«Ֆլեշմոբը բողոքի արտահայտման մեղմ ձև է». Ընդերքի մասին օրինագծի դեմ բողոքը առայժմ վիրտուալ մակարդակում է

«Միացի՛ր, ասա ո՛չ Ընդերքի մասին հակասահմանադրական օրենքին», «Դեմ եմ Ընդերքի մասին հակասահմանադրական օրենքին». այս ու այլ գրություններով արդեն մի քանի օր է՝ հասարակական տարբեր կազմակերպությունների ու խմբերի ներկայացուցիչներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ են իրականացնում՝ պահանջելով հետ կանչել Ընդերքի մասին օրենքում կատարված փոփոխությունները:

«Մեզ համար անընդունելի են այդ փոփոխությունները, դրանք ժողովրդավարական գործընթացների դեմ են»,- «Մեդիալաբի» հետ զրույցում բացատրում է «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը:

Խոսքը վերջին շրջանում բուռն քննարկման արժանացած և Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների նախագծի մասին է, որով Կառավարությունը մի շարք խնդրահարույց պահանջներ է ներմուծում:

Մասնավորապես, ներդրվում է նոր հոդված՝ 55.1, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով: Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը, որոնք չէին կարող կանխատեսվել, կանխարգելվել և որոնք անմիջական ազդեցություն ունեին ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ։

Իսկ նախագծի անցումային դրույթներով սահմանվում է, որ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ 

Քաղաքացիական հասարակությունը վստահ է, որ այս դրույթը կանաչ լույս է վառելու Ամուլսարի հանքի շահագործումն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության համար: Հիշեցնենք՝ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը դադարեցվել էր 2018-ին, երբ Ջերմուկի բնակչությունը քաղաքացիական ակտիվիստների հետ միասին բողոքի ակցիաներ էր իրականացնում, փակել էր հանք տանող ճանապարհը և թույլ չէր տալիս աշխատողներին տեղում հանքարդյունահանման գործողություններ կատարել:

Թեպետ օրինագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանում ընդունվել է, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները առայժմ սահմանափակվում են վիրտուալ տարածքում ֆլեշմոբներ կազմակերպելով՝ հորդորելով օրինագծի հեղինակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կատարել փոփոխությունները և հարվածի տակ չդնել երկրում ժողովրդավարական գործընթացները:

«Մեր ակցիաներն առայժմ ֆլեշմոբի մակարդակով են, իսկ պահանջը մեկն է՝ այս հակասահմանադրական օրինագիծը չպետք է հավանության արժանանա և պետք է հետ ուղարկվի: Քաղհասարակությունը այս պահին ակնկալում է, որ նախարարությունը կհրաժարվի այդ դիրքորոշումից»,- ասում է Դուլգարյանը:

Փոխնախարար Հովհաննես Հարությունյանը մի քանի օր առաջ, Դուլգարյանի փոխանցմամբ, պատրաստակամություն է հայտնել քննարկումներ ծավալել և գալ կոնսենսուսի, սակայն մինչ օրս նախարարությունից քննարկման հրավեր չեն ստացել:

Հարցին, թե այն պարագայում, երբ Ազգային ժողովը հետևողականորեն ու շատ հապճեպ ընդունել է Կառավարության առաջարկները, որքանո՞վ են ազդեցիկ վիրտուալ տարածքում իրականացվող ֆլեշմոբները, Օլեգ Դուլգարյանը արձագանքում է.

«Այդ օրինագիծը, որով, ըստ էության, անտեսվում է համայնքի բնակչի, քաղաքացու ձայնը, ճչում է իր հակասահմանադրականությամբ: Ֆլեշմոբը նախևառաջ նպատակ ունի իրազեկելու հանրությանը, որ նման բան է տեղի ունենում: Ֆլեշմոբը բողոքի արտահայտման մեղմ ձև է: Այս պահին գործողությունների այս փուլում ենք, և եթե կոնսենսուս չլինի, եթե մեր պահանջին ընդառաջ չգնան, չի բացառվում, որ առաջիկայում քաղաքացիական լայն ակցիաներ տեղի ունենան»:

Դիտարկմանը, թե բնապահպանական խնդիրների դեմ ուղղված ակցիաները այլևս նախկին ոգևորությունը չունեն, Դուլգարյանն ասում է՝ համաձայն է ու հավելում. «Այո՛, այդպես է: Բայց կոնկրետ այս օրինագծի պարագայում ոլորտում ակտիվ դերակատարում ունեցող կազմակերպությունները կոնսոլիդացված են ու իրականացնում են պայքարը: Իսկ մասսայականությունը արտահայտվում է համայնքի մակարդակում, հիշեք Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների բողոքի ակցիաները»:

Այդուհանդերձ, հասարակական գործիչը կարծում է, որ իշխանությունները պետք է հաշվի նստեն հանրային կարծիքի հետ ու դժգոհությունները դարձնեն քննարկման առարկա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am