«Իրականությունից ամբողջովին դուրս ապրող ազգ ենք դարձել, եւ այստեղ արթուրները չէին կարող որևէ բան անել». Արմեն Մովսիսյան

«Իրականությունից ամբողջովին դուրս ապրող ազգ ենք դարձել, եւ այստեղ արթուրները չէին կարող որևէ բան անել». Արմեն Մովսիսյան
«Իրականությունից ամբողջովին դուրս ապրող ազգ ենք դարձել, եւ այստեղ արթուրները չէին կարող որևէ բան անել». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը:

– Պարո՛ն Մովսիսյան, այսօր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցն է։ Ի՞նչ փոխեց նրա գալուստը մեր իրականություն, ի՞նչ փոխվեց նրա հեռանալով։

– Արթուրը երկրի սովորական քաղաքացի էր, ով հանկարծ մեզ բոլորիս հիշեցրեց, որ մեր մեջ կարող է նաև լինել սրտացավություն, մեկը մյուսին ձեռք մեկնելու հատկություն։ Արթնացրեց մարդու ամենալավ հատկանիշները։ Նա հուշեց, որ, ի վերջո, ամեն ինչ միանշանակ չէ, որ բոլորը խաբում են, բոլորը ուտում են, որ բոլորը սրիկա են, որ մարդկային նորմալ հատկանիշներն էլ մեզանում կարող են տեղ գտնել։ Արթուրը մի լավ օրինակ էր մեզ, թե ինչպես է լինում իսկական հավատքը։

– 2016 թվականից սկսված այդ գործընթացն ընդհանուր առմամբ ի՞նչ փոխեց մեր կյանքում։ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները պնդում են, որ կարողացան Ղարաբաղի հարցում որոշակի զսպաշապիկ լինել, որ տարածքների հանձնում չեղավ և այլն։

– Արթուրը, ունենալով քաղաքական համոզմունքներ, այնուամենայնիվ, քաղաքական դեմք չէր։ Ազատության մեջ եղած ժամանակ նրա հարցազրույցները դիտել եմ, խոհեմ և ճիշտ մարդ էր, մտահոգություններ ուներ երկրի ընդհանուր իրավիճակի հետ կապված, բայց պետք է նշենք, որ Արթուրի քայլն ավելի համամարդկային քայլ էր, ավելի շատ ուղղված էր մեր ներսի մարդու արթնացմանը։ Նաև այդ պահին հաց ու ջրի կարիք ունեին ՊՊԾ գունդը գրաված տղերքը, և ինքն իր քայլով ցույց տվեց, որ տղերքը ազնիվ նպատակով են դուրս եկել պայքարի, և ինքն էլ պատրաստ է իր կյանքի գնով հաց ու ջուր հասցնել տղերքին։

Արթուրի քայլը չէր կարող ընդհանուր վիճակի վրա ազդել մեկ պարզ պատճառով՝ համամարդկային լինելով՝ երկրի քաղաքական կյանքը պետք է ուղղված լինի դրան։ Իսկ որ մեզ մոտ ճահիճ է, ո՛չ այսօրվա հայտնագործություն է, ո՛չ էլ մեկ տարի առաջվա, այդ ճահիճը արդեն շարունակական պրոցես է։ Արթուր երևույթը չէր կարող այդտեղ այն դերն ունենար, որը մենք երբեմն կուզենք պատկերացնել։ Նա շատ արժանավոր մարդ է, և հուսամ, որ այնքան խելք կունենանք, որ միշտ կհիշենք նրա արարքը՝ թեկուզ նշելով նրա մահվան տարելիցը կամ ծննդյան օրը, արժանին կմատուցենք այդ ազնիվ արարքին և կփոխանցենք մեր երեխաներին, որ նաև այս տեսակ հայ կա:

