«Պատերազմի մեկնարկի հաջորդ օրվանից ոչ մի շիշ չի արտահանվել ո՛չ Ուկրաինա, ո՛չ Բելառուս, ո՛չ Ռուսաստան. շատ վատ վիճակ է». Ավագ Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ի՞նչ վիճակ է այժմ ալկոհոլային խմիչքների արտահանման շուկայում, ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնած՝ իրավիճակով պայմանավորված:

– Շատ վատ վիճակ է, պատերազմի մեկնարկի հաջորդ օրվանից ոչ մի շիշ չի արտահանվել ո՛չ Ուկրաինա, ո՛չ Բելառուս, ո՛չ Ռուսաստան, իսկ Հայաստանի հիմնական գործընկերներն այս երեքն են:

Իսկ մինչ այդ ի՞նչ պատկեր էր:

– Մինչ այս նորմալ էր, արտահանում էինք այդ երեք հիմնական երկրներ՝ գումարած Ղազախստանը: Ամեն տարի մենք այդ երկրներ, միասին վերցրած, մոտավորապես 280-300 միլիոն դոլարի ալկոհոլային խմիչք ենք արտահանել: Հիմնական արտահանվող խմիչքը կոնյակն է՝ 90% կոնյակ, 10% գինի:

Ստացվում է, որ այսօր արտահանումն այդ երկրներ իսպառ բացակայո՞ւմ է, պարո՛ն Հարությունյան:

– Այո՛, ալկոհոլային խմիչքի արտահանումը 100%-ով դադարել է, որովհետև ռուբլին արժեզրկվել է, ու վճարման խնդիր կա: Սպասում ենք, որ իրենք ներսում գները բարձրացնեն այնքան, որ դա բերի նաև խմիչքի գների բարձրացմանը: Հիմա եթե նույնիսկ իրենք խմիչք պատվիրեն, չեն կարող վաճառել, որովհետև ռուբլին արժեզրկվել է, նշանակում է՝ իրենք պետք է սպասեն, որ ներքին գները բարձրանան, կոմպենսացնեն ռուբլու արժեզրկումը, և երկրորդ՝ սպասեն այնքան, որ ռուբլու փոխարժեքը կայունանա, որ կարողանան պայմանագրեր կնքել:

Իսկ վերջին արտահանման գումարները վճարե՞լ են:

– Ամենամեծ արտահանման համար, որ արել ենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, պետք է վճարեին այս օրերին, այսինքն՝ հունվար-փետրվարից պետք է սկսեին վճարել, բայց հակառակի նման իրադրությունը սրվեց հենց այս ընթացքում, ու հիմա կուտակված մեծ պարտքեր կան: Այսօր հստակ չափը չեմ կարող ասել, բայց կարող եմ արձանագրել, որ դա մեծ խնդրի առաջ է կանգնեցնելու մեզ, որովհետև նախորդ արտահանման գումարն էլ չենք ստացել:

Այս հանգամանքը շատ լուրջ ազդեցություն կունենա նաև այս տարվա խաղողի մթերման վրա: Եթե անգամ ենթադրենք, որ այս պրոցեսը 2-3 ամսից կվերջանա, ապա ևս 3-5 ամիս կտևի, որ ամեն ինչ կայունանա, ինչը նշանակում է, որ մինչև մթերման սեզոնը մենք դրսից գումարներ չենք ստանա, ու այդ գործում մեզ լուրջ վտանգներ են սպառնալու:

Իսկ այս պարագայում խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, կառավարությունն ի՞նչ պետք է անի:

– Ստեղծված իրավիճակում մի քանի խնդիր կա, որոնք կառավարությունը պետք է լուծի: Առաջին խնդիրն այն է, որ բոլոր կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են վարկերով, չկա մեկը, որը խաղողը կամ այլ միրգ իր հաշվին է վերցրել, իսկ այդ վարկերի մարման ժամանակացույցը կախված է ռուսական ներհոսքից, հիմա դա չկա: Մեկ կամ երկու ամիս գործարանները կարող են իրենց ռեսուրսների հաշվին, չնայած կասկածում եմ, դիմանալ, բայց վարկեր չեն կարող վճարել: Այս պարագայում կառավարությունը պետք է վարկերի մարման ժամկետները երկարացնի, որովհետև մեկ ամսից պետք է վճարենք անցյալ տարի վերցված վարկերը:

Բացի այս, պետք է մտածի նաև նոր վարկերի տրամադրման մասին, ստեղծի ընդհանուր տնտեսական կառավարման համար օպերատիվ շտաբ, այսինքն՝ ոլորտի կառավարումը պետք է անցնի օպերատիվ շտաբին, որտեղ պետք է լինեն ոչ միայն կառավարության անդամներ, այլ այդ ճյուղերը համակարգող մասնագիտական խորհուրդներ: Պետք է ֆինանսների կառավարման շատ կուռ համակարգի անցնեն, ինչն արվեց Տիգրան Սարգսյանի ժամանակ 2014-15 թվականներին, ինչն էլ նպաստեց, որ դրամի կոլապս չառաջացավ:

Կառավարությունը նաև պետք է մտածի բարտերային համակարգի անցնելու մասին, ինչպես եղավ 1992-93 թվականներին, մշակի նաև այդ համակարգի ինչ-որ էլեմենտներ կամ վերականգնի այդ համակարգի էլեմենտները: Պետք է շատ ինտենսիվ աշխատի ու աշխատի այն մասնագետների հետ, որոնք անցել են ճգնաժամի փուլերով: Մենք ռուսական ռուբլու հետ կապված հինգ ճգնաժամ ենք տեսել՝ 1992-93 թթ., 1998-99 թթ., 2008-2009 թթ., 2014-15 թթ. և այսօրվա ճգնաժամը: Հիմա պետք է այդ նախորդ ճգնաժամերի փորձն ուսումնասիրեն ու կարողանան այս ճգնաժամին համարժեք քայլեր ձեռնարկել:

Կառավարությանը տեղեկացրե՞լ եք առկա իրավիճակի մասին, խնդիրը կարգավորելուն միտված աշխատանքներ արվո՞ւմ են արդեն:

– Չենք տեղեկացրել, չեմ էլ կարծում, թե ինչ-որ աշխատանքներ արվում են: Բայց իմ ասածը վերաբերում է ամբողջ տնտեսությանը, միայն կոնյակն ու գինին չեն, որովհետև Ռուսաստանը մեր ողջ տնտեսության 70%-ի գործընկերն է, իսկ եթե կառավարությունը ինտենսիվ քայլեր չձեռնարկի, տնտեսության ցանկացած ոլորտի համար լրջագույն խնդիրներն անխուսափելի են լինելու:

Պարո՛ն Հարությունյան, իսկ ձեր արտադրանքի արտահանման համար ուրիշ գործընկեր պետություններ փնտրո՞ւմ եք:

– Դե ուրիշ ճար չկա, ամեն տարի մենք 1-2%-ով հեռանում ենք ռուսական շուկայից և 3%՝ հետճգնաժամային շրջաններում, այնպես որ, ճգնաժամը կօգնի, որ կարողանանք պոկվել ռուսական շուկայից: Բայց հիմնականը շարունակում են մնալ իմ նշած երկրները, իսկ մյուս երկրները ընդամենը 1-2%-ն են կազմում մեր տնտեսության մեջ:

Իսկ հայկական արտադրանքը մրցունա՞կ է:

– Չէ՛, այն, ինչ ռուսական շուկայում է, համապատասխանում է հենց այդ շուկային, որպեսզի շուկաները փոխվեն՝ պետք է փոխվեն նաև արտադրանքի մեթոդները, չափորոշիչներն ու այլն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am