«Հարութը մեր ընտանիքի ուրախությունն ու արևն էր». մայրն ասում է՝ էլ ի՞նչ ընտանիք, առանց երազանքի են մնացել, առանց վաղվա հույսի

«Հիմա տունը դատարկ ա, հիմա մենակ եմ, ընտանիքս գլխիվայր շուռ ա եկել» 

43-ամյա Նատալյա Դավթյանը հուզմունքով է հիշում 2020-ի մարտի 8-ը, ասում է՝ ավագ որդին իր բնավորության համաձայն անակնկալ էր մատուցել բանակից՝ զինվորական համազգեստով տորթ ուղարկել մորը՝ որպես շնորհավորանք։ 

«Շատ յուրահատուկ էր Հարութը, շատ ուշադիր, բանակ գնալուց առաջ ախպորը փող էր տվել, ու ամեն առիթի էդպիսի անակնկալ էր անում։ Մեր ընտանիքի ուրախությունն ու արևն էր»,- ասում է ու հուզվում մայրը։

19-ամյա Հարութ Հովհաննիսյանը 9 ամիս է հասցրել ծառայել բանակում, 9-րդ ամիսը լրանալուն պես հակառակորդի դեմ պայքար մղելիս զոհվել է Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքից Տող գնալու ճանապարհին։

«Հունվարի 21-ին զորակոչվեց բանակ, 9 ամիս հետո՝ հոկտեմբերի 21-ին զոհվեց։ Պատերազմի 24 օրերի ընթացքում եղել ա թեժ կետերում, հասցնում էր, խաղաղ պահ էր որսում ու խոսում էր մեզ հետ։ Միշտ ասում էր, թե ամեն ինչ նորմալ ա, իրենց մոտ կռիվ չկա, երբեք իր տեղը չասաց, բայց հետո ընկերներից իմացանք, որ կռվել է Ֆիզուլիում, Հադրութում, Մարտունիում»,- նշում է Նատալյան։

Նատալյան ասում է՝ երբեք մտքով չէր անցնի, որ որդին պատերազմում կզոհվի, ասում է՝ եթե անգամ ամուսինը այդպիսի վախ էր զգում, ապա ինքը մշտապես հավատում էր, որ որդին ողջ-առողջ կգա։

«Չէի պատկերացնում, որ կկորցնեմ տղայիս, իմ մեջ հավատը առ Աստված չափից դուրս էր, Հարութս էլ աստվածապաշտ էր, չէի պատկերացնում, որ Աստված կարա անզոր լինի»,- հուզմունքով ասում է Նատալյան ու նշում, որ որդու զոհվելուց 2 օր անց՝ հոկտեմբերի 23-ին, ստացել են ողբերգական լուրը։ 

«Հոկտեմբերի 22-ի երեկոյան բերել էին մեր մարզկենտրոն՝ Եղեգնաձոր։ Բոլորը երեկոյան արդեն գիտեին, առավոտյան հարազատները էկան մեր տուն, ու մենք հասկացանք․․․»- ասում է Նատալյան ու նշում՝ մինչև օրս էլ իրենց համար մութ է մնում, թե ինչպես է դեպքը եղել։

«Դրախտիկից Տող նահանջի հրաման են ստացել։ Մեզ համար մինչև օրս հանելուկ ա մնացել իրանց դեպքը… Պատմում են, թե մառախուղ ա եղել, մեքենան փչացել ա, ուրիշ մեքենա են կանչ տվել, իրանց աֆիցերներն են եկել իրենց սեփական մեքենաներով, մի մեքենան անցել ա, մյուսին դիվերսիան հանդիպել ա»։

Նատալյայի խոսքով՝ հոկտեմբերի 22-ից սկսած իրենց կյանքը մղձավանջի է վերածվել։ Ամենուր և ամեն վայրկյան որդուն են փնտրում, առանց Հարութի կյանքը դատարկվել և իմաստազրկվել է:

«Հարութը մեր ամբողջ բարեկամության արևն էր, ամենահեռավոր հարազատի հետ էլ կապը պահում էր, դարպասից մտնում էր, արդեն վերջ, ծիծաղով ու երգով էր տունը լցնում, առանց «ս»-ի ոչ մեկի հետ չէր խոսա՝ մամաս, տատիս։

Հիմա տունը դատարկ ա, հիմա մենակ եմ, ընտանիքս գլխիվայր շուռ ա եկել։

Հացը պատրաստում ենք, սուրճը պատրաստում ենք՝ լացելով, էլ ի՞նչ ընտանիք, ի՞նչ երազանք, առանց երազանքի ենք մնացել, առանց վաղվա հույսի։ Սա ապրե՞լ ա»։

Մոր պատմելով՝ Հարութը ոչ միայն ամենուր լույս էր ճառագում, հումորով էր և ընկերասեր, նաև շատ լավ սովորել է, մասնակցել օլիմպիադաների, «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղին, որտեղ գրավել է առաջին հորիզոնականը։ Մինչև բանակ գնալը ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի «Մարքեթինգ» բաժինը՝ սկզբում վճարովի, այնուհետև տեղափոխվել անվճար բաժին, ուսխորհրդի անդամ է եղել, շատ ակտիվ, մասնակցել է գիտաժողովների, ստեղծագործել է և բոլորին հայտնի էր որպես КВН-ի Հարութ։

«Շատ հումորով էր, մասնակցել էր КВН-ի մրցույթի, և իրենց խումբը գրավել է առաջին տեղը։ Համալսարանից էդ գավաթը ուղարկեցին մեր տուն, ասացին՝ դա իր հաղթանակն է, իր անկյունում պետք է լինի։ Իրեն ծրագիրը տալիս էին, ինքը իմպրովիզներ էր անում, իմպրովիզներով էլ առաջին տեղը գրավեցին»,- հպարտությամբ, բայց սրտի ցավով պատմում է որդեկորույս մայրը։

Նատալյան ասում է՝ այժմ ապրում են որդու նկարները նայելով, նրա բանաստեղծությունները կարդալով, որդու ընկերների տեսակցություններով և նրա մասին հուշերով։ 

«Ուր գնար՝ լույս էր ճառագում։ Համալսարան մտնես, հարցնես՝ մարքեթինգի, КВН-ի Հարութ՝ գիտեն։ Ամբողջ Վայքը նույնպես չի համակերպվում Հարութի կորստի հետ։ Մինչ հիմա ընկերները առիթներին գալիս են, զանգում են, Երևան եմ գնում, պարտադիր գալիս-հանդիպում են։ Առանց Հարութի շատ դժվար է։ Գոյատևում ենք, որ գնանք շիրիմին, անտեր չմնա»,- ասում է 43-ամյա կինը։

Հարութ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Հուղարկավորված է Վայքում՝ ընտանեկան գերեզմանոցում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am