Աշակերտների ձգտումը  լրիվ կորցնելու ենք, ի՞նչն էր խանգարում, որ մեդալակիր շրջանավարտներ ունենայինք. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ։ Որոշումն ինչպե՞ս եք գնահատում, մինչ այս ի՞նչ առավելություններ էր տալիս այս մեդալի շնորհումը շրջանավարտներին, որից հիմա նրանք կզրկվեն։ 

– Այս ամբողջ պատմությունը կարելի է երեք փուլի բաժանել․ առաջին, երբ շրջանավարտին տրվում էր գերազանցության մեդալ, որն ուներ որոշակի առավելություններ, օրինակ՝ մեկ քննությունով կարող էր ընդունվել իր ցանկացած բուհ՝ իր ցանկացած մասնագիտությամբ։ Երկրորդ փուլը եղավ այն, երբ մեդալը տրվում էր, բայց շրջանավարտին որևէ առավելություն չէր տալիս, ու հիմա, ըստ էության, երրորդ փուլն է, երբ դա ընդհանրապես վերանում է: 

Իհարկե, լավագույն շրջանավարտներին պետք է ինչ-որ ձևով խրախուսել, որովհետև դա դրական դերակատարում է ունեցել, աշակերտները ձգտել են հասնել դրան, իսկ եթե առավելություն էր տալիս ընդունելության ժամանակ՝ ավելի լավ։ Օրինակ՝ ես ինքս դպրոցն ավարտել եմ մեդալով և ԵՊՀ ընդունվել եմ ընդամենը մեկ մասնագիտական քննություն հանձնելով, այսինքն՝ այդ առավելությունն ինձ տրվել է մյուսների համեմատ, իսկ հիմա շրջանավարտները զրկվելու են ամեն ինչից։ 

Այսինքն՝ մենք սրանով, ըստ էության, չեզոքացնում ենք այն ձգտումը, որ երեխաները կարող են ունենալ դպրոցում սովորելիս։ Սա այն տրամաբանության մեջ է, երբ դպրոցներում վերացավ նաև գնահատման համակարգը: Գիտեք, չէ՞, որ ցածր դասարաններում հիմա գնահատականներ էլ չեն նշանակում, դա նշանակում է, որ մեր երեխաների մոտ ընդհանրապես ուսման նկատմամբ ձգտումը, կարելի է ասել, մեռցնում են, որը շատ վատ ազդեցություն է ունենում: 

Սա միայն իմ կարծիքը չէ, բազմաթիվ ուսուցիչներ, որոնք հենց այդ տարրական դասարաններում են դասավանդում, ասում են, որ երեխաների մոտիվացիան ընդհանրապես ընկել է, այսինքն՝ սրանով մենք նպաստում ենք, որ կրթության որակն ավելի ընկնի, որովհետև եթե երեխան գնահատական չի ստանում ու չի համեմատվում մյուսների հետ դասարանում կամ նույնիսկ իր հետ որոշ ժամանակ առաջ ու հետո, ապա նրա մոտիվացիան աստիճանաբար դադարում է։ Սա էլ գնահատականներ չլինելու շարունակությունն է, հիմա էլ մեդալ չենք տալիս։ 

– Բայց այդ մեդալը արդեն իսկ որևէ առավելություն չէր տալիս շրջանավարտին, եթե անգամ նա դա վաստակեր։

– Այո՛, ես ասացի, որ դա, ըստ էության, երկրորդ փուլն էր, երբ տրվում էր մեդալ, բայց ընդունելության քննություններում առավելություն չէր տալիս: Բայց միևնույն է, սովորողները ձգտում էին դրան, դիմում էին, ակտիվություն կար, ու դա նպաստում էր նրան, որ իրենք ավելի լավ պատրաստվեին, սովորեին, որպեսզի ունենային այդ մեդալը, օրինակ՝ համեմատվելու ժամանակ ցույց տալու իրենց առավելությունը մյուսների նկատմամբ։ 

– Պարո՛ն Մխիթարյան, իսկ գնահատականը, գովասանագիրը, մեդալը աշակերտին խրախուսելու լա՞վ եղանակներ էին, որ նպաստեին աշակերտի գերազանց առաջադիմությանը։

– Այո՛, դրանցով իհարկե չի սահմանափակվում խրախուսումը, բայց դա խրախուսման լավ միջոց է, որովհետև դա ճանաչված է ոչ միայն դասարանում, դպրոցում, այլ նաև՝ ամբողջ հանրապետության մասշտաբով։ Հիմա մենք այդ ճանաչելիությունը, ըստ էության, վերացնելու ենք։ 

– Իսկ ի՞նչ այլընտրանք պետք է նախարարությունը առաջարկի փոխարենը, երբ գործող խրախուսական միջոցները հանում է։

– Օրինակ՝ արտերկրում լավ սովորող երեխաները դպրոցական հասակից սկսում են կրեդիտներ հավաքել իրենց բուհական ուսումնառության համար։ Նրանք ավագ դպրոցում հնարավորություն ունեն ընտրել այնպիսի առարկաներ, որոնք հետագայում կարող են բուհում չանցնել: Սա նրանց հնարավորություն է տալիս իրենց հասակակիցների համեմատ շատ ավելի արագ յուրացնել ծրագիրը, օրինակ՝ դպրոցն ավարտելուց հետո մեկը կարող է բուհն ավարտել երեք տարում, մյուսը՝ վեց, որովհետև նա դպրոցական տարիքից սկսած սկսում է կրեդիտներ հավաքել, ինչն իր կյանքը հեշտացնում է համալսարանում։ Այս մեխանիզմը կարելի է կիրառել մեզանում։ 

– Մարդիկ, որոնք կողմ են, որ աշակերտները չգնահատվեն, մեդալներ չլինեն, նշում եմ, որ դա լավ է, քանի որ բարձր գնահատականները, նույն մեդալի տրամադրումը հիմնականում եղել են ոչ օբյեկտիվ ու արդար ճանապարհով։ Մարդկանց այս մտահոգությունը արդարացված համարո՞ւմ եք, պարո՛ն Մխիթարյան։

– Չեմ կարող բացառել, որ նման դեպքեր եղել են, բայց մյուս կողմից՝ դա ավելի մեծ վնաս է, որովհետև դրանով մենք ընդհանրապես չենք առանձնացնում ձգտում ունեցողին, իսկ մեր նպատակը հենց դա է, որպեսզի երեխաների մոտ ձգտումը ավելի ավելացնենք դեպի կրթություն, ուղղակի այդ ձգտումը մենք հիմա գլխատում ենք։ Լավ սովորողի մոտ այդ ձգտումը նվազելու է, որովհետև մտածելու է՝ եթե չեն գնահատում, ինքը նույն կարգավիճակում է գտնվում, ինչ այն մյուսը, որ մի կերպ պետք է ավարտի։ Եթե սրանց միջև մենք տարբերություն չենք դնում, նշանակում է, որ չենք խրախուսում լավ սովորելը, ձգտումը դեպի լավ ու որակյալ կրթությունը։ 

– Այսինքն՝ այլընտրանք, այնուամենայնիվ, նախարարությունը պետք է առաջարկե՞ր։

– Ուղղակի պետք չէր հանել, նույնիսկ եթե առավելություն չէր տալիս, բայց հանելու իմաստը ո՞րն է, ի՞նչն էր խանգարում, որ մեդալակիր շրջանավարտներ ունենայինք, առավելևս, որ բոլորս հաստատում ենք, որ, այո՛, վերջին շրջանում դա որևէ առավելություն բուհական ընդունելության ժամանակ չէր տալիս, իսկ հիմա այդ ձգտումն էլ լրիվ կորցնելու ենք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am