Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ

Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ
Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ

Կրթության ոլորտի որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնում, որ հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմամբ քարոզչություն է իրականացվում, մինչդեռ մասնագետների մի մասը առարկայի դասավանդումը համարում է անհրաժեշտություն՝ նշելով որ քրիստոնեական դաստիարակությամբ երեխաների մոտ դրվում է բարոյական արժեքների հիմքը:

«Մեդիա կենտրոնում» այս թեմայի շուրջ փետրվարի 12-ին բանավեճ ծավալեցին և իրենց մասնագիտական տեսակետները հնչեցրին Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանը, կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը և Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի ավագ մանկավարժ Գոհար Սարգսյանը:

Նշենք որ հանրակրթական շուրջ 50 դպրոցում 2-4-րդ դասարանների համար փորձառական ծրագրով ներդրվել է Հայոց եկեղեցու պատմություն առարկան:   

Արմինե Դավթյանն ասում է, որ դասագրքերը ուսումնասիրելիս մի քանի մտահոգիչ կետեր է առանձնացրել:

«Եթե դիտարկում ենք առարկան իր բովանդակությմաբ, այն ստացվում է որոշակի միակողմանի և ընդհանրական, հանրային համայնապատկերը հաշվի չառնող մի դասընթաց, որը նպատակ է դրել ինչ որ մի ուղղություն առաջ տանելու և  այդպես խախտելու մարդու իրավունքների որոշակի ոլորտ»,-ասում է Դավթյանը:

Նա ընդգծում է, որ դասագրքերի միջոցով քարոզչություն է տարվում, ինչն էլ առաջ է բերում իրավական լորոտի հիմնախնդիրներ:

«Դասըթնացի վերնագրերը անհնար է քարոզչություն չանվանել: Օրինակ՝ Ադամի և Եվայի ընտանքինը, Կայեն և Աբել, Կայենի և Աբելի ընծաները Աստծուն,  Նոյ նահապետ, Նոյի որդիները, Տապանի կառուցումը: Սկսած նրանից, որ  այս առարկաները կրկին դասավանդվում են 5-րդ դասարանում, հիմա էլ մտցված է 2-րդ դասարանում «Ընտանիք» վերանգրի տակ, որն իր մեջ դավաբանական հարց է  պարունակում, քանի որ ես կարող եմ հավատալ Նոյը կա՞, թե՞ չկա, կամ Նո՞յն է իմ նահապետը, թե՞ ոչ:  Ես կարող եմ հավատալ Ադամի և Եվայի պատմությանը, կարող եմ և չհավատալ որպես իսկություն, իսկ եթե մի հարց առաջ է քաշում հավատալ-չհավատալու և գիտական ապացուցման հիմնախնդիրը, այստեղ արդեն դավանաբանության հարց է առաջ գալիս»,-հավելում է Դավթյանը:

Նա նշում է, որ առարկայի դասավանդումը վնասում է երեխայի ինտեգրացիայի միջավայրը. «Երեխային դիտարկում են որպես աղանդավորի ընտանիքի երեխա կամ աղանդավոր և երեխաների միջև սերմանվում է հակասություն, միմյանց նկատմամբ թշնամանք: Սկսում են դասակարգել երեխաներին, թե դու հավատացյալ ես, իսկ դու անհավատ ես, ու երեխաները հարկադրված են թաքցնել իրենց կրոնական պատկանելիությունը»,-նշում է Դավթյանը:

Անահիտ Բախշյանը հակադարձում է  և ասում, որ «Կրության մասին» օրենքով է ամրագրված, որ Հայ եկեղեցին պետք է մասնակցի երեխաների հոգևոր կրթությանը:

«Ուսումնական այս առարկայի ներդրումը շատ կարևոր նպատակ է հետապնդում. մեր երեխաների մեջ ամրագրել մեր քրիստոնեական արժեքները որպես բարոյական արժեքների հիմք: Ես կառաջարկեի նույնսիկ առաջին դասարանից մտցնել առարկան: 1999-ին, երբ ես դպրոցի տնօրեն էի, ու առաջին դասարանից ներդրեցի այդ առարկան, զուգահեռ նաև «Քաղաքացիական իրավունքը» ու ներառական կրթությունը, այս երեքը իրար շաղկապելով առաջ գնացին: Այս առարկան վեց տարեկան երեխային լավը ու վատը, տգեղը և գեղեցիկը ընտրելու համն է դնում բերանը: Այսինքն մենք սովորեցնելու ենք իրենց ընտրել»,-նշում է Բախշյանը:

Մյուս կողմից Բախշյանն ընդգծում է, որ չպետք է բռնանալ այն երեխաների վրա, որոնց ծնողները այլ կրոնական կազմակերպության հետևորդ են և չեն ուզում, որ իրենց երեխաները մասնակցեն այդ առարկայի ժամին:  

«Իմ տնօրեն եղած ժամանակ, երբ ծնողներն ինձ մոտենում էին ու ասում՝ մենք առաքելական եկեղեցու անդամ չենք, ասում էի ահա թուղթը և գրիչը, դիմում գրեք, որ այդ ժամին ձեր երեխան չպետք է մասնակցի  դասին և այդ ժամի պատասխանատվությունը դուք եք կրում ձեր երեխայի համար: Միշտ լուծումը կա, դպրոցը կարող  լուծումը գտնել,  չպետք է  բռնանանալ»,-նշում է Բախշյանը:

Գոհար Սարգսյանն ասում է, որ կիսում է դպրոցում՝ քրիստոնեկան մշակույթի ծանոթացման և բարոյագիտական սկզբունքների ձևավորման մոտեցումը:

«Մեր ճեմարանում առարկան դասավանդվում է  միջին դպրոցում և մենք ակտիվ հանդիպումներ ենք ունենում նաև հոգևորականների հետ: Բայց ինչ վերաբերում է կրտսեր դպրոցին, ես աշխատում եմ հենց 6 տարեկան երեխաների հետ, ու կարծում եմ, որ չպետք է  նորից ևս մեկ առարկայով ծանրաբեռնել երեխաներին: Ինչու՞  նորից մենք ծանրաբեռնենք երեխաներին, փոխարենը վերցնենք մեր մայրենին, այնպիսի թեմատիկա կա մայրենիում ընգրկված, որ կարող ես համահունչ դասավադնել և անդրադառնալ և հայրենիքի թեմային, և ընտանիքի: Ինչու՞ այդ հատիկները կամաց-կամաց չներդնել այդ առարկներում,  դասվարը մեծ հաճույքով դա կանի:  Բայց որպես առանձին առարկա չծանրաբեռնենք, ես դեմ եմ առարկա հասկացությանը»,-նշեց Սարգսյանը:

Մարիետ Սիմոնյանն ասում է, որ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցում ունեն տաղավար տոներ:

«Մեր տոները տարբեր կրթական օղակներում իրականացվում է տարբեր կերպ, մեր մոտեցումը խիստ մանկավարժական է: Կրթությունը չի կարող կյանքից անջատված լինել: Երբ որ մենք խոսում ենք 3-4 տարեկան երեխայի մասին, ինքը ծեսերի ի՞նչ է, չի՞ մասնկացում, Զատի՞կ, հարսանի՞ք, Վարդավա՞ռ, Սուրբ Ծնու՞նդ: Երեխան դրա մեջ է  ապրում, ինքը դրա մասնակիցն է, այ թե դա  ինպչես պետք է ներկայացնել ու բացատրել, լուրջ  հարց է: Մենք չունենք առարկա, որ հենց դասավանդենք, մերը «Իմացումի հրճվանքն» է, և կրտսեր դպրոցում, և միջին դպրոցում: Դա բաժանված է տարբեր առարկաների մեջ և մենք թե հոգևոր երաժշտություն ենք անցնում, թե գրաբար ենք սովորում կարդալ: Ու մեզ մոտ կան տարբեր կրոնի հետևորդներ, անգամ արաբ և հնդիկ երեխաներ ունենք, ովքեր մասնակցում են այդ առարկաների դասվանդմանը:  Բայց մեզ մոտ Հայոց եկեղեցու պատմություն առարկա՝ որպես  մեկ դասագիրք, որպես ուսումնական նյութ չունենք և չի դասավանդվում»,-հավելում է Սիմոնյանը:

Լիլիթ Առաքելյան

«Մեդիա կենտրոնի ծրագրի խմբագիր-համակարգող

http://www.youtube.com/watch?v=5h84KeDEAqY