– Ըստ Ձեզ՝ 2016-ի իրադարձություններից իշխանությունը դասեր քաղե՞ց։

– Եթե դասեր քաղեր, մի քիչ ավելի մարդկային դեմք կընդուներ։ Այսօր անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների մի մասն առողջական խնդիրներ ունի։ Այսօր իմացա, որ առաջին անգամ բժշկական փորձաքննություն են անցկացնում Կարո Եղնուկյանի համար, ով անընդհատ բարձր ճնշում ունի, ինչը կյանքի համար վտանգավոր է, և իրեն քաշքշում են այսկողմ-այնկողմ։ Այս ամենը հույս չի ներշնչում, որ իշխանությունն ավելի մարդկային դեմքով է դարձել։ Ավելին, ես կարծում եմ՝ իրենց անհետաքրքիր է։ Եվ, անկեղծ ասած, ես մտածում եմ, որ իրենք շատ վերևից են նայում ժողովրդին և բառի բուն իմաստով ժողովրդին համարում են խալխ, նույնիսկ արժանի չեն համարում լուրջ վերաբերվել ժողովրդի հույզերին և զգացմունքներին։ Եվ ուղղակի ապրում են՝ իրենց բաժին կյանքը իրենց բաժին խանությունում վայելելով։

– Ի՞նչ եք կարծում, այս վիճակն ինչքա՞ն կպահպանվի, մինչև 2022 թվակա՞նը, մինչև հաջորդ ընտրություննե՞ր։

– Չգիտեմ՝ մինչև 2022 թվականը մեզ ժամանակ կտրվի՞, թե՞ ոչ։ Մեր շանսերից մեկն է կարողանալ հասնել նրան, որ նա չհագնի վարչապետի կոստյումը այս կրկեսում, իսկ եթե ոչ, ապա մինչև 2022-ն էլ, դեռ ավելի էլ կարող է ձգվել այս վիճակը։ Ժողովուրդը լուռ ըմբոստության շրջան է ապրում, քանի որ արդեն կոտրվել է, հոգնել է քաղաքական կրկեսներից, քաղաքական դեմքերից, բոլոր պատեհապաշտներից, ովքեր ընդամենը ման են գալիս իրեն փայ ափսեի պատառը և գործարքի մեջ մտնում իշխանավորների հետ։

Եվ դժվարանում եմ ասել, թե ինչն այսօր կարթնացնի հասարակությանը։ Երևի մեր միացումները ստացվում են ծայրահեղ պահերին, երբ հանկարծ պարզվում է, որ յաթաղանը բոլորիս գլխին է կախված, բոլորս ենք այդ թրի տակ։ Ժողովուրդը, չգիտեմ, ե՛րբ կգիտակցի, որ այս իշխանությունը մեզ դանդաղ սպանում է, և մենք սովորել ենք այս ցավին։ Իրականության մեջ իրենք իրենց ապաշնորհությամբ և ժողովրդին խալխ համարելով գիտակցաբար մեր ժողովրդին ուղղակի դատապարտում են դանդաղ մահվան։ Հիմա բացեիբաց վտանգների շրջան ենք ապրում, իսկ մեր ժողովուրդը կա՛մ ապաշնորհ է, կա՛մ չեն տեսնում այդ վտանգները մեր հարևանների հետ կապված, չեն տեսնում, թե տարածաշրջանում ի՛նչ է կատարվում։

– Նաև Ալիևի հայտարարությունները Երևանը վերցնելու վերաբերյա՞լ, ինչը դարձյալ անարձագանք մնաց։

– Այսօր իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի արտգործնախարարները։ Նայեք ուշադիր՝ ո՛ր երկրներն են, և որտե՛ղ ենք մենք։ Այսինքն՝ արտգործնախարարները հանդիպում են երկրների, որտեղ Հայաստանը որպես սահմանակից երկիր, ուղղակի ներկայացված չէ։ Եվ ինչ էլ հայտարարեն, սա մտածելու առիթ է, կամ մեր իշխանավորները լրիվ ուղեղի մեծ խնդիր ունեն, կամ ուղղակի էշի տեղ են դրել բառի բուն իմաստով։

Հիմա կամ ուրախանում ենք Գլենդելի որևէ փողոց անվանափոխելով, կամ մի աղջնակի մեդալ տալ-չտալով, այսինքն՝ մենք լրիվ շողուլից ընկել ենք, իրականությունից ամբողջովին դուրս ապրող ազգ ենք դարձել։ Եվ այստեղ արթուրները չէին կարող որևէ բան անել։ Այստեղ լրատվամիջոցների մեղքն է նաև, որ մեզ դարձրել են անհասկանալի մասսա, որն իրականության մեջ կտրված է անգամ իր տարածաշրջանային երկրներից, էլ չեմ ասում՝ աշխարհի մակարդակով սկսենք մտածել։

Մանե Հարությունյան

MediaLab.am