«ՌԴ-ն պետք է Ադրբեջանից բացատրություն պահանջեր Հայաստանի տարածքը թիրախավորելու համար». Ազատ Արշակյան

Լուսանկարը՝ 24news.am

«Մեդիալաբի» հարցազրույցը Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ

– Պարո՛ն Արշակյան, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել հիմա դիվանագիտական ճակատում։ Երեկ էլ վարչապետն իր ուղերձում, կարծես, հրաժարվեց առաջարկվող բանակցային փաստաթղթից։

– Ո՛չ, հրաժարվել չէի ասի։ Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանը հավատարիմ է իր նախորդ հայտարարությանը, հիշում եք երևի, որ նա ասում էր՝ փոխշահավետ իրավիճակ պետք է ստեղծվի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար։ Այդ երկրները պետք է ստանան այն, ինչ ուզում են։

– Բայց կարծես Ադրբեջանն ավելին է ուզում։

– Այո՛, այո՛ և, ի դեպ, հիմա ավելին է ուզում, քան ունեցել է Սովետական Միության ժամանակ։ Այդ ժամանակ կար Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ Ստեփանակերտ մայրաքաղաքով։

Հիմա Ադրբեջանը նույնիսկ դա չի ճանաչում և ԼՂԻՄ-ի մարզն էլ հետն է ուզում։ Նույնիսկ ինքնավար մարզի կարգավիճակն է մերժում։ Հիմա ես կարծում եմ՝ ԵԱՀԿ-ն այս հարցում անելիք ունի և Ադրբեջանին պետք է պարտադրի զիջել դիրքերը. եթե մեզ պարտադրում են զիջում, նրանց էլ պետք է պարտադրեն զիջում, եթե մեզ պարտադրում են կապիտուլյացիա, մենք կգնանք մինչև վերջ։

Նիկոլ Փաշինյանը հենց դա էր ասում։ Մենք պարտության հետ համաձայն չենք։ Մենք պատրաստ ենք պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև անվտանգության համար։ Բայց Նիկոլ Փաշինյանի ուղերձը շատ դրամատիկ էր։

– Ի՞նչ նկատի ունեք։

– Այն, որ զոհեր ունենք, որ նահանջում ենք։ Դա շատ դրամատիկ է։ Դա ամենածանր բանն է, որ կարող է ասել երկրի ղեկավարը իր քաղաքացիներին։

– Բայց նաև ասաց, որ դա հուսահատվելու համար չի ասում, այլ պարտավոր է ճշմարտությունը փոխանցել հանրությանը։ 

– Դա երկրորդական է։ Քաղաքացիների համար կարևոր է երկրի կարգավիճակը՝ պարտված թե հաղթած, փոխզիջումների գնացող երկիր։ Այսինքն՝ երկրի ղեկավարը մեզ դա պետք է ասի, պետք է ոգեշնչի մեզ։

– Պարզ է։ Պարո՛ն Արշակյան, այս իրավիճակը պարբերաբար զուգահեռում են 90-ականների պատերազմի հետ, ներկայացնում, որ մի պահ պարտվել ենք, մի պահ հաղթել և այլն…

– Այո՛, այո՛, ես էլ եմ դա ասում։ Այդ նահանջը, վստահ եմ, ժամանակավոր է, իհարկե առաջ կգնանք։ Մի քիչ էլ դիմացեք, երկրի ղեկավարը, կարծում եմ, նաև հենց դա էր ասում՝ հետ ենք վերցնելու այդ տարածքները կամ պարտադրելու ենք փոխզիջումների մեր բանաձևը։

Չի լինելու միայն մեր զիջումը։ Ժամանակավոր դժվարություններ են, նոր միջոցներ ու ռեսուրսներ կհայթայթենք և կորցրածը հետ կվերցնենք։

– Պարո՛ն Արշակյան, երեկ ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում թիրախավորել ու հարված են հասցրել ռազմական օբյեկտի։ Սակայն ՀԱՊԿ-ը մինչև հիմա որևէ կերպ չի արձագանքել։ Միայն ասում են, որ ուսումնասիրում են։ Տարօրինակ չէ՞ այդ լռությունը։

– Ադրբեջանը, ի դեպ, հենց ինքը հայտարարեց, որ կանխարգելիչ հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում ՀՀ ԶՈՒ ռազմական օբյեկտին՝ ոչնչացնելով որոշ զենքեր։

Ես կարծում եմ՝ այդ մասին հայկական կողմի հաղորդած տեղեկությունից հետո մեր դաշնակից Ռուսաստանը պետք է հանդես գար հայտարարությամբ, քննադատեր նման վարքագիծը և ավելին, ժամանակավոր կասեցներ հարաբերությունները հարձակվող երկրի հետ։

ՌԴ-ն պետք է Ադրբեջանից բացատրություն պահանջեր կատարվածի համար։ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի «դաշնակիցները» պետք է համերաշխեին մեզ հետ ու աջակցություն խոստանային։

Այս ամենից իրականում պարզ է դառնում, որ մեր դաշնակիցները մեր դաշնակիցը չեն, նրանք մեր կողքին չեն, այսինքն՝ նրանք հիմա դասալիք են։ Դասալքության փաստի առաջ ենք մենք հիմա կանգնած՝ դաշնակիցները իրենց պարտավորությունները չեն կատարում, նշանակում է՝ մեզ լքել են։

– Լավ, ո՞րն է ելքը։ 

– Հայաստանը պատերազմից հետո քայլեր կանի, հիմա որևէ քայլ անելը մեզ ոչինչ չի բերի։ Քայլն այն է, որ մենք արդեն քննարկում ենք Լավրովի առաջ քաշած ծրագիրը։ Դա արդեն քայլ է։

Խոստովանում ենք, որ մենք նահանջել ենք, զիջել ենք, կորցրել ենք տարածքներ ու մեծ թվով զոհեր ունենք։ Իսկ պատերազմից հետո կարելի է լրջորեն խոսել։

Ես առաջարկում եմ՝ բոլոր այդ կազմակերպություններից դուրս գալ, եթե նրանք մեր դաշնակիցները չեն։

Նրանք մեզ պահելով այդ կազմակերպություններում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն, թուլացնում են, դարձնում են ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության թիրախը։ Նրանք մեզ զրկում են նաև այնտեղի դաշնակիցներից։

Այ դա՛ է խնդիրը։ Դրա համար պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և այլն։ Ինչքան շուտ՝ այնքան լավ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am