Կորոնավիրուսով ծանր հիվանդների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում են 63-ը. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով ծանր հիվանդների թիվը 135 է, ծայրահեղ ծանր՝ 63, իսկ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 15 մարդ:

Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսինքն՝ թվերի աճին զուգընթաց աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը: Եվ սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել: Ինքնին հաստատված դեպքերն այդքան վտանգավոր չեն, եթե մենք չունենայինք ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քաղաքացիներ:

Եվ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող որևէ քաղաքացի զրկված չլինի բուժման հնարավորությունից մեր վերակենդանացման բաժանմունքներում: Դեռևս մենք այդ ճնշմանը կարողանում ենք դիմանալ, բայց պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ ճնշումը չավելանա»,- ասաց նախարարը:

Նա ևս մեկ անգամ բնակչությանը հորդորեց խստորեն պահպանել անվտանգության կանոնները: