«Հայտարարել, որ գործիքակազմ կա, և շուտով վեթինգի իրական արդյունքներ ենք տեսնելու, էմոցիոնալ հայտարարություն է»․ Հովհաննես Քոչարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան Հովհաննես Քոչարյանը

– Պարո՛ն Քոչարյան, արդարադատության նորանշանակ նախարարը օրերս հայտարարեց, թե բոլոր գործիքակազմերն արդեն պատրաստ են, և շուտով Հայաստանում վեթինգ է իրականացվելու։ Խնդրում եմ մեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ է դա ենթադրում։

– Մի տեսակ դժվար է հասկանալ՝ ո՛րն է այդ հայտարարության ենթատեքստը, և նաև անհականալի է՝ այդ ի՛նչ գործիքակազմ է ներդրվել, որի արդյունքում վեթինգ է իրականացվելու։

– Հավանաբար նկատի ուներ դատաիրավական ոլորտում օրենսդրական վերջին փոփոխությունները․․․

– Կարծում եմ՝ վեթինգի ներդրման ժամանակը մենք վաղուց բաց ենք թողել։ Վեթինգը ենթադրում էր պարտադիր սահմանադրական հանրաքվե, դատավորական հին կորպուսի լիազորությունների պաշտոնական դադարեցում և նոր դատավորների նշանակում։ Սա է վեթինգն իմ պատկերացմամբ։ Նման բան տեղի չի ունեցել, այլ տեղի են ունենում օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք այս կամ այն կերպ դատավորների վերահսկողության մեխանիզմներ են սահմանում։

Դրանցից ամենաթարմը նախկին նախարարի նախաձեռնած Դատական օրենսգրքի փոփոխություններն էին, որոնք միտված էին դատավորների գույքային դրության օրինականության ստուգմանը։ Շատ լավ ու շատ կարևոր աշխատանք էր արված։ Բայց միայն դրանով խոսել համակարգից, իրենց տերմիններով՝ կոռումպացված հանցագործների զտման մասին, ըստ իս՝ լուծում չէ։

Հիմա հայտարարել, որ գործիքակազմ կա, և շուտով իրական արդյունքներ ենք տեսնելու, էմոցիոնալ հայտարարություն է։ Կարծում եմ՝ մենք դեռ չունենք այն օրենսդրական բազան, որ դատավորների գործունեության համակողմանի ստուգման մեխանիզմներ ներդնեինք։ Այսինքն՝ իմ կարծիքով, դեռ տևական աշխատանք կա անելու։

Եթե Հայաստանի Հանրապետությունում վեթինգ հասկացությունը չի ստանում պարզաբանում, հստակեցում և որոշակիություն չկան, թե ինչ է հասկացվում դրա անվան տակ, ապա անհասկանալի է՝ ինչի մասին ենք խոսում։ Անկեղծ ասած, ես այդ տերմինը չեմ էլ ուզում օգտագործել, որովհետև անհասկանալի է՝ ինչ է դրա անվան տակ հասկացվում։

– Պարո՛ն Քոչարյան, մենք տեսնում ենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ, քննարկումներ է ունենում տարբեր ատյանների դատարանների դատավորների հետ։ Յուրօրինակ վեթինգ չէ՞ արդյոք սա՝ հաշվի առնելով այն, որ այս հանդիպումներից հետո ակտիվորեն կալանքներ են կիրառվում։ Գոնե հնչեղություն ունեցող գործերով այժմ կան կալանավորվածներ։

– Հիմա դատավորների նկատմամբ ցանկացած ներգործության միջոց մոդայիկ է դարձել անվանել վեթինգ։ Ես չեմ ժխտում՝ նման տեսակետը գոյության իրավունք ունի։ Եթե չկա վեթինգի մասին կանխատեսելի օրենսդրություն, ապա ինչ միջոցառումներ էլ ձեռնարկվեն՝ իրավիճակային, տակտիկական, «ռուչնոյ» և այլն, պետք է որ միտված լինեն նշված խնդիրների լուծմանը։

Չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ չկան խնդիրներ, և իշխանությունը բացարձակապես վհուկաորսությամբ է զբաղված։ Միգուցե կան խնդիրներ, որոնք լայն լուսաբանում չեն ստանում, բայց կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ, որ դատավորը ինչ-որ առումով կախված է կոնկրետ քաղաքական շրջանակներից։ Դա որևէ մեկը չի կարող բացառել։

Բայց երբ դրա լուծման մեխանիզմն արտահայտվում է թիրախային ճնշումներով, օրինակ՝ ինչ-որ պաշտոնյայի զեկուցումներով, սուբյեկտիվ ընկալումներով, տվյալ դատավորի նկատմամբ ինչ-որ անձանց ունեցած բացասական կարծիքներով, ապա դա լուծում չէ։ Դա շատ վտանգավոր ճանապարհ է և կարող է բերել սխալի, կարող է համակարգում հակառակ արդյունք տալ, կարող է դատավորներին տանել ստանդարտացման, կարող է կաշկանդել նրանց դատական ակտիվությունը, և մարդիկ շառից-փորձանքից հեռու մնալու համար ամբողջ օրը զբաղվեն ֆորմալիզմով։

