Քովիդի թվերը առնվազն 3-4 անգամ ավելի շատ են, քան փաստացի արձանագրված դեպքերը. Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, Հայաստանում նախորդող մեկ շաբաթում հանրապետությունում արձանագրվել է քովիդի 2124 նոր դեպք է գրանցվել և 7 մահ: Մասնագետները արդեն իսկ նշել են, որ վարակի վեցերորդ ալիքն է, արդյոք քովիդի տարածման տեմպերը մտահոգի՞չ են: 

– Նախ պետք է նշել, որ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրված 2000-ից ավելի դեպքերը միանշանակ ամբողջը պատկերը չեն արտացոլում։ Շրջապատում էլ տեսնում եք, որ փաստացի հիվանդների թիվը մի քանի անգամ ավելի է։

Հետաքրքիրն այն է, որ քովիդի այս շտամով պայմանավորված կլինիկական ընթացքը մի փոքր տարբերվում է, և այստեղ գործ ունենք նաև աղիքային ախտանշանների հետ, որոնք նախորդ շտամների ժամանակ այդքան արտահայտված չէին։

Երբեմն լուծով է ընթանում, մի փոքր ատիպիկ ընթացք ունի, և այստեղ ավելի ուշացումով կամ ընդհանրապես չեն ախտորոշվում այդ դեպքերը, բայց փաստացի լուծով ընթացող քովիդ նույնպես ունենք։

Ստացվում է՝ վերջին շրջանում հանրության շրջանում տարածված աղեստամոքսային վիրուսը հենց քովիդի տարատեսա՞կ է։

– Դա կարող է լինել իհարկե այլ աղիքային վարակ, քանի որ աղիքային վարակների տարածման շրջանն է, և սեզոնային պայմանները նպաստում են դրան, բայց քովիդը նույնպես այս փուլում ընթանում է որոշակի աղիքային ախտանշաններով, որոնք նախկինում բացակայում էին։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ հրապարակված թվերը այնքան էլ մոտ չեն իրականությանը, քանի որ վարակվածներից շատերը ոչ թեստ են հանձնում, ոչ էլ բժշկի դիմում։

– Այո՛։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ վարակն ընթանում է թեթև, մեկ-երկու օր ջերմություն, հոգնության, թուլության զգացում։ Եվ կամ չեն մտածում քովիդի մասին, կամ ընդհանրապես շուտ անցնում է, և այլևս չեն թեստավորվում։ Ես կարծում եմ՝ մեր թվերը առնվազն 3-4 անգամ ավելի շատ են, քան փաստացի արձանագրված դեպքերը։

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, ի՞նչ եք կարծում,  թվերը եւ իրավիճակն որքանո՞վ են մտահոգիչ։

Թվերը մտահոգիչ են այն իմաստով, որ վարակն ավելի ինտենսիվ է տարածվում, այսինքն՝ մենք ունենք շատ ավելի աղբյուրներ, որոնք նպաստելու են առաջիկա շաբաթների ընթացքում հիվանդացության ավելացմանը։ 

Արձանագրված մահերի հետ կապված՝ ես չունեմ տեղեկատվություն, թե արդյոք քաղաքացիները պատվաստվա՞ծ են եղել, թե ոչ, և ունեցե՞լ են արդյոք ուղեկցող հիվանդություններ, բայց համոզված եմ, որ ունեցել են ուղեկցող հիվանդություններ, քանի որ այս շտամն ընթանում է ավելի թեթև։

Տարբեր մարզերից ահազանգում են, քովիդով վարակակիրների թիվը գնալով մեծանում է: Աճող թվերի, մահվան դեպքերի ֆեպքում արդյո՞ք հնարավոր համարում եք կրկին սահմանափակումների գնալը:  

– Ես կարծում եմ՝ արդեն իմաստ չունի սահմանափակումների գնալ, քանի որ պիկում ենք, և մեկ-երկու շաբաթ հետո կունենանք անկում։ Սահմանափակումներ մենք ինքներս մեզ համար պետք է սահմանենք, որովհետև արդեն բոլորը գիտեն՝ ինչպես կանխարգելել քովիդը։ Սրացման այս փուլում կարելի է շփումները կրճատել, և երրորդ դեղաչափը պետք է ստանալ։

Երրորդ դեղաչափը քչերն են ստանում։ Ո՞րն է պատճառը։

– Մենք ունենք 70.000 խթանիչ դեղաչափ ստացած։ Վերջին մեկ ամսվա ընթացքում, չնայած անընդհատ խոսվում է, որ խթանիչ դեղաչափը պաշտպանում է, ես հետևում եմ և օգոստոսի սկզբից ընդամենը 10.000 է ավելացել, սա շատ փոքր թիվ է, որը չի կարող անդրադառնալ համաճարակային պրոցեսի վրա։

Մի կողմից պատվաստվելու կոչեր են հնչում, մյուս կողմից տեսնում ենք դեպքեր, երբ երրորդ դեղաչափը ստացած քաղաքացու մոտ վիրուսը ծանր ընթացք է ունենում։

Համենայն դեպս, հոսպիտալացում և մահ արձանագրվում են պատվաստվածների շատ փոքր տոկոսի մոտ։ Այն, որ հիվանդանում է պատվաստվածը, այո, բայց ծանր և մահվան դեպքերը մի քանի անգամ քիչ են լինում։ Ամեն դեպքում կոչ կանեի խթանիչ դեղաչափ ստանալ, որովհետև առջևում մենք ունենալու ենք վարակի ալիքներ, որին շուտով կմիանա գրիպը, որը էլ ավելի կբարդացնի համաճարակային վիճակը։

– Աշնանը վիրուսների բռնկո՞ւմ կլինի։

Այո։ Մոտենում ենք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Կարծում եմ՝ հոկտեմբերից կսկսվի գրիպի պատվաստումային արշավը, որին մեր ազգաբնակչությունը շատ ավելի լավ է տրամադրված, քան քովիդի պատվաստումներին։ Նաև չի խանգարում զուգահեռ ստանալ քովիդի խթանիչ և գրիպի սեզոնային պատվաստումները։

Մանե Հարությունյան

MedaiLab.am