«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը
– Պարո՛ն Պիպոյան, Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հարկային օրենսգրքում 2025 թվականի հունվարի մեկից ուժի մեջ մտնող փոփոխությունները, նշել է, որ դա իրականում այնքան էլ վատ չէ, ինչպես ասում են, այլ՝ «շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը ետ բերելու»։ Ո՞վ է իրավացի այս հարցում՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այն մասնագետները, որ պնդում են, թե այս փոփոխությունը ավելի է ծանրացնելու սպառողների բեռը։
– Կամայական պրոցես, եթե լինի առանց փաթեթավորման՝ դժվար է ընթանալու: Բնականաբար, ինչպես սննդում համեմունքները, այնպես էլ այս դեպքում այդ փաթեթավորումները՝ յուրատեսակ համեմունքներով, նախադասություններով, արվում են բացառապես նրա համար, որ փորձ արվի ավելի սահուն անցում կատարել այն հարկման համակարգին, որը ցանկանում է իշխանությունը։
Բոլորն են քաջ գիտակցում, որ կա բյուջեի հավաքագրման խնդիր, իրականում բոլորն են հասկանում, որ տնտեսական թռիչքաձև աճից հետո, արդեն արտաքին գործոններով պայմանավորված, այդ լավ միջավայրը գնալով բալանսավորվում է, ու սկսելու էր երևալ իրական բյուջեի, տնտեսության վիճակը, ու հիմա լրացուցիչ հարկահավաքման պրոցես է սկսվում:
Ավելին ասեմ՝ չեմ զարմանա, որ անգամ մի փոքր ավելի գնաճը, որն անպայման տեղի կունենա, Կառավարությանը չանհանգստացնի, ասեմ՝ ինչո՛ւ, որովհետև այդ գնաճն իր հերթին բերելու է շրջանառության ու նաև հարկերի հավաքագրման աճի։ Այսինքն՝ բյուջեի կատարողականի, բյուջեի մուտքերն ապահովելու համար անգամ գնաճային ֆոնով պայմանավորված հավաքագրումը գործադիրին չի խանգարի։
Երբ ասում են, թե բացասական ազդեցություն չի ունենա, միանգամից շատ ավելի ոչ պակաս ակտուալ թեմա եմ հիշում, երբ հանրային տրանսպորտի գնի բարձրացումը քաղաքապետարանն ամեն կերպ՝ մանիպուլյացիոն թվերով փորձում է համոզել, որ էական թանկացում չի լինելու, բայց անգամ Կենտրոնական բանկը 0,5 տոկոս կանխատեսում է տալիս։ Այդ 0,5 տոկոսը կարող է փոքր թիվ թվալ, բայց դուք պատկերացնո՞ւմ եք 3 տոկոսի մեջ 0,5 տոկոսը։ Այսինքն՝ երկրի ընդհանուր գնաճային ֆոնի մեջ, տարվա կտրվածքով, 16-17 տոկոսը պայմանավորված է լինելու միայն տրանսպորտով, որպեսզի հասկանաք, թե ինչ ահռելի թվի մասին ենք խոսում ընդհանուր գնաճի մեջ, երբ ասում ենք 0,5 տոկոս։
Հիմա բերեմ շատ բնորոշ օրինակ․ մեր բոլոր հայրենակիցները պետք է մյուս տարվանից եկամուտների հայտարարագիր ներկայացնեն, հայրենակիցների մի ստվար զանգված դա չի կարող ինքնուրույն անել, դիմելու է հաշվապահի։ Երբ հաշվապահական ծառայությունը՝ հարկը, թանկանում է, այդ հարկի մասը, ի՞նչ եք կարծում, վճարվելո՞ւ է քաղաքացու կողմից, թե՞ չէ: Եթե հաշվապահն այդ գործն անելու էր պայմանական 10.000 դրամով, 5 տոկոսը, այսինքն՝ 500 դրամը, վճարելու էր, 9500-ը փաստացի մնալու էր իրեն, հիմա հաշվապահը դա անելու է 10.000-ո՞վ, որ 30 տոկոս հարկ վճարի, ու 7000-ը մնա իրեն, թե՞ 12.500-ով, որ իր 9500-ը մնա իրեն: Բնականաբար, հաշվապահը ծառայությունը մատուցելու է 12.500-ով։ Ի վերջո, այդ գումարը վճարողն ո՞վ է, քաղաքացին։
Այսինքն՝ իրականում հասկանում ենք, որ երբ խորանանք դետալների մեջ, ապա բոլոր դետալներով կփաստվի, որ գործ ենք ունենալու գնաճի հետ, ու այդ գումարը վճարելու է քաղաքացին, բայց եթե քաղաքացուն ասեն՝ վճարելու ես, ապա նա հանրային աջակցություն չի ցուցաբերի, իսկ երբ քաղաքացուն ասում են՝ դա թալանը հետ բերելու համար է, ինքն արդեն ոչնչի մեջ չի խորանում ու մտածում է, որ թալանը հետ բերեն, իր կյանքը լավանալու է, ինչպես սպասում է 6-7 տարի։
– Նիկոլ Փաշինյանը նաև պնդում է, որ «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը բնավ էլ փոքր և միջին բիզնեսը վերացնելու և նրանց ճնշելու համար չէ։ Այդպե՞ս է։
– Ո՞նց չեն տուժելու, եթե փոքր բիզնեսը սկսելու է շատ հարկ վճարել։ Փոքր բիզնեսը կամ սկսելու է ավելի ցածր եկամտաբերությամբ աշխատել, կամ գինը բարձրացնելու է, որ հարկման այդ բազային դիմանա ու, բնականաբար, ոչ մրցունակ է դառնալու խոշորի համեմատությամբ:
Ավելին ասեմ՝ տարիներ առաջ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը գերակայություն էր հայտարարված, ի՞նչ եղավ, ՓՄՁ-ն քանի՞ տոկոս աճ տվեց։ Տեսեք՝ օրերս Հ1-ի եթերում էկոնոմիկայի նախարարությանը հարցրին՝ թե ո՞նց եք պատկերացնում տնտեսությունը, ասացին՝ կարո՞ղ է գիտեք, թե սա քննություն է, սա նշանակում է, որ այս մարդիկ հարցի պատասխան չունեն:
Հիմա հարց է առաջանում, օրինակ՝ ՀՆԱ-ի մեջ ՓՄՁ վերևի շեմ ունե՞նք, ինչքա՞ն ենք ուզում, որ լինի, թե՞ ուզում ենք չլինի։ Ընդհանուր տեսլականի մասին պետք է խոսենք, պետք է հասկանանք՝ 6 տարվա կտրվածքով ո՛ր նշաձողերին մոտ եկանք։
– Պարո՛ն Պիպոյա՛ն, ստացվում է, որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից արվող հերթական մանիպուլյացիա՞ն է։
– Իհարկե, ընդամենը հարկ հավաքելու, բյուջեի մուտքերն ապահովելու խնդիր կա։ Շատերն ասում են՝ եթե ամեն ինչ էդքան վատ է, ինչո՞ւ չենք նկատում: Մի պարզ օրինակ բերեմ. երբ մարդը վարկ է վերցնում ու չի կարողանում այդ վարկը փակել, նա վարկ վերցնելու քանի՞ տեղ ունի: Ընտանիքի անդամները չեն հասկանալու, որ գործերը վատ են, մինչև գրավադրված տունը կորցնում են, ընտանիքի անդամները այդ քանի տարիներին ոչինչ չեն նկատում։
– Այսինքն՝ 2025-ին ՀՀ քաղաքացուն ինչպիսի՞ կյանք է սպասվում։
– Միանշանակ ու երաշխավորված՝ ավելի թանկ ու դժվար կյանք։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















