոչ «Ժառանգության» ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագիծը` բանավեճերի առիթ

«Ժառանգություն» կուսակցության կողմից ԱԺ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը քննարկումների տեղիք է տվել քաղաքական շրջանակներում: Մինչ հոկտեմբերի 5-ը նախատեսված նախագծի քննարկումը վերլուծաբանները, փորձագետներն ու քաղաքական ուժերը բանավիճում են, թե որքանո´վ է նպատակահարմար և ընդունելի «Ժառանգության» առաջարկը:
«ԼՂՀ ճանաչման մասին նախագիծը մենք դրել ենք որպես հրատապ հարց: Մենք կարծում ենք, որ վերջապես կստեղծվի մի վիճակ, երբ Ազգային ժողովն իր վրա կվերցնի քաղաքական պատասխանատվությունը այդ անորոշ վիճակի համար»,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, նախագծի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` Հայաստանում իշխանությունները դեռևս 92 թվականից հրաժարվում են Արցախի ճանաչումն անգամ դիտարկել որպես ԱԺ քաղաքական օրակարգում առկա գործոն:

«Մենք ցանկանում ենք, որ ի վերջո իշխող քաղաքական ուժը չմերժի հարցի ընդգրկումը մեծ օրակարգ»,- «Մեդիալաբին» ասում է Ալավերդյանը:

Սակայն ի հակառակ «Ժառանգության» պնդումների, իշխանական ՀՀԿ-ն հարցի շուրջ բավական «զուսպ» է արտահայտվում:

«Իմ կարծիքով` նման որոշում այսօր չի կարելի ընդունել, որովհետև ամբողջ աշխարհին մեր դեմ կհանենք: Եթե մենք արհամարհենք Մինսկի խումբը և միակողմանիորեն ճանաչենք անկախությունը, դրանով Հայաստանը մեծ վնաս կկրի»,- Ալավերդյանին հակադարձում է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագիծը «Ժառանգության» պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել դեռևս 2009 թ.:

Այս տարվա սեպտեմբերի 1-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստեփան Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ:

Օրինագծի 1-ին հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Թեև նախատեսվում է, որ Ազգային ժողովում օրինագիծը կքննարկվի հոկտեմբերի 5-ին, սակայն վերլուծաբաններն առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն` ի նկատի առնելով իշխանական կուսակցության` ՀՀԿ-ի, որը ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, այս հարցի վերաբերյալ բազմիցս հնչեցրած բացասական դիրքորոշումը:

«Դեռևս ժամանակը չէ, որ մենք պետք է շտապողականություն ցուցաբերենք որևէ հարցում։ Բանակցային գործընթացն ունի որոշակի տրամաբանություն, որն այս պահին նպատակահարմար չէ, որ խախտվի Հայաստանի կողմից»,- լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:

Օրինագծի` գործընթացին խանգարելուց վախենում է նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Ես դեմ եմ «Ժառանգության» այդ նախաձեռնությանը ոչ թե նրա համար, որ դեմ եմ ԼՂ անկախության ճանաչմանը, այլ որովհետև սա ավելի կվնասի գործին»,– ասում է նա:

«Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, սակայն, որ քաղաքական գործիչների նման պնդումները խուսանավելու փորձեր են, քանի որ գործընթաց այսօր գրեթե չկա:

«Բանակցային գործընթացը վաղուց արդեն փակուղի է մտել: Որպես այդպիսին գործընթաց չի էլ եղել, եղել է մտքերի փոխանակում, և ամեն անգամ, երբ Ադրբեջանն ինչ-որ բանից դժգոհ է եղել, մենք արձանագրել ենք հրադադարի ռեժիմի խախտում»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետի կարծիքով` չպետք է հարմար պահ փնտրել: Հայաստանը պետք է ճանաչի և նպաստի Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայաստանում, սակայն բոլոր փորձագետները չեն, որ վառ արտահայտված դիրքորոշում են ցուցաբերում հարցի վերաբերյալ:

«Եթե Հայաստանը ճանաչի անկախությունը, ապա դա շատ բան կփոխի հայաստանյան ներքաղաքական ուժերի դասավորության մեջ, բայց գրեթե ոչինչ չի փոխի հենց բանակցային գործընթացում»,- ասում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am