Կանաչ լույս Ամուլսարի շահագործմա՞նը. «Այսպիսի խայտառակ որոշում նույնիսկ նախորդ կառավարությունները ռիսկ չէին անում ընդունել»

«Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծով, որը նախորդ շաբաթ չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է Կառավարության նիստում, մասնագետների պնդմամբ՝ հող է նախապատրաստվում Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու համար: 

Օրինագիծը Կառավարության հաստատմանն է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (նախարար՝ Գնել Սանոսյան – հեղ.): Փաստաթուղթը հանրային քննարկման է ներկայացվել դեռևս նախորդ տարվա հունիսին: Սակայն հայտնի չէ՝ ինչու է 7 ամիս ուշացումով ուղարկվել Կառավարություն հաստատման: Այն չզեկուցվող հարցերի շարքում էր, ինչը ենթադրում է, որ հաստատվել է առանց քննարկման: 

Անկախ նրանից՝ ճանապարհները փա՞կ են, թե՞ չէ, «Լիդիանը» ցանկանո՞ւմ է շահագործել, թե՞ ոչ, ըստ ՀՀ գործող օրենսդրության՝ Ամուլսարի հանքավայրի շինարարության փուլի ժամկետն ավարտվել է, և եթե տնտեսվարողը ցանկանում է շարունակել աշխատանքները, պետք է պարտադիր փոխի նախագիծը, որն էլ իր հերթին ենթադրում է պարտադիր նոր ՇՄԱԳ, որը, ամենայն հավանականությամբ, կմերժվի հարակից համայնքների կողմից, և Ամուլսարի հանքը չի շահագործվի: Այս օրենսդրական նախագծով հնարավորություն է տրվելու «Լիդիանին» նախագիծը փոփոխել՝ առանց նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության:

Արխիվային լուսանկար, օգոստոսի 2020 թ. Երեւան

«Մեդիալաբի» փորձերին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստանալ պարզաբանումներ օրինագծի մասին, չստացվեց: Փոխնախարար Հովհաննես Հարությունյանը խոսնակի միջոցով փոխանցել էր, որ կխոսի Ազգային ժողովի կողմից օրենքն ընդունվելուց հետո: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ամեն ինչ հայտնի կլինի, ու էլ խոսելու թեմա չի լինի:

Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով ներդրվում է նոր հոդված՝ 55.1, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով: 

Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը, որոնք չէին կարող կանխատեսվել, կանխարգելվել և որոնք անմիջական ազդեցություն ունեին ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման նկատմամբ։

Ժամանակին Ամուլսարի շահագործման ծրագրի դեմ պայքարող մի խումբ ակտիվիստներ, բնապահպաններ կարծում են, որ այս նախագիծն առնչվում է հենց Ամուլսարին: 

Հիշեցնենք՝ Ամուլարի հանքի շահագործման ծրագիրը դադարեցվել էր 2018-ին, երբ Ջերմուկի բնակչությունը ակտիվիստների հետ միասին փակել էր հանք տանող ճանապարհը և թույլ չէր տալիս աշխատողներին տեղում հանքարդյունահանման գործողություններ իրականացնել:

Նույն օրենսգրքի լրացված հոդվածով՝ ընդերքօգտագործողը անհաղթահարելի հանգամանքների վերացման մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնում է պետական լիազոր մարմնին, որից հետո 10-օրյա ժամկետում ընդերքօգտագործողը ներկայացնում է դիմում, որում նշում է անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով նախագիծը։ 

Հատկանշական է, որ փոփոխված ժամանակացույցով նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված։ Դիմումի վերաբերյալ լիազոր մարմինը 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին։

«Սա խայտառակություն է, մասնավոր, կորպորատիվ շահերը սպասարկող նախագիծ, խիստ միակողմանի: Այսպիսի խայտառակ որոշում նույնիսկ նախորդ կառավարությունները ռիսկ չէին անում ընդունել: Մինչև այժմ եղած բոլոր որոշումները նույն տրամաբանության մեջ են, բայց էս մակարդակի խայտառակ որոշում հնարավոր չէր պատկերացնել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է աշխարհագրագետ Լևոն Գալստյանը, որը ժամանակին Ամուլսարի հանքի շահագործման դեմ քաղաքացիական պայքարի առաջին դեմքերից էր:

Լեւոն Գալստյանը (արխիվային լուսանկար)