Արդյունքում՝ կարող են տուժել մարդկային ճակատագրեր։ Մեզ պետք է օրենսդրություն դատավորների պրոֆեսիոնալ որակների, գույքային դրության օրինականության, կապերի, հեղինակության, իրավական մշակույթի մասին, մեզ պետք են քաղաքակիրթ, ապագային միտված կարգավորումներ, որ ցանկացած թեկնածու դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո հասկանա՝ իր նկատմամբ իրականացվելու են ստուգողական գործողություններ։ Այդ դեպքում է հնարավոր հասկանալ՝ ունա՞կ է այդ դատավորը մինչև 65 տարեկան պաշտոնավարել որպես դատավոր, թե՞ ոչ։ Ոչ թե մարդկանց բերել, նշանակել պաշտոնի ու հետո հայտարարել՝ գիտեք, սխալ ենք նշանակել։

– Այդուհանդերձ, պարո՛ն Քոչարյան, ԲԴԽ նախագահի հանդիպումներից հետո դատավորների վարքագծում նկատո՞ւմ եք փոփոխություններ։

– Դատավորների վարքագծում, կարծում եմ՝ միանշանակ փոփոխություններ կլինեն։ ԲԴԽ-ի վերջին որոշումները, որոնք առնչվում էին կալանքի վերաբերյալ դատավորների իրավական դիրքորոշումներին, վստահ եմ, բերելու է դատավորների վարքագծի փոփոխության։ Եթե առանձին դատավորներ, ընդհանուր կանոնից շեղվելով, սահմանադրական իրավունքների լայն մեկնաբանություններ տալով, պաշտպանության կողմին բարենպաստող որոշումներ էին կայացնում, տարբերվում էին մյուսներից, ապա հիմա կամաց-կամաց այս երևույթները չենք տեսնելու։ Մենք կտեսնենք ստանդարտ, միապաղաղ, ռիթմիկ, միակերպ գործող դատական վերահսկողության ինստիտուտներ, որովհետև այսօր, կարծես, դա է արդիական։ Ես կարծում եմ՝ դատարանների վերահսկողությունը կալանքի նկատմամբ ուղղակի տանում է այդ ինստիտուտի ոչնչացման։

– Ստացվում է, ըստ էության, դատարանների հետ կապված ոչինչ չի՞ փոխվում, այն դեպքում, երբ բարձրաձայնվում էր ազատ, զանգերից չկախված դատարան ունենալու անհրաժեշտության մասին։

– Հակառակը, կտեսնեք՝ մենք շուտով կունենանք 99-տոկոսանոց կալանքների պրակտիկա, եթե ոչ՝ 100։ Սա կլինի դարձ ի շրջանս յուր։ Ես ասում եմ՝ իշխանությունը, ունենալով ժողովրդի վստահությունը, մի պահ՝ բացարձակ վստահությունը, հակառակը՝ պետք է կալանքի ոլորտում վարեր դատական այնպիսի քաղաքականություն, որը բերեր խափանման այդ միջոցի հնարավորինս սահմանափակ թվով կիրառմանը։ Սա կլիներ իսկապես ժողովրդավարական իշխանության վարքագիծ, մի իշխանության, որը մարդու իրավունքների պաշտպանության համար միշտ պայքարել է։

Հիմա, փոխանակ օգտագործելու հեղափոխության ընձեռած հնարավորությունները՝ գնայինք արմատական լուծումների, դատավորների անկախության ապահովման լուծումների, գնում ենք կալանքների վերաբերյալ ինչ-որ իրավիճակային լուծումների, որպեսզի բացառենք դատական որոշակի ակտիվիզմը։

Ընդ որում՝ ասեմ ձեզ՝ այնպես էլ չէր, որ դատավորները մեկը մյուսի հետևից կալանք չէին կիրառում, ազատում էին մարդկանց և այլն։ Ուղղակի կային դատավորներ, որոնք քննությունն իրականացնող մարմնի առաջ ապացուցման շեմը ավելի բարձր էին դնում, ՄԻԵԴ-ի որոշումներն ավելի լայն էին մեկնաբանում և այլն։

– Դե, կալանքներ հիմնականում չեն կիրառվել հնչեղություն ունեցող և քաղաքական դաշտին առնչվող քրեական գործերով․․․

– Այո՛, հնչեղություն ունեցող գործերով կալանք կիրառելու համար դատավորները պահանջել են ապացուցման բարձր շեմ՝ խնդիրներ ստեղծելով նախաքննական մարմնի համար։ Դա նորմալ իրավիճակ էր, պետությանը դա անհրաժեշտ էր, արդարադատութան շահի տեսանկյունից շատ հարմար էր, ճիշտ է՝ քիչ էին նման դեպքերը, բայց ստիպում էին քրեական հետապնդման մարմիններին փոխել գործելակերպը, ապացուցման շեմը բարձրացնել, ճկուն լինել, պատասխանատվությամբ մոտենալ քրեական գործի նախաքննությանը։

Հիմա նոր սկսվող պրոցեսի հետևանքով քրեական հետապնդման այդ մարմինները կսկսեն լճանալ՝ ինչ-որ տեղ իմանալով, որ ներկայացնում են կալանքի միջնորդություն, ապա դատարանը պարտավոր է այն բավարարել։

Հետապնդման մարմինների համար հեշտ է լինելու մարդկանց «փակելը»։ Մենք չենք ունենալու քրեական հետապնդման այն մարմինները, որն այսօր մեզ պետք են կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար։ Չէ՞ որ եթե դատարանը դնում է խոչընդոտներ, ապա քրեական հետապնդման մարմինը ստիպված պետք է իր ամբողջ ռեսուրսն օգտագործի, գտնի ապացույցներ՝ դրանք հաղթահարելու համար։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am