Ոստիկանությունը բերման ենթարկեց առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող մի քանի երիտասարդի

Ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ երիտասարդների, ովքեր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին անցկացնում առողջապահության նախարարության դիմաց:

Ակցիայի անդամները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ բերման է ենթարկվել չորս անձ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:

Նախարարության դիմաց ակցիա անցկացնող երիտասարդները կոչ էին անում նախարարի պաշտոնակատարին իջնել իրենց մոտ և պատասխաններ տալ՝ ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ իրենց հարցերին։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: