«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարությունը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ․

Ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համգումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի և փետրվարի 20-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.

1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։

2․ Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու հետևյալ սկզբունքները․

ա) սահմանել Հայաստանի Հանրապետության զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագիր,
բ) քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցության հիմք ընդունել 1991-1998, 1998-2008, 2008-2018, 2018-2023 թթ ժամանակահատվածների քաղաքական գնահատականների ընդհանրությունը,
գ) հանրային քննարկման ներկայացնել ապագա կառավարության ՀՀ ռազմավարական զարգացման ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գզրոցներում մնացած կամ մերժված ծրագրերը,
դ) յուրաքանչյուր ոլորտի ծրագիրն իրականացնող ապագա պաշտոնյային որոշել  մրցակցային սկզբունքով,
ե) համաձայն ՀՀ զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագրի, վարչապետի թեկնածուի համար սահմանել 100-օրյա հակաճգնաժամային գործողությունների փաթեթ,
զ) վարչապետի թեկնածու առաջադրել երկամյա միջնաժամկետ ծրագրի իրականացումն ստանձնող և դրա շուրջ քաղաքական, հանրային համախմբում ապահովող գործչին։

3. Կուսակցության ակտիվին նախապատրաստել Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին։