Ո՞ւմ են ուղղված Ադրբեջանի ուղերձները. Ադրբեջանագետը՝ Ալիևի պահվածքի եւ հայտարարությունների մասին

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Բաքվում հայ զինվորների հիշատակն անարգող «պուրակի» բացումը, Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների նկատմամբ ի՞նչ զարգացումների մասին են փաստում։

– Ադրբեջանը հրադադարից հետո երբեք չի էլ դադարեցրել իր այդ քաղաքականությունը։ Համենայնդեպս, իրենց քաղաքականությունը ցույց է տալիս, որ շարունակելու են էլ ավելի թեժացնել իրավիճակը և նմանօրինակ հռետորաբանությամբ հանդես գալ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի մակարդակով։

Խնդիրը հիմնականում մեկն է՝ իրենք շարունակում են բոլոր մակարդակներում ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ խնդիրները բացառապես իրենց ձեռնտու հունով կարգավորելու համար։ Դա վերաբերում է թե՛ Սյունիքի «միջանցքի» խնդրին, թե՛ այլ հարցերի։

Ի՞նչ են նրանք ուզում Սյունիքում, ուզում են միջանցք։ Հայաստանի արտգործնախարարության պատասխանում ասվում է՝ միջանցքի մասին խոսք չկա։ 

Կարող է թվալ, թե սա բառախաղ է, բայց իրականում բառախաղ չէ։ Խնդիրը հետևյալն է. ըստ հայկական կողմի՝ այդտեղով կարող է լինել սովորական ճանապարհ, ինչպես Սյունիքով անցնող ճանապարհն է, որով Իրանն իր բեռնատարները տեղափոխում է Վրաստան։ 

Հիմա Ադրբեջանի ուզածը սա չէ, իրենք ուզում են առանձին ստատուսով, կարգավիճակով միջանցք՝ ճանապարհ, որի նկատմամբ իրենք կունենան որոշակի իրավունքներ, վերահսկողություն։ 

Ըստ այդմ՝ իրենք դա փորձում են համեմատել Լաչինի միջանցքի հետ։ Չնայած մեզ ոչ ձեռնտու նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում նշված էր, որ ճանապարհի անվտանգության պատասխանատուն պետք է լինի Հայաստանը, իսկ ռուսական սահմանապահները պետք է լինեն մաքսակետերում։ 

Ըստ այդմ՝ պետք է լինեն ճանապարհներ, որով կարող են անցնել ինչպես Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի բեռնատարները։ Բայց իրենց ուզածը, ինչպես նշեցի, առանձին կարգավիճակով ճանապարհ ու միջանցք ստանալն է։

Ադրբեջանն ուզում է այնպես տանել դետալային գործընթացները, որ դա ամբողջությամբ լինի հակահայկական և զուտ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող։ Հայկական կողմը, դատելով արտգործնախարարության հայտարարությունից, համաձայն չէ դրան։ Բայց արդյոք ՀՀ ԱԳՆ հայտարարության հետ համաձա՞յն են պետության մյուս օղակները, որոնք ներգրավված են պրոցեսում, չեմ կարող ասել։ 

– Ալիևի կողմից հերթական անգամ Հայաստանի տարածքների մասին հիշատակումներն ի՞նչ նպատակ ունեն։

– Ինչ վերաբերում է Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ նկրտումներին, ապա Ալիևն այստեղ բառախաղ է անում։ Ասում է՝ «մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություն չունենք»։ 

Բայց, ըստ էության, շատ պարզ բառապաշարով ինքն ասում է՝ այո՛, միգուցե մենք առայժմ չունենք այդ հնարավորությունը, նաև միջազգային այլ խաղացողների շահերին բախվելու պատճառով, որպեսզի ագրեսիա իրականացնենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա, բայց մենք նպատակ ունենք այդ տարածքներ «վերադառնալու» այն տրամաբանությամբ, որ մենք դա կնվաճենք տնտեսական և ժողովրդագրական բաղադրիչներ աշխատեցնելու միջոցով։

Այսինքն՝ իր այսօրվա ասածն այդ տրամաբությունն ունի, որ իրենք ներկա կլինեն այստեղ, դա չի լինի Ադրբեջանի տարածքում, բայց իրենք կլինեն այստեղ ու անընդհատ կավելացնեն իրենց ազդեցությունը՝ վերջնանպատակ ունենալով ինչ-որ ժամանակահատվածում ամբողջությամբ իրենց տիրապետությա տակ վերցնել։ Այսինքն՝ արդեն տնտեսական ու ժողովրդագրական էքսպանսիայի քաղաքականության մասին էր խոսում այսօր Իլհամ Ալիևը։

– Որքանո՞վ են Ալիևի հայտարարություններն ուղղված ներքին լսարանին։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի ընդդիմությունը դժգոհ է նրանից։ Ներքաղաքական նպատա՞կ ունեն նրա հայտարարությունները։

– Այո՛, նրա հայտարարություններն ունեն նաև բաղադրիչներ, որոնք ուղղված են Ադրբեջանի հասարակությանը։ Կան հստակ մեսիջներ, որոնք ուղղված են մեր հասարակությանը, մեր հասարակության ներսում ճգնաժամը խորացնելուն։ Նաև Ալիևի հայտարարություններն ունեն մեսիջներ, որոնք ուղղված են արտաքին խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը։

Իլհամ Ալիևն նաև նշեց, որ թեև Թուրքիան այս ենթակառուցվածքների բացման հարցով աշխատանքային խմբի կողմ չէ, բայց Ադրբեջանը յուրաքանչյուր քննարկումից հետո այդ քննարկումների մանրամասները տեղեկացնում է Թուրքիային։ 

Այսինքն՝ Ադրբեջանը ներգրավում է Թուրքիային այդ պրոցեսի մեջ։ Հայաստանն ուզի թե չուզի, Ռուսաստանն ուզի թե չուզի, Ադրբեջանի միջոցով Թուրքիան ներգրավված է։ Դա ավելի շատ ուղերձ էր Ռուսաստանին, քան Հայաստանին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am