«Իր ամբողջ կենսագրության ընթացքում Քոչարյանը մեկ օր անգամ քաղաքականությամբ չի զբաղվել, հիմա ո՞նց եք պատկերացնում՝ օր ծերության դառնալու է քաղաքական գործի՞չ». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

-Պարո՛ն Սաֆարյան, Վերաքննիչ քրեական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դարձյալ կալանավորելու որոշում կայացրեց։ Վերջին զարգացումների ֆոնին սպասելի՞ էր այս որոշումը։

-Այնպես չէ, որ ես սպասում էի, որ այսպիսի վճիռ կլիներ, իսկապես չափազանց մեծ է անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Բայց ես կարծում եմ, որ այս վճիռը, բարեբախտաբար, արդարադատության ծիրի մեջ էր։

-Քոչարյանը հայտարարեց, թե օրենք ու օրինականություն չկան երկրում։ Ընդհնարապես նրա հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։

-Պարոն Քոչարյանի պատկերացումներն արդարադատության մասին մենք տասը տարի տեսել ենք։ Նրա համար արդարադատությունն այն է, երբ ինքը և իր մերձավորներն ամենածանր հանցագործությունների համար անպատիժ են մնում։ Նրանց պատկերացրած արդարադատությունը դա է։ Եվ թերևս նրա իրականացրած արդարադատության գագաթնակետերից մեկը Պողոս Պողոսյանի սպանության դատավարությունն էր, երբ սեփական թիկնապահը մեկ օր անգամ չնստեց։ Սա է նրա պատկերացրած արդարադատությունը, և նա պատկերացրել է, որ այդ ամբողջ արդարադատությունը կտարածվի իր ու իր շրջապատի, մերձավորների վրա, և դա կլինի ցմահ։ Եվ այսօր զարմացած է, որ հանկարծ Հայաստանում վերականգնվում են սահմանադրականությունը, օրենքը, կիրառվում է պատժելիության սկզբունքը, և դրանից նա չի կարող ուրախ լինել։ Ի վերջո, 20 տարի առաջ նա պատահական չի տապալել Հայաստանի դատական իշխանությունը՝ լավ իմանալով, թե ինչով է զբաղվելու։

-Իսկ դատական համակարգը այսօր բարեփոխվելու նշաններ ցուցաբերո՞ւմ է, նման վճիռները ի՞նչ են փաստում։ Թե՞ վեթինգի անհրաժեշտությունը մնում է օրակարգային։

-Ո՛չ, սա շատ սիտուացիոն ու էպիզոդիկ դրվագ է։ Մենք տեսնում ենք արդարադատության ու պատվերի կռիվը այդ համակարգում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ճնշում դատարաններին, չի զանգում դատավորներին և պատվերներ չի հնչեցնում։ Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգում չկան սողանցքեր, որոնցով նախկին տերերը ազդում են։ Եվ այդ տատանումները, որոնք մենք տեսնում ենք՝ իրար հակադրվող դատական ակտերի տեսքով, թերևս դրա վառ ապացույցն են։ Սահմանադրական դատարանի տխրահռչակ նախագահի պահվածքը դրա ապացույցն է, ով ձեռքերը շփում էր ու հավանաբար պատրաստվում էր Քոչարյանին անձեռնմխելի ճանաչել ցմահ, բայց այժմ ձեռնունայն նստած է։ Իհարկե, կան խնդիրներ՝ դատավոր Գրիգորյանը, որը կայացրեց Քոչարյանին կալանքից ազատելու ապօրինի և ակնհայտ խայտառակ վճիռը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով մտադիր էր Քոչարյանի գործը փակել։ Այնպես որ, ամբողջ դատական համակարգի լիակատար անկախության մասին խոսել հնարավոր չէ, քանի դեռ այդ համակարգը չի ֆիլտրվել վեթինգի մեխանիզմով, քանի դեռ այդ համակարգից չեն հեռացվել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դեմ կայացրած վճիռների հեղինակ դատավորները։

-Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարեց, որ իրավական ճանապարհով պայքարից բացի քաղաքական պայքար էլ կծավալեն։ Նաև Քոչարյանն է իրեն հռչակել իշխանություններին ընդդիմադիր բևեռ։ Այդուհանդերձ, նա քաղաքական դաշտում հաջողելու շանսեր ունի՞։

-Իր ամբողջ կենսագրության ընթացքում Քոչարյանը մեկ օր անգամ քաղաքականությամբ չի զբաղվել։ Նա խարդավանքների մեխանիզմով, ներթիմային ինտրիգների ճանապարհով կարիերա է արել, որը քաղաքականություն չէ։ Հիմա ո՞նց եք պատկերացնում՝ օր ծերության նա դառնալու է քաղաքական գործի՞չ։ Իհարկե ո՛չ, պարզապես դրանք հայտարարություններ են, որոնք արվում են։

Քոչարյանի նկատմամբ հանրային վերաբերմունքն այնքան հստակ է, որ այս որոշումից հետո փողոց ես դուրս գալիս, տեսնում ես մարդկանց մոտ տոնական մթնոլորտ է։ Ինձ ցույց են տալիս միմյանց գրված նամակներ, որ մարդիկ իրար շնորհավորում են։ Հանրային աջակցությունից զրկված լինելու պարագայում մարդն ի՞նչ քաղաքականությամբ պետք է զբաղվի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am