«Քոչարյանը մի անգամ շատ մեծ հանրահավաք բեմականացրեց, ինչի շնորհիվ Փաշինյանը ստացավ 53% ձայն». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է անում մարդկանց նոյեմբերի 8-ին գնալ Ազատության հրապարակ, մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, որով, ըստ նրա, սկիզբ է դրվելու հանրային ընդվզմանը: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության այս նախաձեռնությունը:

– Չեմ կարծում, թե հիմա համազգային ընդվզման նախադրյալ կա երկրում, որովհետև ընտրությունները չորս ամիս առաջ են տեղի ունեցել: Գնահատական չեմ էլ ուզում տալ, գործընկերներ են, թող փորձեն, բայց եթե շատ անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ այսօր հանրահավաքային շարժման արդյունավետությանը չեմ հավատում:

– Ինչո՞ւ ընդդիմությունն ավելի վաղ, իրենց խոսքով ասած, համազգային ընդվզման սկիզբ չդրեց, այլ հիմա է անում դա: Այս հանրահավաքի իրական նպատակը ո՞րն է:

– Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը միմյանց հիմնական դաշնակիցներն են, հենց մեկի վիճակը վատ է լինում, մյուսը թիրախավորում է մյուսին, ու փոխադարձորեն փորձում են վարկանիշների բալանս պահել, որպեսզի երկրում իրական ընդդիմություն չձևավորվի: Իսկ ավելի լուրջ՝ նրանք երկուսն էլ ամբողջովին գտնվում են Մոսկվայի ազդեցության տակ, ու խորապես համոզված եմ, որ ռուսական կոնֆիգուրացիայի մեջ են գործում, այսինքն՝ ինքնուրույն որևէ քայլ չեն անում թե՛ Փաշինյանը, թե՛ Քոչարյանը:

– Այդ պարագայում, Հայաստանում հանրահավաքներ կազմակերպելու, այսպես ասած, ռուսաստանյան նպատակը ո՞րն է:

– Դա պետք է հարցնեք «Հայաստան» դաշինքին ու իր մոսկովյան հովանավորներին, իսկ թե ինչո՞ւ է Փաշինյանը գաղտնի պահում՝ ի՞նչ փաստաթղթերի շուրջ են բանակցում, ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվում, դա էլ պետք է հարցնեք Փաշինյանին ու իր մոսկովյան հովանավորներին: Կամ, որպեսզի շատ չտանջվեք, մոսկովյան վստահելի աղբյուրից հարցրեք՝ երկուսի վարքագծի պատասխանն էլ կստանաք:

– Պարո՛ն Սուրենյանց, այնուամենայնիվ, նոյեմբերի 8-ին մարդիկ ինքնակամ կմիանա՞ն ընդդիմությանը:

– Հանրահավաք կազմակերպողը սիրված ընդդիմությունը չէ, չեմ կարող ասել, որ ամբողջովին ինքնաբուխ ներկայություն կլինի, բայց ամեն հանրահավաք էլ իր շարքերում ունենում է և՛ ինքնաբուխ եկածներ, և՛ պարտադրված, և՛ տարբեր մոտիվներով եկածներ: Համենայնդեպս, մի անգամ շատ մեծ հանրահավաք բեմականացրեց Քոչարյանը, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ստացավ 53% ձայն, եթե այս անգամ էլ պետք է շատ մեծ հանրահավաք անի, որից հետո Փաշինյանն օգտվի՝ ցավում եմ:

– Եթե ձեր տպավորությունները իրականությանը համապատասխանում են, ու Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանն իսկապես սինքրոն են աշխատում, ապա այս պահին ո՞վ է ո՞ւմ օգնում և ինչո՞ւ:

– Խոսքս միայն կոնկրետ հանրահավաքի մասին չէր, ընդհանրապես նկատի ունեի: Այսպիսի հարց տամ. Քոչարյանը հանրահավաք անում է, որպեսզի կանխի՞ նոր վտանգավոր փաստաթղթերի ստորագրումը, թե՞ որպեսզի Փաշինյանին անելանելի վիճակի մեջ դնի, որ վերջինս տրվի արտաքին պարտադրանքին: Կոնկրետ հարցադրում է, որի պատասխանը չունեմ:

Խորապես համոզված եմ, որ «Հայաստան» դաշինքը հանրահավաքն անում է Փաշինյանի մանևրելու հնարավորությունը սահմանափակելու նպատակով: Արդեն ասացի, որ երբ Մոսկվան ունենում է կոնկրետ նախաձեռնություն, թե՛ Հայաստանի իշխանությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվածներին կարողանում է որոշակի վարքագծային կանոն թելադրել:

– Այսինքն՝ Մոսկվայի՞ն է պետք, որ Փաշինյանը մանևրելու հնարավորություն չունենա: Նպատակը ո՞րն է, եթե այդպես է:

– Այո՛, բայց կդժվարանամ ասել, թե ի՞նչ կոնկրետ նախաձեռնության համար է այն պետք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am