ՍԴ դատավորի երկու թեկնածուի վերաբերյալ արդեն դիրքորոշում ունեմ, իսկ մյուսին հարցեր ունեմ․ «Իմ քայլի» պատգամավոր

«Մեդիալաբ» հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ

– Տիկի՛ն Բաղդասարյան, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երեք պաշտոնների համար առաջադրված թեկնածուները հայտնի են։ Դուք ունե՞ք արդեն ձևավորված դիրքորոշում այդ թեկնածուների վերաբերյալ։

– Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, հանրապետության նախագահը, ըստ կարգի, սահմանված ժամկետում արդեն առաջադրել են թեկնածուներին։

Ինչպես գիտեք, նախագահն առաջադրել է այն թեկնածուին, որին մեկ անգամ Ազգային ժողովը դեմ քվեարկեց։

Ըստ կարգի՝ Ազգային ժողովը հնարավորություն կունենա լսել թեկնածուներին և նրանց ուղղել հարցեր, որից հետո մենք կկողմնորոշվենք ընտրության հարցում։

Նախկինում նաև ունեցել ենք այդպիսի պրակտիկա, երբ առանձին թեկնածուների հետ խմբակցությունները առանձին հանդիպում են ունեցել, որոնց ընթացքում բարձրացվել են թեկնածուներին ուղղված ամենատարբեր հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Քանի որ այժմ Ազգային ժողովը արձակուրդում է, դեռ նման հանդիպումներ չկան, բայց կարծում եմ՝ շուտով կլինեն։ Ես կարող եմ ասել, որ թեկնածուների զուտ կենսագրություններին ծանոթանալով, աշխատանքային ուղու մասին իմանալով, մնում են շատ հարցեր, որոնք նպատակահարմար կգտնեի անձամբ ուղղել տվյալ պաշտոնյային։ 

Սահմանադրական դատարանը կարևոր առանցքային մարմին է, և թեկնածուն ոչ միայն պետք է ունենա բարձր մասնագիտական, այլ նաև բարոյական որակներ։ Դա ինձ համար խիստ կարևոր է։

Ինչպես գիտեք, ՍԴ դատավորների ընտրությունը տեղի է ունենում փակ, գաղտնի քվեարկությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր պատգամավոր ընտրում է իր խղճի և համոզմունքների համաձայն։

Անկեղծ ասած, գոնե երկու թեկնածուի պահով ես կողմնորոշում ունեմ, թե ինչպես կքվեարկեմ, իսկ երրորդի պահով հարցեր ունեմ նրան ուղղելու, որ որոշում կայացնեմ։ Գիտեք՝ հաճախ մարդու կենսագրականը կամ լավ մասնագիտական ուղին դեռ բավարար չէ նրան պատվիրակելու այսպիսի բարձր պաշտոնի։

Բնականաբար, այստեղ հաշվի են առնվում սկզբունքայնությունը՝ արդյոք այդ մարդը կարո՞ղ է լինել Սահմանադրության ոգին և երկրում սահմանադրականությունը պահպանող անձ։

Երեք կամ չորս տարի հետո, երբ ժամկետի ավարտով դադարեցնեմ իմ պատգամավորական գործունեությունը, բայց այդ մարդուն ես պատվիրակելու եմ Սահմանադրական դատարան, որտեղ նա պաշտոնավարելու է 12 տարի։ Բավականին պատասխանատու է այդպիսի պաշտոնում մարդուն ընտրելը։ 

– Դուք ասացիք, որ երկու թեկնածուի նկատմամբ արդեն դիրքորոշում ունեք։ Դա վերջին շրջանի քննարկումների արդյունքո՞ւմ է ձևավորվել։

– Դիրքորոշումս՝ առանց ասելու դրական թե բացասական, հստակ է նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանի նկատմամբ, որովհետև առիթ ունեցել ենք նրան լսելու։ Եվ որոշակի կողմնորոշվածություն ունեմ թեկնածուներից մեկի հետ կապված՝ հաշվի առնելով իր մասնագիտական գործունեությունը, որոշակի որակները և հանրության մեջ տեղ գտած նրա համբավը։ 

– Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՞ն նկատի ունեք։

– Եկեք այսօր անուններ չտանք, որովհետև ամեն դեպքում, ուզում եմ դարձյալ կրկնել՝ մարդկանց մասնագիտականից զատ, պետք է հաշվի առնել նաև անձի բարոյական կերպարը։

ՍԴ դատավորի պաշտոնը այնպիսի պաշտոն է, որը ստիպելու է տվյալ մարդկանց զերծ մնալ բազմաթիվ հայտարարություններից, ապաքաղաքականացված սկզբունքայնություն ձեռք բերել և չունենալ այնպիսի կաշկանդվածություն, որը թույլ կտա ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել և հետագայում այդ պաշտոնում լավագույնս արդարացնել իրեն։ Ես պնդում եմ, որ Հայաստանում Սահմանադրական դատարանում պետք է լինեն սկզբունքային, անկաշառ և բարոյական բարձր հատկանիշներ ունեցող անձինք։

– Թեկնածուներից Արթուր Վաղարշյանի վերաբերյալ դիրքորոշում Ազգային ժողովը մեկ անգամ հայտնել է։ Տարօրինակ չէ՞ր, որ ՀՀ նախագահը երկրորդ անգամ ևս առաջադրեց նրան, արդյոք հեգնանք չէ՞ դա Ազգային ժողովի նկատմամբ։ 

– Բնավ, մեկ պարզ պատճառով: Եթե հիշում եք՝ Վահե Գրիգորյանին նույնպես երկու անգամ նախագահը ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածու․ մի դեպքում Վահե Գրիգորյանը չընտրվեց, երկրորդ դեպքում ընտրվեց։ Այսինքն՝ մենք այս պրակտիկան ունեցել ենք։

– Այն ժամանակ նախագահը նույն թեկնածուին տարբեր Ազգային ժողովների էր ներկայացրել։

– Այո՛, բայց ես առաջադրման պահն եմ ասում, Ազգային ժողովի գործառույթի մասին չեմ խոսում։ Ինձ համար թերևս անսպասելի չէր այդ մոտեցումը, հավանաբար այն չափորոշիչները, որոնք ՀՀ նախագահի կողմից դրված են եղել, պարոն Վաղարշյանը բավարարել է։

Որևէ խնդիր չեմ տեսնում։ Ի վերջո, ՍԴ դատավոր ընտրելու համար պահանջվում է որակյալ մեծամասնության կողմ ձայնը, և ինձ համար միշտ կարևոր է եղել, որ նման բարձր պաշտոններում թեկնածուների ընտրության հարցում լինի քաղաքական կոնսենսուս։ Կարևոր է, որ մյուս խմբակցությունները վստահություն ունենան առաջադրվող թեկնածուի նկատմամբ։

Մենք ուզում ենք այդ մարմինը դարձնել ապաքաղաքական, և մեզ իսկապես պետք են սկզբունքային մարդիկ։

– Մասնագիտական հանրությունը արդեն դիրքորոշում է հայտնել առաջադրված թեկնածությունների վերաբերյալ՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու են հենց նրանք առաջադրվել։ Ձեզ մոտ հարցեր չե՞ն առաջացրել այդ առաջադրումները։

– Եթե ես հիմա տեսակետ հայտնեմ այդ ամենի հետ կապված, դա կարող է քննադատություն դիտվել պետական ինստիտուտների առաջադրած թեկնածուների նկատմամբ, ինչը էթիկապես իմ կողմից ճիշտ չի լինի։ Ես վստահ եմ, որ Ազգային ժողովն իր ասելիքը կունենա։

Առաջին դեպքը չէ, երբ թեկնածուն, հատկապես կառավարող ուժի կողմից առաջադրված, գալիս-հասնում է Ազգային ժողովի դահլիճ ու չի ընտրվում։ Որևէ թեկնածուի առաջադրումը դեռ ոչինչ չի նշանակում։ Մարդիկ օգտվել են իրենց իրավունքից, իսկ ԱԺ-ն ունի իր որոշիչ դերը, ասելիքը, և դա կարտահայտի փակ, գաղտնի քվեարկությամբ։ 

– Այս դեպքում հնարավո՞ր է՝ որևէ թեկնածու չընտրվի։ 

– Իհարկե, ես ոչինչ չեմ բացառում։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am