Պուտինը կոչ է անելու Փաշինյանին՝ միջոցներ ձեռնարկել, որ ԱՄՆ-ն զերծ մնա Ցեղասպանության ճանաչումից. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պուտին-Փաշինյան հանդիպումն է վաղը տեղի ունենալու, որի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված հարցերն ու ինտեգրացիոն գործընթացները: Ընդհանրապես, ինչո՞ւ է հիմա տեղի ունենում այս հանդիպումը, ինչո՞ւ է ընտրություններից երկու ամիս առաջ Փաշինյանը մեկնում Մոսկվա:

– Ես կարծում եմ, որ դա կապված է ապրիլի 24-ին սպասվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ: Ռուսաստանը խնդիր ունի կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, որն իրավական առումով կարգավորված չէ, որովհետև Թուրքիան այդպիսի պահանջ է ներկայացնում ՌԴ-ին: Սա հավանաբար այն օրակարգն է, ինչ կարող է անել Հայաստանը, որպեսզի աջակցի այդ հարցում Թուրքիային: Այդ հարցերը պետք է քննարկվեն Պուտինի և Փաշինյանի միջև:

– Ընտրությունների հարցը նույնպե՞ս կլինի այդ հանդիպման առանցքո՞ւմ:

– Միգուցե դա հետաքրքրում է Փաշինյանին, բայց Պուտինի հետաքրքրությունն առնչվում է Ցեղասպանության ճանաչման հարցին, և, կարծում եմ, որ Ռուսաստանը կոչ է անելու Հայաստանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել, խնդրել ԱՄՆ-ին, որ ԱՄՆ-ն զերծ մնա նման գործողություններից:

Թուրքիան այդ գործողությունները դիտարկում է որպես իրավիճակն ապակայունացնող գործողություն, և, հավանաբար, նույն կերպ էլ Ռուսաստանն է փորձելու դա ներկայացնել Փաշինյանին, որ Հայաստանի դերակատարությունն իրենք օգտագործեն հայկական հարցի դեմ:

Ավանդական վիճակ է դա, առաջին անգամ չէ մեր նորագույն պատմության մեջ, և, առհասարակ, Մոսկվայի պայմանագիրը հենց այդ հիմնաքարի վրա է կառուցված, որ Ռուսաստանը և Թուրքիան մերժում են Թուրքիայի պատասխանատվությունը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության համար: Ռուսաստանը այս 100 տարիների ընթացքում մշտապես այդ հարցում աջակցել է Թուրքիային:

– Ի՞նչ է սպասվում նախընտրական այս շրջանում, և ո՞ւմ շուրջ է քաղաքացին համախմբվելու:

– Ես կարևորում եմ այս ընտրությունները որպես հնարավորություն մեր քաղաքացիներին՝ ելք ցույց տալ այս իրավիճակից, և շատ կարևոր է, որ մարդիկ, ձեռք բերելով տեսլական, նաև հոգեբանական առումով կարողանան ամրապնդվել: Հարվածը, որ մենք ստացել ենք, շատ ծանր է եղել, առայսօր մեր հանրությունը գտնվում է այդ հարվածի ազդեցության տակ, և շատ կարևոր է, որ երկիրը ձեռք բերի տեսլական: Մարդիկ տեսնեն, որ կա ապրելու, պայքարելու ճանապարհ, և իրենց մեջ ուժ գտնեն ասելու՝ ո՛չ պարտվողականությանը:

– Անցկացվող հարցումները ցույց են տալիս, թե որ ուժը կլինի առաջին հորիզոնականում, երկրորդում որ ուժը կլինի զգալի տարբերությամբ: Ձեր կարծիքով՝ ի վերջո, ունենալո՞ւ ենք վարչապետի փոփոխություն այս ընտրությունների արդյունքում:

– Իմ կարծիքով՝ այո՛: Ըստ էության, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի 2018-ին ունեցած ընտրազանգվածը կիսվել է երկու մասի: Մի մասը, որ 2018-ի դեկտեմբերին քվեարկել էր «Իմ քայլը» դաշինքին, հիասթափված է թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ այդ քաղաքական ուժից:

Բնականաբար, այդ մարդիկ կքվեարկեն այն թեկնածուների օգտին, ում մեջ կտեսնեն երաշխիք, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները կամ դրանց դրածոները չեն վերադառնա: Ես կարծում եմ, որ այդ հարցումները իրականում ցույց են տալիս, որ կա անհայտ թեկնածու, որը մեծ ներուժ ունի հակառակորդ դառնալու Նիկոլ Փաշինյանին: Այդ թեկնածուն, բնականաբար, նախկին ռեժիմի ներկայացուցիչներից չէ:

– Հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանը գլխավորելու է երկու կուսակցությունների դաշինքը: Նա անընդհատ խոսում է հաղթելու հավանականության մասին: Ձեր կարծիքով՝ չափազանցված չե՞ն նրա գնահատականները սեփական հնարավորությունների մասին:

– Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք 2018 թվականին քվեարկել են «Իմ քայլը» դաշինքին, կարող են հունիսի 20-ին կողմ քվեարկել Ռոբերտ Քոչարյանին: Հարցումները ցույց են տալիս, թե ինչքան աջակցություն կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի տոկոս: Եթե նախկին ռեժիմի բոլոր քաղաքական միավորները միանան, դա կարող է 10-15 տոկոս կազմել:

Բայց մեր ժողովրդի մեծ մասը, որն աջակցում էր հեղափոխությանը, կրում է իր մեջ հեղափոխության արժեքները, այդ կուսակցություններին քվե չի տա: Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանին այլընտրանքային թեկնածուն լինելու է ոչ նախկին ռեժիմի շարքերից:

– Կարողանալո՞ւ է այդ ոչ նախկին ռեժիմի շարքերից այլընտրանքային թեկնածուն լուրջ մրցակից լինել Նիկոլ Փաշինյանի համար:

– Նիկոլ Փաշինյանի համար նախկին ռեժիմի շարքերից ոչ մի թեկնածու լուրջ մրցակից չի կարող լինել: Համենայնդեպս, հարցումները այդ մասին են վկայում:

Մանե Հարությունյան

MediaLab.am