Գալստյանն ասում է՝ գործող կառավարության ծրագրերը, գործողությունները չեն բխում ժողովրդավարության, պետության ու բնակչության շահերից, հակառակ դեպքում կառավարիչները ականջալուր կլինեին մասնագիտական հանրության, ինչպես նաև ջերմուկցիների մտահոգություններին ու կարծիքին այդ հանքավայրի շահագործման կապակցությամբ: 

«Ակնհայտ է, որ այս նախագիծը Ամուլարի համար է, որպեսզի, այսպես կոչված, օրինականացվեն ինչ-որ գործողություններ: Այս նախաձեռնությունը նույնիսկ հետադարձ ուժ ունի, պատկերացնո՞ւմ եք: Ընդգծում եմ՝ սա խայտառակության գագաթնակետն է»,- նշում է Գալստյանը:

Նկատենք՝ նախագծի անցումային դրույթներով սահմանվում է, որ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ 

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը կարծում է՝ այս օրենքի ընդունմամբ վտանգավոր նախադեպ է ստեղծվում: 

«Այս նախագծից առաջին տպավորությունն այն է, որ դա վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը: Բայց պետք է ընդգծեմ, որ այն ավելի մեծ վտանգներ է պարունակում, քան Ամուլարն է. այս նախագիծը վտանգում է համայնքներում տեղական ժողովրդավարությանը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Դուլգարյանը: 

Նրա խոսքով՝ ցանկացած ընդերքօգտագործման ծրագրի համար այս օրինագծով կանաչ լույս է վառվում՝ անտեսելով տեղի բնակչության շահերը, նրա կարծիքը այդ հարցի վերաբերյալ: 

«Կառավարությունն այս նախաձեռնությամբ ապահովում է ընդերքօգտագործողի անխախտ իրավունքը: Ավելի պատկերավոր լինելու համար օրինակն այսպես բերեմ. մի օր իմանում եմ, որ իմ գյուղում հանք բացելու մասին ծրագիր է հաստատվել: Ես ստիպված եմ լինում անորոշ ժամանակով պայքարե, որպեսզի այդ հանքը չբացվի, քանի որ այդ ընդերքօգտագործողի գրավոր ծանուցմամբ կարող են այդ հանքի շահագործման ժամկետները պարբերաբար երկարաձգվել, այնքան, մինչև ես հոգնեմ ու չպայքարեմ, իսկ հետո այդ ընդերքօգտագործողը գնա ու իր գործն անի»,- ներկայացնում է Դուլգարյանը:

Ինչո՞ւ են լռում բնապահպանները

Ընդերքի մասին օրենսգրքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած փոփոխությունների ու լրացումների մասին նախագծի հանրային քննարկումն անցել է առանց որևէ աղմուկի, դժգոհությունների, մասնագետների լռության պայմաններում:

Նախկինում բնապահպանությանը, մասնավորապես, հանքարդյունաբերությանն առնչվող նման նախագծերն ուղեկցվել են բողոքի ակցիաներով, սուր դժգոհություններով, մամլո ասուլիսներով ու քննարկումներով: 

«Ոչ մեկն իր վրա պարտավորություն չի վերցրել բողոքի ակցիաներ իրականացնել իր կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչ քայլեր է անում: Մենք այն, ինչ անում ենք, անում ենք այն գաղափարախոսությամբ, որ կբերի արդյունք: Ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի. այն, ինչ արվում էր 7 տարի առաջ, 10 տարի առաջ, 5 տարի առաջ, հիմա անելը նշանակում է արդյունքի չհասնել: Հիմա մենք ելնենք գոռգոռանք, անիմաստ է: Հավանաբար այլ ճանապարհներ կլինեն»,- ասում է Լևոն Գալստյանը, որը ժամանակի ակտիվիստներից էր և մասնակցում էր գրեթե բոլոր բնապահպանական ակցիաներին:

Օլեգ Դուլգարյանը, հակառակը՝ հույս ունի, որ մինչև ԱԺ-ում նախագծի քննարկումը խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն: 

«Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներում բողոքի շատ լուրջ արտահայտումներ կլինեն: Չեմ կարող ասել՝ ինչ տեսքով, բայց հաստատ կլինեն»,- նշում է Դուլգարյաննը:

Այս օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Մինչ այդ փաստաթուղթը դեռ պետք է անցնի Ազգային ժողովում քննարկումների փուլերը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am