«Այլեւս ոչ դեղորայքով, ոչ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ». «Հարսնաքար» ռեստորանում ծեծված բժշկի վիճակը ծայրահեղ ծանր է

«Այլեւս ոչ դեղորայքով, ոչ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ». «Հարսնաքար» ռեստորանում ծեծված բժշկի վիճակը ծայրահեղ ծանր է
«Այլեւս ոչ դեղորայքով, ոչ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ». «Հարսնաքար» ռեստորանում ծեծված բժշկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկու օր առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մյուս տուժողները համեմատաբար կայուն վիճակում են, իսկ մինչ այդ իրավապահները դժվարանում են որոշել՝ որ գերատեսչությունը պիտի զբաղվի միջադեպի քննությամբ:
Պաշտպանության նախարարության Երեւանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր 33-ամյա Ավետյանին այսօր կրկին վիրահատել են: Վիրահատող բժիշկ Հակոբյանը նշում է, որ փորձել են կանխել ուղեղի շարունակվող այտուցումը, սակայն Ավետյանին այլեւս ոչ դեղորայքով, ոչ էլ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ.

«Այստեղ արդեն բժշկությունից չի կախված, ցավոք: Բարենպաստ նախադրյալների մասին դեռեւս խոսել չեմ կարող»:

33-ամյա Ավետյանի ուղեղում առաջացել է հեմատոմա, որի հետեւանքով գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Հունիսի 17-ին՝ ծեծից հետո, գիշերը 03:00-ին նա հոսպիտալ էր տեղափոխվել եւ ենթարկվել էր գանգուղեղի վիրահատության:

Հունիսի 17-ին Ավետյանի հետ ծեծի ենթարկված Զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը այսօր Ազատություն ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես են «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում ծեծել իրեն ու ընկերներին:

Նրա խոսքերով՝ իրենք 5 հոգով փորձել են մուտք գործել ռեստորան, սակայն մատուցողը բժիշկ Վահե Ավետյանին ասել է, որ նա սպորտային համազգեստով է եւ չի կարող ռեստորան մտնել: Բայադյանի փոխանցմամբ՝ Ավետյանը ընկերոջ հետ տուն է գնացել, փոխել տաբատը եւ կրկին վերադարձել:

Երբ արդեն նստել են սեղանի շուրջ Ավետյանը մատուցողին ասել է, թե կարող է՞ գլխարկն է էլ արգելվում ռեստորանում եւ գլխարկը նույնպե՞ս պետք է հանի, իսկ մատուցողը վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին հրավիրել դուրս: Իրենք նույնպես դուրս են եկել Ավետյանի ետեւից եւ որից հետո, ըստ Բայադյանի, ինչ- որ մեկը, չի կարող ասել՝ մենեջերը, թե անվտանգության աշխատակիցը, իրենց ուղեկցել է ավտոկայանտեղի:

«Որ արդեն գնում ենք, տեսնում ենք՝ մի 10-15 հոգի կանգնած են: Երբ մոտենում ենք, ամեն մեկիս շրջափակում են մի 4-5 հոգի: Ում հետ ես զրույց էի անում, ուղղակի հայհոյեցին ու հարվածեցին: Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են ոտներով, ծնկներով: Վերջին հարվածի ժամանակ վերջին խոսքը տպավորվեց՝ «լավ, մեռավ, էլ մի խփեք». արդեն, երեւի թե, բոլորս գիտակցություններս կորցրել էինք: Ու ամբողջովին արյունահոսում էի, քթիցս արյուն էր գալիս եւ տեսա, որ Ավետյանը մի 15 մետր հեռավորության վրա անշարժ ընկած ա»,- պատմում է Բայադյանը, որը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել՝ քիթը կոտրված է, աչքերը այտուցված, մարմինը վերքերի մեջ:

ՄԻջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության մեջ, սոցիալական կայքերում մեկնաբանությունների պակաս չի զգացվում, ընդդիմադիրներն ու ազգայնականներըմիավորվել են նույն՝ արարքը քննադատող գաղափարի առանցքում:

Ավետյանին վիրահատած բժիշկ Հակոբյանը տեղի ունեցածը խայտառակություն է որակում. «Մարդուն կարելի է կարգի հրավիրել որեւէ արաքի համար, բայց դաժանաբր ծեծի՞ ենթարկել՝ չգիտեմ»:

«Եթե սառը դատողությամբ մոտենանք, կարծում եմ, մեկ կամ երկու օր կարող ենք սպասել, դեռ օրենքով սահմանված ժամանակ կա եւ եթե դրանից հետո չհայտանբերվի կամ չձեռնարկվի միջոց այն անձի կամ անձանց նկատմամբ, ովքեր որ դա կատարել են, դա ինձ թվում է, ոչ թե մենակ մեր գործընեկրների այլեւ մեր հասարակության մեջ շատ բացասական արձագանք կստանա, քանի որ նման միջադեպ կարող է պատահել ցանկացածի հետ»,- ասում է Հակոբյանը:

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ զինվորական բժշկին ծեծել են պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները: Ինքը՝ Հայրապետյանը, երկու օր շարունակ ոչ մի կերպ չէր մեկնաբանում միջադեպը, սակայն, մի քանի ժամ առաջ խախտելով լռությունը, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես դատապարտել է հանցագործներին՝ խոստանալով ամեն ինչ անել նրանց՝ օրենքին համապատասխան պատժելու համար.

«Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով, որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններն ուղղորդելուն ուղղված քայլ»:

«Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ»,- հավելել է պատգամավորը:

Հայրապետյանը նաեւ հորդորել է լրատվամիջոցներին իրեն չվերագրել իր ընտանիքին պատկանող կառույցներում տեղի ունեցող ցանկացած միջադեպերը, քանի որ, այդ «բիզնես կառույցների կառավարումը» իր «անմիջական պարտականությունը չէ»:

Այս ամենին զուգահեռ միջադեպի փաստով հարուցված քրեական գործը (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը) յուրահատուկ ոդիսական է անցել. երեկ ոստիկանությունը այն փոխանցել էր Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, իսկ այսօր Գլխավոր դատախազի հանձնարարությամբ որոշումը վերացվել է եւ գործը ետ է ուղարկվել ոստիկանություն։

Միեւնույն ժամանակ, ոստիկանությունից տեղեկացրել են, որ բժիշկներին վնասվածքներ հասցրած անձի ինքնույթւնը պարզվել է, սակայն նա դեռ չի ձերբակալվել:

© Medialab.am