«Ժողովուրդն իր խոսքը կասի». ըստ մասնագետների՝ Ամուլսարի հանքի շահագործման համար հող է նախապատրաստվում

Մինչ պաշտոնական խողովակները որևէ խնդիր չեն տեսնում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հարցում, ավելին՝ հնարավոր են համարում դա, սարի պահապան-բնապահպանները վստահեցնում են՝ Ամուլսարը հանք չի դառնա: 

«Կոնկրետ գործողություններ ու քննարկումներ չկան: 2018 թվականին ճանապարհները փակելուց մինչև էսօր կառավարության կողմից պարբերաբար լսում ենք, որ կան շահագործելու հնարավորություններ, բայց գործնական ինչ-որ քայլեր չկան: Ժողովուրդը նույն կարծիքին է ու պնդելու է՝ Ամուլսարը հանք չի դառնա»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Ամուլսարի պահապանների խմբի ներկայացուցիչ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Ամուլսարի հանքի շահագործման հնարավորության մասին երեկ խոսել էր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով՝ թույլտվություն ունեն, կարող են շահագործել: Խնդրի վերաբերյալ լրագրողների հարցերին ոլորտային նախարարը ըստ էության ոչ կոմպետենտ պատսխաններ էր տալիս՝ պարբերաբար ասելով, թե ինքը չգիտի, տեղեկություն չունի և այլն: 

«Տարիներ շարունակ այդ քննարկումները եղել են, հարգելի ընկերներ: Ես կարող եմ ասել, որ «Լիդիանը», ճիշտ եմ, չէ՞, ասում անունը, կազմակերպություն է, որը թույլտվություններն ունի, և ինքն է որոշում՝ շահագործելո՞ւ է, թե՞ ոչ կամ ոնց է շահագործելու: Ես տեղյակ չեմ: Շրջակա միջավայրի նախարարությունն այս պահին որևէ գործառույթ չունի»,- ասել էր նախարար Հակոբ Սիմիդյանը:

Շիրակ Բունիաթյանն ասում է՝ Ամուլսարի հնարավոր շահագործման մասին Ջերմուկում քննարկումներ չկան, իսկ իրենց էլ՝ որպես շահագրգիռ անձանց որևէ պատկան մարմին քննարկման չի հրավիրել: 

«Մեզ հետ ոչ մեկը ոչ մի բան չի քննարկում, ներքին տրամադրություններին տեղյակ չենք: Բայց եթե այդ նախաձեռնությունը գործնական ինչ-որ տեսք ստանա, ժողովուրդն իր խոսքը կասի»,- նշում է Բունիաթյանը:

Նրա խոսքով՝ ճիշտ է, այս պահին ջերմուկցիները զբաղված են իրենց սահմանների պահպանության հարցերով, բայց միևնույն է՝ նրանց մոտ տեսակետ, դիրքորոշում չեն փոխվել:

«Ամուլսարի պահապանների խումբը կա, այս պահին մարդիկ կամավորագրվել են սահմանների անվտանգության պահպանության գործին, հերթափոխով պոստեր են պահում: Բայց եթե կարիք լինի, կգան ու էլի կպահեն սարը: Մենք ունենք առողջարանային, տուրիստական գոտի, և պետք է զարգացնել հենց այդ ոլորտը և ոչ թե հանքարդյունաբերությունը»,- նշում է Ջերմուկի բնակիչը: 

Նկատենք՝ օրեր առաջ հաղորդվել էր, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկարացրել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը: Այդ որոշման համաձայն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին մինչև 2039 թ. մարտի 25-ը՝ նախկին 2036 թ. հունվարի 1-ի փոխարեն: Շինարարական շրջանը երկարացվել է մինչև 2024 թ. օգոստոսի 28-ը՝ սահմանված 2021 թ. հունիսի 1-ի փոխարեն: 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն իր հերթին պնդում է՝ պատկան մարմիններն ամեն ինչ անում են Ամուլսարի հանքի շահագործման ճանապարհը հարթելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերոնշյալ որոշումը, նրա խոսքով, հենց այդ հարցը լուծելու համար է:

Նրա փոխանցմամբ՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջին հանքարդյունաբերական ընկերությունն է, որն օգտվեց Ընդերքի մասին օրենսգրքում աղմկահարույց փոփոխությունների հնարավորությունից՝ երկարացնելով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետն առանց բնապահպանական նոր փորձաքննության: 

Հիշեցնենք, որ այդ օրենքով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի, այդ թվում՝ քաղաքացիական անհնազանդության հիմքով: Այն ունի 4 տարի հետադարձ ուժ և չի նախատեսում բնապահպանական նոր փորձաքննություն: 

Բնապահպանական մի քանի տասնյակ կազմակերպություններ դեմ էին այս նախագծին, սակայն Կառավարությունը և Ազգային ժողովը անխոչընդոտ անցկացրին այն:

«Ժամկետը երկարացնելու մասին այս որոշումը կայացվել է հակաժողովրդավարական օրենքի փոփոխությունների հիման վրա, որի դեմ դուրս էին եկել 66 հասարակական կազմակերպություններ: Այս փոփոխություններից օգտվեց միայն «Լիդիան Արմենիա» ընկերությունը: Մեր բոլոր մտավախությունները, որ այդ օրենսդրական փոփոխությունը կատարվում է միայն մեկ ընկերության համար, հաստատվում են փաստորեն: Դա ապացուցվեց»,- «Մեդիալաբին» ասում է Զարաֆյանը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը դադարեցվել էր 2018-ին, երբ Ջերմուկի բնակիչները և ակտիվիստները փակել էին դեպի հանք տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել ծրագրի իրականացումը մի շարք բնապահպանական ռիսկերի պատճառով: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am