«Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ». Արմեն Աշոտյանը «Նորավանքի» հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին

«Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ». Արմեն Աշոտյանը «Նորավանքի» հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին
«Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ». Արմեն Աշոտյանը «Նորավանքի» հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե պաշտոնական նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, թե իր տեղեկություններով կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմադրամը:

«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները ամապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմադրամի լուծարումը, որը հանդիսանում է ՀՀ-ում փորձագիտական-վերլուծական գործունեություն իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկը:

Այն Հայաստանի պետության մասնակցությամբ միակ «ուղեղային» կենտրոնն է (think-tank):

2000 թվականից առ այսօր հիմնադրամը հաստատել է կապեր միջազգային կառույցների հետ, համագործակցել է տարբեր պետական կառույցների ՝ այդ թվում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ խթանելով տվյալ կառույցների հետազոտական գործունեությունը, օժանդակելով նորարարական մշակումներին և ռազմավարական որոշումների կայացմանը»,- գրել է Աշոտյանը:

Նա նշել է, թե կառույցն իր աշխատանքներում ունի չօգտագործված ներուժ՝ հատկապես Արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության առումով, սակայն այս հանգամանքը բնավ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս գործունեության դադարեցման համար:

«Գլխացավի դեպքում գլխատումը բուժում չէ: Պարոն վարչապետ, կոչ եմ անում Ձեզ վերանայել Ձեր մոտեցումը՝ առավել մանրամասն ուսումնասիրելով հիմադրամի կատարած աշխատանքները և նշանակությունը Հայաստանում վերլուծական-փորձագիտական մտքի հետագա զարգացման համար»,- գրել է Աշոտյանը: