«Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց դեմ կռվում են, որ հաճոյանան «հայ ազգի ջերմ բարեկամ» Պուտինին». Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը՝ նշելով, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք անվանելը մարտահրավեր է միջազգային իրավունքին: Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում այսպիսի ելույթները, այսպիսի հռետորաբանությունը, և հայկական կողմը որքանո՞վ է համահունչ պատասխանում:

– Հայկական կողմի հնարավորությունները մեծ չեն: Փաստորեն, Պուտինը Ղարաբաղը հանձնելով և փաստացի ոչնչացնելով, ջախջախելով Արցախի Հանրապետությունը, Հայաստանի իշխանություններին կաթվածահար է արել, հիմա էլ ահաբեկում է: 

Դեռ 100-ից ավելի ռազմագերի ու պատանդ ունենք Ադրբեջանում, և Պուտինը ոչ մի ջանք չի գործադրում այդ հարցը կարգավորելու համար: Նրա օգնականներից որևէ մեկը եթե զանգեր Ալիևին, նա իսկույն կհանձներ գերիներին: 

Ես համոզված եմ, որ հենց Պուտինն է Ալիևին հանձնարարում, որ չհանձնի, որպեսզի ՀՀ իշխանություններին կաթվածահար անելուց հետո Հայաստանը դարձնի կամազուրկ պետություն: Այդ վիճակը միանգամայն ձեռնտու է Մոսկվային: 

Իլհամ Ալիևն էլ, իմանալով Պուտինի դիրքորոշումը Հայաստանի և հայ ժողովրդի մասին, իրավիճակն է սրում և լրացուցիչ ճնշում է գործադրում: Նա Հայաստանի նկատմամբ ճնշումը հարատև դարձնելու մարտավարություն է որդեգրել: 

Զանգեզուրում սահմանների ճշտումներ են կատարում, որ ավելի շատ պոկեն, հավանաբար պոկում էլ են, համենայնդեպս, թուրքերն այդպես են գրում: Նիկոլ Փաշինյանն էլ ոչինչ չի կարողանում անել: 

Ինձ թվում է՝ ինքը քաղաքականությունից, Ղարաբաղից շատ չի հասկանում, հատկապես միջազգային հարաբերություններից: Բացի այդ, կաթվածահար իրավիճակում է, և եթե ուշադրություն դարձնելու լինենք իշխանություն-ընդդիմություն հակադրությանը, երկու կողմերն էլ միմյանց դեմ կռվում են, որ հաճոյանան «հայ ազգի ջերմ բարեկամ» Պուտինին: 

Այս ընթացքում ոչ մի կծու խոսք նրա հասցեին չեն ասել, այն դեպքում, երբ Պուտինը ինչ լկտիություն ասես արել է, Էրդողանին լավագույն բարեկամ հռչակելն ինքնին լկտիություն է և անարգանք Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին, նաև հայ ժողովրդի հասցեին անարգանք է: 

Էրդողանը բացեիբաց հայտարարել էր, որ պատերազմին մասնակցում է, որ ավարտին հասցնի 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը: Եվ դու վեր ես կենում ու դրան լավագույն ընկե՞ր ես հռչակում: 

Բացի այդ, ժամանակ առ ժամանակ լկտիաբար հայտարարում է, որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանը կատարել է իր դաշնակցային պարտավորությունները: 

Երևում է՝ հայ ազգի այդ «ջերմ բարեկամը» դաշնակցային պարտավորություն ասելով հասկանում է Ալիևի և Էրդողանի պատվերները: Պուտինն էլ բարձրակարգ ռեստորանի մատուցողի բծախնդրությամբ առ այսօր կատարել և շարունակում է կատարել նրանց պատվերները: 

– Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ գագաթնաժողովում նորից խոսել է Արցախից և Հայաստանի ներքաղաքական զարգացումներից: Նա նշել է. «Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցով», նաև հավելել է, որ Հայաստանն էլ տարածաշրջանում խաղաղությանը միտված իր քայլերը կանի: Ինչպե՞ս եք գնահատում, որ պատերազմից հետո Թուրքիան պարբերաբար խոսում է ՀՀ-ի հետ տնտեսական հարաբերություններից:

– Նախ՝ մտածել, թե Թուրքիայի հետ համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը, առնվազն տխմարություն է: 

Մի պետություն, որ 1991 թվականից ի վեր հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, 1993-ի մարտից ի վեր շրջափակել է Հայաստանը, ինչ լկտիություն ասես ասել է, արել է, հիմա էլ տնտեսական զարգացումի՞ց է խոսում: Հիմա ո՞նց հասկանանք՝ ինքը Հայաստա՞նը պետք է զարգացնի, թե՞ 1915-ի կիսատ թողածը պետք է ավարտին հասցնի: 

Ո՞նց կարելի է նրա ասածները լուրջ ընդունել: Հետո, դա մեզ ձեռնտու էլ չէ այն առումով, որ եթե սահմանը բացվի, թուրք գործարարներ խցկվեն Հայաստան, պետությունն էլ աջակցի, մեր չեղած գործարաններն էլ կվերցնեն, բանկերն էլ և այլն, ու մենք կդառնանք Թուրքիայի գերին: 

