Այրվող տներ, խուճապ, զանգվածային տեղաշարժ․ «Ակնհայտ է, որ ունենք պարզապես պետության բացակայություն»

Քարվաճառից Վարդենիս տանող ավտոմայրուղու վրա զանգվածային տեղաշարժ է, մարդիկ Արցախից իրենց իրերն են տեղափոխում․ այն, ինչ հնարավոր է՝ անգամ խոտ, վառելափայտ, ընտանի կենդանիներ։

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը Արցախից «Մեդիալաբին» պատմում է, որ մարդիկ խուճապի մեջ փորձում են իրենց տներից իրերը դուրս հանել և մեքենա գտնել դրանք տեղափոխելու համար։ 

«Մարդիկ չեն հասցնում ամբողջովին հանել իրենց իրերը, մի մասը թողնում են տանը, մեքենաներ չեն ճարվում, բավարար թվով բեռնատար մեքենաների պակաս կա»,- ասում է «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը։

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեց, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Համաձայնագրով Ադրբեջանի կազմի մեջ են անցնում մինչ այս զբաղեցրած դիրքերը, Ղարաբաղի 7 շրջանների վերահսկողությունը։ 

Ստորագրված հայտարարության համաձայն` նոյեմբերի 15-ին Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի (Քարվաճառ) շրջանը:

Ղարիբյանի խոսքով՝ մարդկանց մեջ անհանգստություն և խուճապ կան։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 6-ին, ճանապարհը փակվելու է, և այդ պատճառով բոլորը շտապել են իրենց իրերը դուրս բերել․ 

«Այնինչ Արցախի նախագահն ասաց, որ ճանապարհը մնալու է հայկական կողմի վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը իրազեկված չէ, որովհետև Արցախում բջջային կապը խաթարվել էր, ինտերնետ կապը՝ ևս, և կարծես թե հնարավոր չի եղել դեռ վերականգնել, այդ պատճառով էլ մարդիկ ինֆորմացիայի պակաս ունեն»,- նշում է Ղարիբյանը։

Արման Ղարիբյանը պատմում է, որ Շահումյանի շրջանում՝ ճանապարհին, առնվազն այրվող  4 տուն և մեկ հավաբուն է տեսել։ «Մարդիկ կան, որոնք վստահ են, որ չեն վերադառնալու։ Ոմանք էլ իրենց տունը չեն այրում, չեն վնասում, ոչ մի բան չեն կոտրում՝ մտածելով, թե գուցե մի օր վերադառնան, գուցե որպես ամառանոց օգտագործեն տունը, բայց մեծ մասը հույս չունի»,- ասում է նա։

Չարեքթար գյուղից մի տղամարդ ասում է՝ եթե Արայիկ Հարությունյանը հանում է իր ՀԷԿերը տարածքից, մենք ինչո՞ւ պիտի մնանք մեր տանը, ուրեմն տարածքը հանձնելու են…Նա հոր գերեզմանի քարն էլ է տեղափոխում, որ ադրբեջանցիք չպղծեն…

Posted by Arman Gharibyan on Saturday, November 14, 2020

Նրա խոսքով՝ ոմանք ստիպված են եղել նաև իրենց անասունները վաճառել չափազանց էժան, միայն թե տեղափոխման խնդիր չունենան կամ ստիպված չլինեն այնտեղ թողնել: 

«Օրինակ՝ Նոր Գետաշեն գյուղերից մեկի բնակիչը ստիպված է եղել իր 6 կովը և 4 հորթը վաճառել ընդամենը 1 միլիոն դրամով, այնինչ մեկ կովի գինը 350-400 հազար դրամ է։ Իհարկե ընթացքում գտնվում են առիթից օգտվողներ, որոնք գալիս են, էդ խեղճ մարդկանց խուճապահար վիճակից օգտվելով՝ չափազանց էժան ձեռք են բերում այդ կենդանիները և տեղափոխում Հայաստան»,- նշում է Ղարիբյանը։

Նա ասում է, որ իրեն շատ է տպավորել, երբ բնակիչներից մեկը, տեղափոխման խնդրի պատճառով, տնից դուրս գալիս գրքերի մեծ հավաքածուն թողել է տանը:

«Մի տղամարդ դուրս էր գալիս իր տնից, ասեց՝ շատ է ափսոսում, որ իր գրքերի հավաքածուն ստիպված է թողնել, հայերեն 400 գիրք ուներ, որ թողեց իր տանը»,- նշում է նա։

Ղարիբյանի խոսքով՝ խուճապ չառաջանալու, ինֆորմացիան ժամանակին ու ճշգրիտ տեղ հասցնելու և ամեն ինչ կազմակերպված իրականացնելու համար անհրաժեշտ էր, որ պետությունը լիարժեքորեն զբաղվեր։

https://www.facebook.com/arman.gharibyan/videos/10222299322824981

«Մարդիկ, որ առանց այդ էլ տուժել էին և տուժելու են, չպետք է է՛լ ավելի տուժեին այս խառնաշփոթ վիճակից։ Եվ ակնհայտ է, որ ունենք պարզապես պետության բացակայություն։ Սա և՛ Արցախի իշխանությունների մասին եմ ասում և թե՛ Հայաստանի»,- ընդգծում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am