Այսինքն՝ Ռուսաստանը հերիք չէր, հիմա էլ մի հատ թուրքերը գան, խցկվեն: Բացի այդ, հետաքրքիր է, թե Թուրքիան դրա դիմաց ի՛նչ է ուզում: Ես ենթադրում եմ, որ հենց նման բան լինի, բացեն սահմանները, այս անգամ կսկսեն պահանջել, որ Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալումը: 

Հետո, առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման բացված սահմանները կարելի է հաջորդ օրը փակել: Այսինքն՝ դա բնականոն ընթացք չէ: 

Նախ՝ երկու պետությունները միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, դեսպանատներ են բացում, սահմաններն էլ ինքնըստինքյան բացվում են: Հետո էլ՝ դա մեր ինչի՞ն է պետք, մենք Թուրքիայի փակած սահմանների պայմաններին արդեն վարժվել ենք ու, փառք Աստծո, զարգանում էինք, բայց Պուտինը չթողեց, 15-20 տարով հետ գցեց և մինչև հիմա էլ շարունակում է լկտիությունները: 

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Էրդողանը Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակին անդրադառնում:

– Որովհետև դա իրեն պետք է: Հայաստանի իշխանությունները կաթվածահար վիճակում են, այդ իրավիճակում եթե ճնշումներն ուժեղացնում ես, ավելի շատ բան կարող ես պոկել: Հիմա չգիտեմ՝ ի՛նչ է ուզում պոկել: 

– Էրդողանը հայտարարել է՝ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքն առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները:

– Դրանով Նիկոլ Փաշինյանին կոնֆետ է առաջարկում, ոնց որ մի անգամ Պուտինը Սումգայիթի մասին խոսեց ու դրանով մոսկովյան կոնֆետ տվեց: Իսկ կոնֆետը մանկապարտեզում փոքր երեխաներին են տալիս, հիմար մարդ չկա: 

– Շատերն են հիմա հայտարարում, որ Էրդողանը կարծեք թե Նիկոլ Փաշինյանին է աջակցում: Ի՞նչ կա Էրդողանի մտքին: 

– Դե, փորձում է մեզ կոնֆետ տալ, որ հարաբերությունները մի քիչ բարելավի, հետո օգտվի այն հանգամանքից, որ Պուտինը հայաստանյան իշխանություններին կաթվածահար է արել, և ուժեղացնում է ճնշումները, որ ինչ-որ բաներ պոկի: 

Գուցե Ադրբեջանի համար նպաստավոր դիրքեր պոկի, նաև աշխատի ՀՀ իշխանությունների միջոցով սփյուռքի ձայնը կտրել, որպեսզի չպայքարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, դադարեցնեն Արցախի անկախության ճանաչման պայքարը: Այդ կարգի բաներ պետք է ուզի:

– Կա տեսակետ, որ Էրդողանը, աջակցելով Փաշինյանին կամ դատապարտելով այսօրվա ընդդիմությանը, սադրում է, փորձում է խառնակչություն մտցնել ՀՀ ներքաղաքական կյանքում: 

– Հիմա դեռ չի սադրում, նախ ուզում է Նիկոլ Փաշինյանի հետ այն մակարդակի հարաբերություններ ստեղծել, որ կարողանա երկխոսության մեջ մտնել: 

Սադրանքը կսկսի, երբ արդեն մտնի երկխոսության մեջ: Ինչպե՞ս կարելի է հավատալ մի մարդու անկեղծությանը, որը բացեիբաց հայտարարում է, որ պատերազմին մասնակցում են, որ ավարտին հասցնեն երիտթուրքերի 1915-ին կիսատ թողած գործը: 

– Հայաստանի 17 քաղաքական ուժերն անմիջապես կառչեցին Էրդողանի բառերից՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը թուրք է և աջակցություն ստացավ հենց Թուրքիայից:

– Հայաստանում հեղաշրջման փորձը ամբողջ աշխարհն է դատապարտել: Էրդողանն էլ չի ցանկացել հակառակ քայլ կատարել ընդդեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի: Փաշինյանն ի՞նչ թուրք, եթե թուրք են փնտրում, թող Պուտինին թիրախավորեն: 

Էրդողանը ինչ հակահայկական պահանջներ դրել է՝ Պուտինը կատարել է, մինչև հիմա էլ կատարում է: Ամբողջ պատերազմի ընթացքում սերտորեն համագործակցել է Էրդողանի հետ, մեր հակաօդային պաշտպանությունը չի գործել, ո՞վ թույլ չի տվել, որ գործի: 

Իհարկե Ռուսաստանը: 

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ առաջին օրը 1000 անօդաչու սարք էին օդ բարձրացրել, եթե դրանք միայն թուրքական էին, թուրքականներից յուրաքանչյուրը 10 մլն դոլար է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am